« ՋՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՑՆԵԼՈՒ ԱՅՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՋՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՑՆԵԼՈՒ ԱՅՆ »

Խորհրդածություն  Մատթեոս  22, 34֊40 ( « ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ » )  հատվածի շուրջ

 

Ո՞րն է, Օրենքի մեջ, մեծ պատվիրանը։

Բոլորը գիտեին դա. Իսրայելի վարդապետների համաձայն՝ երրորդը. այն պատվիրանը, ըստ որի՝ հարկավոր է սրբացնել Շաբաթ օրը, որովհետև Աստված Ինքն էլ էր պահել Շաբաթ օրվա հանգիստը։

Հիսուսի պատասխանը – ինչպես այն օրը, այնպես էլ այսօր – գնում է անդին. չի մեջբերում տասը պատվիրաններից ոչ մեկը, դրա փոխարեն՝ ավետարանված պատգամի սրտի մեջ դնում է այն նույն բանը, որն ապրում ու տանջվում է բոլորի սրտում։

Դու պիտի սիրես՝ ամբողջ ... ամբողջ ... ամբողջ ... : Երեք անգամ Հիսուսը կրկնում է Իր կոչը` ձգտելու ամբողջությանը, անհնարինին։

Ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով։ Այն ամեն ինչով, որ ունես. այն ամբողջ ուժով, որ կարող ես. այն ամենով, ինչը որ քո ներսում զգում ես, որ ստեղծված է սիրո համար։

Միայն թե չմտածես, թե բավական է սիրել Աստծուն, և վերջ։ Դա փարիսեցիներն էլ  էին անում, տաճարում։ Չես կարող սիրել Աստծուն և անտեսել քույրերիդ ու եղբայրներիդ։ Քո կյանքը կախում չունի քո ունեցվածքներից, այլ՝ քո քույրերից ու եղբայրներից։

Աստված, ահա՛, այնտեղ է՝ փոքրիկների մեջ, մարմնի ու ձայնի մեջ իմ մերձավորի, որի սիրտը նման է Աստծուն, կյանքի ալֆա֊օմեգային, ամբողջովին Ա՛յլին, Ով գալիս է, որպեսզի աշխարհը տարբեր լինի այն իրականությունից, որն այժմ տիրում է։ Քրիստոնյաները նրանք են, ովքեր հավատում են ո՛չ թե մի շարք գիտելիքների, ուսմունքների, պատվիրանների, այլ նրանք, ովքեր հավատալով սիրույն (հմմտ. 1Հվհ 4, 16)՝ իսկապես ապրում են, պատմության մեջ այս մղիչ ուժով զորացած։

«Սիրված ես». սա ողջ Օրենքի սկզբնագիրն է. «Պիտի սիրես». սա ողջ Օրենքի կատարումն է։ Յուրաքանչյուր ոք, ով կտրում է Օրենքը իր այս հիմքից, կսիրի կյանքի հակառակը, այսինքն՝ կսիրի մահը (Փ. Բոշամփ)։

Բայց ինչո՞ւ սիրել իմ իսկ անձի նման։

Որովհետև, եթե չես սիրում ինքդ քեզ, ընդունակ չես լինի սիրելու ոչ ոքի. ընդունակ կլինես միայն վերցնելու և տիրանալու, փախչելու կամ բռնություն գործադրելու, առանց ուրախության և առանց երախտագիտության։

Քանի որ Աստծո հրաշեկ մի բեկոր է սերը։

Մեր հորիզոնն այս բազմաձայն սիրտն է, որի ներսում Աստծո սերը գլխավոր մեղեդին է, առանցքային երգը, որի շուրջը հավաքված՝ կարող է ձայնակցել մյուս սերերի երգչախումբը։ Եվ այսպես՝ ծնվում է կյանքի բազմաձայն համերգը (Բոնհոֆֆեր)։

Վերջում Աստվածաշունչը դառնում է կոնկրետ ու հրահրող. պիտի սիրես մի անշուք, բայց միաժամանակ սրբազան երրորդություն. այրիին, որբին և օտարականին. վերջին հասածին, ցավագարին, դյուրաբեկին։ Եվ եթե դրամ փոխ տաս, չպետք է տոկոս պահանջես։ Եվ ամենաուշը մայրամուտին պետք է վերադարձնես աղքատի թիկնոցը. դա իր կաշին է, իր կյանքը (Ել 22, 20֊26)։ Եվ այդքանը բավական է։

Սերը զինում է և զինաթափում, քեզ դարձնում է տկար` սիրածդ անձի դիմաց, բայց ապա` կարողություն է տալիս լեռները տեղափոխելու։

Պիտի սիրես, ասում է Հիսուսը։ Եվ գործածում է ապառնի ժամանակաձևով մի բայ` որպես երբեք չավարտված ու չավարտվող գործողություն։ Որպես անսպառելի աղբյուր, որ հորդառատ հոսում է մեր ժամանակվա վրա։

Մարդկությունն, ուրեմն, նրա ճակատագիրն ու նրա պատմությունը միայն սա է. Մարդը պետք է սիրի։

Ի՞նչ պետք է անեմ, վաղը, տակավին կենդանի լինելու համար։ Ի՞նչ պետք է անեմ տարեցտարի։ Դու պիտի սիրես։ Եվ սա ամբողջն է։

«Դու պիտի սիրես». սա երջանկության իղձ է, ակնկալիք, բուրմունք և մարգարեություն բոլորի համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։