« ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Հեսու 5, 9-12
Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպես է կոչվում մինչև այսօր։ Այնտեղ իջևանեցին իսրայելացիները։ Իսրայելացիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում, ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադեմին, զատիկ արեցին։ Եվ առավոտյան այդ երկրի ցորենից բաղարջ և աղանձ կերան։ Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և իսրայելացիները այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։
 
Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 5, 17-21
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, և մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության խոսքը։ Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի, որպես թե ինքն Աստված մեզնով կոչ ուղղեր ձեզ. աղաչում ենք հանուն Քրիստոսի, որ հաշտվեք Աստծո հետ. որովհետև նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանո՛վ Աստծո արդարները լինենք։
 
Ղուկաս 15, 1-3.11-32
Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտն էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ Հիսուս նրանց այս առակն ասաց. [...] «Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Հայնժամ ինքն իր մեջ վերադարձավ և ասաց. «Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը»։ Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. և մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց». և սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է։ Եվ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց և ասաց հորը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Անառակ որդին մարդկության պատմությունն է. մարդկություն, որ անկում է ապրել, բայց քայլքի մեջ է. մարդկություն, որ պղծվել է, բայց իր մեջ պահպանում է Աստծո կարոտը։

Տնից հեռանում է, մի օր, երիտասարդը, և գնում է երջանկություն որոնելու. կարծում է, թե երջանկությունը գտնելու է առարկաների և հաճույքի մեջ։ Գտնում է, մինչդեռ, իր մարդկային արժանապատվության նվազումը. ազատատենչ ապստամբը դառնում է ծառա, երազում է իր քաղցը գոնե խոզերի կերած եղջերենու պտուղներով հագեցնել, ենթարկվում է քաղցից մեռնելու վտանգին։

Այդպիսին է մեղքը. առաջարկում է այն ամենը, ինչը որ նվազեցնում է մեր մարդկային արժանապատվությունը։ Եվ սակայն, վերջին նավաբեկության մեջ ևս մնում է ազնվականության մի սրբավայր. «Հայնժամ ինքն իր մեջ վերադարձավ»։ Վերադարձ սեփական անձին, վերադարձ սրտին, դարձ ինքն իրեն ավելի, քան հորը։ Բայց իր իսկ անձի ամենախորին խորքում որդին գտնում է երկու ուժեր. մի կյանքի փափագ («ես այստեղ մեռնում եմ») և հոր պատկերը։

Միմիայն նա, ով փնտրում է կյանքը, կգտնի Աստծուն։

Եվ, ընդհակառակն, կարելի է ասել, որ միմիայն նա, ով իսկապես փնտրում է Աստծուն, կգտնի կյանքի լիությունը։

Եվ այսպես է, որ սկսվում է ճամփորդությունը։ Չի վերադառնում սիրուց մղված, վերադառնում է քաղցից մղված։ Ո՛չ որովհետև զղջացել է, այլ՝ որովհետև մահն այլևս իր կողքով է քայլում։

Ցանկանում է մի բարի տեր ունենալ, դեռևս չի համարձակվում, այլևս չի համարձակվում ցանկանալ մի հայր. «Ինձ որպես քո ծառաներից մեկը վերցրու»։ Կյանք էր փնտրում, կգտնի Աստծուն։

«Հայրը հեռվից տեսավ նրան, հուզված՝ ընդառաջ վազեց նրան, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»։ Եվ չթողեց, որ որդին վերջացնի նախապես պատրաստած խոսքը, որպես ծառա վերադառնալու իր նպատակը։ Խոսքը կտրում է, որպեսզի որդուն հենց այդ գաղափարից հեռացնի։

Հայրը հոգնել է ծառաներ ունենալուց, զավակներ ունենալու փոխարեն։ Գոնե այս հեռավորը, որ վերադառնում է, գոնե սա թող որդի լինի։ Մարդու մեղքը ստրուկ լինելն է, Աստծո որդի լինելու փոխարեն (Ս. Ֆաուստի)։

«Արա՛գ», ասում է, «բերե՛ք մատանին, նոր ու գեղեցիկ զգեստներ, խնջույք պատրաստեցեք, մի մեծ տոն»։ Առակի կենտրոնը Հոր սրտի հայտնությունն է. Իր դեմքին պետք է սևեռենք մեր հայացքը, ո՛չ թե երկու եղբայրների միմյանցից տարբեր, բայց հավասարազոր մեղքերի վրա։ Նրան չի հետաքրքրում դատապարտելը, և ո՛չ իսկ ներելը, Նրան չի հետաքրքրում դատելը կամ հաշիվները հավասարեցնելը, այլ միմիայն՝ բերկրալի, անկործանելի, անպայմանադիր սեր արտահայտելը։ Աստված բացառապես սեր է։

Ավագ որդին վերադառնում է արտերից, տեսնում է և ճգնաժամի մատնվում։ Չի կարողանում իբրև եղբայր ընդունել այդ անառակին («քո այդ որդին», ասում է), չի ընդունում գաղափարը մի հոր, որ խնջույք է կազմակերպում ապստամբ որդու համար (իրոք, առակի ողջ պատմության ընթացքում նրան երբեք «հայր» չի անվանում)։ Ես միշտ հնազանդվել եմ, կատարել եմ քո բոլոր հրահանգները, և ինձ մի ուլ անգամ չի հասել։ Ափսոսանքի ու ավաղումի մարդն է, պարկեշտ ու դժբախտ, որ կորցրել է ապրելու բերկրանքը. չի սիրում այն, ինչ անում է, սոսկ կրում է, և սիրտը բացակա է։

Քանի՜ քանի՜ քրիստոնյաներ այսպիսին են, պարկեշտ ու դժբախտ, «ուլի քրիստոնյաները» (Դ.Մ. Թուրոլդո). «պարկեշտ վարվեցի, ուրեմն ի՞նչ կստանամ դրա փոխարեն», ասում են կամ մտածում։ Ապրում են իբրև վարձկաններ, ո՛չ որպես որդիներ։

Բայց հոր սերը չի սահմանափակվում զավակների արժանիքների չափով, ապա թե ոչ՝ առևտրական սեր կլիներ դա։ Չի չափվում մի ուլով։ Չկա ոչ մի ուլ, կա շա՜տ ավելին, ամբողջը. «Ամեն ինչ, որ իմն է, քոնն է»։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 56-57.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։