- 25 - – Գրադարան – Mashtoz.org

- 25 -

Ես հանդիպելու էի «նրան»: Դրանում կասկած չկար:
Երբ մտածում էի նրա մասին, երազներիս թևերով ճախրում էի շա՜տ բարձր, և իմ երկինքն անամպ էր, առանց ստվերների:
Քանի որ սիրո ճամփորդությունը «գեղեցիկ էր», գեղեցիկ կլիներ նաև իմ համար:
Բայց հանկարծակի ու բիրտ կերպով բարձրանում էր կասկածի սաստիկ փչող քամին: Ինձ այն կրկին իջեցնում էր երկիր:
Այդպիսի պահերին, խոչընդոտներից բացի ուրիշ ոչինչ չէի տեսնում: Արդեն ասել եմ, որ աչքերիս առաջ բազմաթիվ օրինակներ ունեի, որոնք հակադրվում էին իմ երազներին: Ընկերներս էլ ինձ անդադար ցույց էին տալիս, որ սիրույն հավատալն անմտություն է, գեթ այնպես, ինչպես ես էի այժմ հավատում:
Երբ նրանց հետ վիճաբանում էի, անշուշտ կամաց կամաց ավելի փաստեր էի գտնում նրանց հակադրելու համար: Իմաստունն ինձ բազմաթիվ նման փաստեր էր մատակարարում: Բայց արդյո՞ք այդ ամենն ինքս ինձ համոզելու փորձ չէր, մինչ փորձում էի նրանց համոզել:
Կասկած չունեի, որ սիրո ճամփորդությունը գեղեցիկ է. կասկածում էի, թե արդյոք հնարավո՞ր է:
Հոգուս ամենախորքում թաքնված մտքերն անգամ Իմաստունին հայտնելը ինձ միշտ ավելի նվազ էր ամաչեցնում, քանի որ երբեք չէր զարմանում ասածներիցս, ինչ էլ որ նրան պատմում էի իմ մասին: Ես օգտվում էի առիթից, դուրս թափելու համար ներսումս կուտակված մաղձը: Երբեմն էլ, թեև իրականում ես դա չէի մտածել, մինչև իսկ առաջադրում էի հարցեր, որպեսզի մղեի նրան խոսելու և ստանայի պատասխաններ: Փորձում էի ինձնից հեռու հալածել կասկածներս: Կարիքն ունեի, որ Իմաստունի խոսքերն ինձնում համոզմունք ձևացնեին:
 
«Բարեկամ», ասացի նրան այդ օրը, «երբ մենք՝ տղաներս ու աղջիկներս սիրահարված ենք, իրոք խելամիտ ու տրամաբանակա՞ն է հանձնառու լինել ... պարտավորվել ամբողջ կյանքի համար»:
«Այո՛», պատասխանեց, « ... եթե խելամիտ եք»:
«Իսկ ե՞րբ է, որ խելամիտ չենք»:
Պատասխանեց.
 
«Երբ մեկը կանգնած է ուղիղ արևի առաջ, ոչ ոք չի կարող տեսնել նրա դիմագծերը, այլ միայն մի մութ կերպարանք, չորս կողմից շլացուցիչ լույսով պատված:
Նմանապես, եթե միմյանց դիտում եք սոսկ ձեր զգացմունքների լույսի ներքո,
ձեր անձերի վերաբերյալ կազմված կարծիքն անորոշ ստվեր է լինում միայն, թեև ոսկեզօծ:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե մի գեղեցիկ անծանոթ ուժգին բախում է ձեր սրտի դուռը, և դուք նրան ասում եք. “Ներս մտիր”, առանց նախ ... տնից դուրս գալու և ծանոթանալու:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե մեկն արքայական տոհմից է, իսկ մյուսը՝ հովվի ընտանիքից, և դուք ասում եք. “Սիրահարվածների միջև գոյություն չունի ո՛չ մի տարբերություն, այլ՝ նախապաշարումներն են միայն, որ պատնեշներ են բարձրացնում նրանց առաջ”:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե ձեր բոլոր ժամերն ու րոպեները տրամադրում եք միմյանց ասելու. “Սիրում եմ քեզ”, և բացահայտելու ձեր բերանների համը, ժամանակ չհատկացնելով իրար ճանաչելու, իրար ասելու, թե ո՛վ եք, ի՛նչ եք անում և ինչպիսի՛ ծրագրեր ունեք ապագայի համար:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե արդեն կշռում, չափում ու հաշվում եք այն, ինչ տալիս եք մեկդ մյուսին,
և ձեր հաշիվներն անելիս վիճում եք, որովհետև գտնում եք, որ ճիշտ չեն, որովհետև մեկն ավելի է տալիս, իսկ մյուսը՝ պակաս:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե շպարվում եք, դիմակներ հագնում ու ծպտվում, որպեսզի միմյանց ավելի հաճելի դառնալու նպատակով ներկայացնեք դերերն ու դերասաններին, որոնց սիրում եք:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե ձեր գաղափարները, ձեր համոզմունքներն ամեն ինչում տարբերվում են, բայց մեկդ և մյուսդ մտածում եք. “Հոգ չէ՛, կհամոզեմ նրան ու կփոխեմ”:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե ասում եք. “Փորձենք մեր մարմինների ներդաշնակությունը, ստուգենք՝ արդյոք հարմա՞ր են հաճույքին”, մոռանալով, որ ձեր մարմինները փոխանակելի են և որ կարող են այդ պատահական հաճույքն ընծայել առանց պարգևելու սեր:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
Եթե ձեր ծնողներն ու ձեր բոլոր իրական ընկերներն ասում են. “Կարծում ենք, որ դա չէ ճիշտ ճանապարհը”,
բայց դուք, գոռալով. “Կարևոր չէ՛, մենք իրար սիրում ենք”, թողնում եք նրանց ձեռքերը և միայնակ ճանապարհ եք ընկնում, քանդելով բոլոր կամուրջները:
Այնքան էլ խելամիտ չէ:
 
 
Եթե ... : Եթե ... : Բայց ինչո՞ւ շարունակենք խոսել այդ “եթե”ների մասին: Դու շատ լավ գիտես, թե ի՛նչն է, որ խելամիտ չէ: Սիրահարվածներն էլ գիտեն, ... երբ խոսքը ուրիշների մասին է: Բայց երբ նրանցն է սիրելու հերթը, շատերը ... չեն ուզում այդ մասին լսել, և ... այնքան էլ խելամիտ չէ:
“Մեծ սեր”ը, սիրելիս, տե՛ս, եթե իրական չէ, հաճախ “գլուխը կորցնել է տալիս”:
Իսկ կամենալ սիրել առանց գլխի, անմտություն է», ժպտալով հավելեց Իմաստունը:
 
Ես ծիծաղելու տրամադրություն չունեի: Ընդհակառակը, մի քիչ էլ նեղվել ու ջղայնացել էի, լսելով, թե Բարեկամս ինչպես էր թվարկում այդ կարծես անվերջանալի պահանջները: Երբ երիտասարդ ես ու սիրահարված, խելամիտ լինելու ո՛չ մի ցանկություն էլ չկա:
Մի քիչ չոր ձայներանգով հակադարձեցի.
«Եթե այդպես է, Բարեկամս, կարող են միայն հաշվարկված ամուսնություններ կատարվել»:
«Ո՛չ», հանդարտ պատասխանեց Իմաստունն առանց ժպիտը կորցնելու: «Ո՛չ սոսկ մտքի կողմից թելադրված ամուսնություններ, ո՛չ էլ խելակորույս սիրո ամուսնություններ, այլ՝ խելամիտ սիրո ամուսնություններ»:
Փորձեցի ես էլ ժպտալ ու ասացի. «Փախուստ չկա: Դուք միշտ ... իրավացի եք»:
 
Բայց քննարկվող հարցը չափազանց լուրջ էր և չէինք կարող այդքանով բավարարվել: Համառորեն շարունակեցի. «Նույնիսկ եթե սիրահարները կատարյալ կերպով “խելամիտ” են, նույնիսկ եթե միմյանց տալիս են բոլոր անհրաժեշտ երաշխիքները, միշտ էլ վտանգի ինչ որ չափաբաժին մնում է»:
«Բարեբախտաբա՛ր», պատասխանեց Իմաստունը մի ակնթարթում լրջանալով: «Եթե – իրական կյանքում անհնարին է – ամեն ինչ նախօրոք արդեն չափված, ծրագրավորված ու հաստատված լիներ, դա այլևս սեր չէր լինի: Կպակասեր ազատության այն տարածքը, որը հնարավորություն է ստեղծում մեկը մյուսին ասելու. “Միասին լրջորեն որոշ ճանապարհ անցանք, ո՛չ թե մեկս մյուսիս մեր սեփական շահերի համար գործածելու, այլ՝ փոխադարձաբար իրար ճանաչելու, հարգելու համար, և տեսնելու, թե արդյոք կարո՞ղ ենք խելամտորեն միավորել մեր երկու կյանքերը: Բայց ես քո մասին ամեն բան չգիտեմ: Չգիտեմ, թե վաղն արդյոք ի՞նչ ենք դառնալու: Չգիտեմ նաև, թե ինչպիսի՞ն են լինելու մեր վշտերի ծանրությունն ու մեր ուրախությունների քաղցրությունը: Այդուհանդերձ, սակայն, որոշել եմ քեզ ընծայել իմ ամբողջ կյանքը, որովհետև ինձ ունակ եմ զգում դրան, և վստահում եմ քեզ. դու էլ ինձ կվստահես, քանի որ դու էլ ես դա ուզում”:
Այս որոշումն ու այս վստահությունը մյուսի հանդեպ՝ սիրո իրական ապացույցներն են»:
«Բայց այդպիսով վտանգը չի վերանում», պնդեցի ես մի վերջին անգամ:
«Քեզ արդեն ասացի, որ բարեբախտաբա՛ր այդպես է: Այլապես, կսպանեինք սերը:
Տե՛ս, արդի հասարակության մեջ տիրող ամենածանր իրողությունն այն է, որ մարդիկ այլևս չեն համարձակվում քաջությամբ ռիսկի դիմել: Ընդհակառակը, երաշխիքներ են ուզում ընդդեմ որևէ ռիսկի: Այլևս ընդունակ չեն, չեն կամենում պատասխանատվություններ ստանձնել ամբողջ կյանքի ընթացքում: Դա հասունության պակաս է, մի մե՜ծ տկարություն:
 
Եթե մարդը վախենում է քայլել, և չի թողնում իր մոր ձեռքը,
Եթե վախենում է ընկնել, և մնում է նստած,
Եթե վախենում է վթարից, և ինքնաշարժը թողնում է կայանատեղում,
Եթե վախենում է լեռներն ի վեր բարձրանալուց, և մնում է թաքստոցում,
Եթե վախենում է, թե անկարգելը չի բացվի, և չի նետվում,
Եթե վախենում է փոթորկից, և խարիսխը վեր չի բարձրացնում,
Եթե վախենում է, թե ունակ չի լինի իր տունը կառուցելու, և այն թողնում է որպես ծրագիր միայն,
Եթե վախենում է, թե կմոլորվի, և մնում է տանը,
Եթե վախենում է ջանք ու ճիգ գործադրելուց, զոհողությունից ու ապագայից, և հրաժարվում է ապրել, ու սարսափահար փակվում է, կծկվում ու մի անկյունում կուչ գալիս ...
 
Ուրեմն ...
 
Թերևս կկարողանա նա գոյատևել, բայց այլևս մարդ չի լինի,
քանի որ մարդուն է բնորոշ՝ կարողանալ խելամտորեն ռիսկի ենթարկել սեփական կյանքը:
Կկարողանա ձևացնել, թե սիրում է, բայց չի կարողանա իրոք սիրել,
որովհետև սիրել՝ նշանակում է կարողանալ և կամենալ վտանգել սեփական կյանքն ուրիշների համար, ուրիշի համար:
Կկարողանա ծնել, կլինի ծնող, բայց ո՛չ հայր կամ մայր,
քանի որ հայր կամ մայր լինել՝ նշանակում է, հողի տակ թաղված սերմի նման, սրտանց ընդառաջ գնալ գերագույն ռիսկին. կորցնելու սեփական կյանքը, որպեսզի հասկը ծնվի»:
 
Հակառակվելու ցանկություն այլևս չունեի, բայց մտածում էի իմ բոլոր ընկերների մասին, որոնք իրենց խելացի կարծելով, ամբողջ կյանքի համար պարտավորվելուց առաջ նախնտրում էին նախ ապրել իրենց ընկերուհու հետ, ստուգելու համար իրենց սիրո ամրությունը:
Մինչև այդ պահը նրանց իրավացի էի համարում: Այժմ արդեն տեսնում էի, թե ինչպես էր լրջության արտաքին կերպարանքի տակ թաքնվել սխալը: Բայց ևս մեկ անգամ, իմ նորածին համոզմունքներս հենարան էին փնտրում Բարեկամիս մոտ:
Երկչոտ ձայնով շշնջացի. «Թերևս ավելի խելամիտ է “մի փորձ կատարել” պարտավորվելուց առաջ ... »:
«Մարդը պետք է պատրաստվի սիրելու», պատասխանեց Իմաստունը, «այլ ո՛չ թե՝ “փորձի” մի սեր»:
«Ինչո՞ւ»:
«Որովհետև այն նույն պահին իսկ, երբ “սիրահարները” որոշում են փորձել, թե իրենց սերն արդյոք կարո՞ղ է տևական լինել, փոխադարձաբար միմյանց հայտնում են, որ իրենց զգացումն իրական սեր չէ»:
«Բայց շատերն են այդպես վարվում»:
«Ազատ են: Ես նրանց չեմ դատում: Հարկավոր է իմանալ պատճառները, որ նրանց մղել են այդ քայլին: Իսկ այդ պատճառները կարող են բազմապիսի լինել: Բայց միևնույնն է, սխալվում են:
Հասկացիր, ես չեմ ասում, թե վատ բան են անում: Դա կարող է ասել միայն Նա, ով կարդում է մարդկանց սրտերը: Պարզապես ասում եմ, որ նրանք փոխադարձաբար խոցում են միմյանց, և ես ցավում եմ ու տառապում նրանց համար:
Պատրաստ չեն սիրելու»:
 
 
Այդ պահին էր, որ Մանուկը կրկին ներս մտավ: Մի պահ ջղայնացա նրան տեսնելով, քանի որ ընդհատում էր մեր զրույցը: Իրոք, Բարեկամիս ուշադրությունն իսկույն կտրվեց ինձնից: Հայացքով հետևում էր Մանկանը: Վերջինս կարծես զբոսնում էր սենյակում, ձևացնելով, թե մեզ իբր չէր էլ տեսնում: Մերթ ընդ մերթ, սակայն, գաղտնագողի նայում էր Իմաստունին և արագ ուրիշ կողմ էր ուղղում աչքերը, երբ նրանց հայացքներն հանդիպում էին: Մի ակնթարթում, սակայն, հանկարծակի ուղղվեց Իմաստունի կողմը, տնկվեց ճիշտ նրա դիմաց, բռնեց նրա ձեռքը, այն մի պահ իր ձեռքերի մեջ պահեց, իսկ հետո ուժգին հեռացրեց իրենից, հանդիսավոր կերպով հայտարարելով.
«Պապի՛, ես քեզ էլ չեմ սիրում»:
«Ես, մինչդեռ, քեզ դեռ սիրում եմ», պատասխանեց Իմաստունը: «Քեզ միշտ սիրելու եմ»:
Այդ խոսքերը լսելով, Մանուկը մոտեցավ, փաթաթվեց Բարեկամիս ու նրան պինդ պինդ գրկեց: Ապա հեռացավ անձայն, ինչպես որ եկել էր:
Ակնհայտ էր, որ Մանկան այցերն անսահման հաճույք էին պատճառում Իմաստունին: Նրա դեմքը լուսավորվում էր: Լռության մեջ ճաշակում էր հանդիպման բերկրանքը:
Երբ ուշադրությունը կրկին դեպի ինձ վերադարձավ, պարզապես ասաց.
«Ներիր, սիրելիս, բայց պետք է ուշադրություն դարձնեի Մանկանը: Մի քանի օր առաջ մերժեցի բավարարել նրա ցանկություններից մեկը: Եթե բավարարեի, դա նրան օգտակար չէր լինի: Հեռացել էր մռութները կախ: Եթե այսօր վերադարձել է, հասկանո՞ւմ ես, դա իմ զգացումները ստուգելու համար է: Պետք է վստահեցնեի նրան: Բոլոր երեխաների նման – սա ուրիշներից ավելի՛, հավելեց գրեթե շշնջալով – կարիքն ունի բացարձակ կերպով վստահ լինելու նրանց սիրույն, ովքեր ասում են, թե իրեն սիրում են:
 
Այսպես է փոքրիկ երեխան, որ գիշերվա կեսին արթնանում է ու լալիս, կանչելու համար ծնողներին, որպեսզի վստահ լինի, որ իր կողքին են ու իրեն չեն լքել:
Այսպես է երեխան, որ զբոսանքի ժամանակ թողնում է մոր ձեռքն ու ետ մնում, որպեսզի տեսնի, թե մայրը կգա՞ իրեն փնտրելու:
Այսպես է երեխան, որ կամաց կամաց փորձում է, թե ի՛նչ կարող է անել առանց ծնողներին բարկացնելու, իսկ երբ մի մեծ հիմարություն թվում է, թե խզել է բոլոր կապերը, նա փորձում է կրկին միացնել դրանք, խնդրելով ապացույց, մի նշան, որ սերը շարունակվում է:
Այսպես է պատանին, որ փորձում է բացահայտել, թե ի՛նչ արժեք ունի ծնողների աչքին, կշռելով նրանց պատրաստակամությունը, թե արդյոք որքա՞ն են տրամադիր տալու իրեն. առարկաներ, ժամանակ, ուշադրություն, համբույրներ ...:
Այսպես է պատանին, որ տանջում է ծնողներին, կամենալով անջատվել նրանցից, կերտելու ու կազմավորելու համար իր ինքնությունը, շարունակ ստուգելով հանդերձ նրանց սիրո կայունությունն ու ճշմարտացիությունը»:
 
«Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, թե զավակներին երբեք ոչինչ չպետք է մերժել»:
«Ո՛չ, այդպես չէ: Նրանց հաճախ հարկավոր է “ո՛չ” ասել: Նրանց ցանկություններից շատերին գոհացում տալը նրանց օգտակար չէ: Բայց հարկավոր է, որ երեխան վստահ լինի, որ այդ “ո՛չ”երը սիրո պակասի նշաններ չեն, այլ՝ ընդհակառակը:
Ով սիրում է, պետք է նաև ընդունակ լինի մերժելու այն նույն հանդարտությամբ, որով ընդունակ է տալու»:
«Բայց փոքրիկ երեխաները չեն կարող հասկանալ»:
«Խոսել կարողանալուց դեռ շա՜տ առաջ երեխան հասկանում է սիրո բարբառը»:
«Պատանիները հաճախ ընդվզում են»:
«Եթե ծնողների կեցվածքն ու վարմունքը անշահախնդիր են ու ԻՐԱԿԱՆ, զավակներն հետո կհասկանան: Իրական սիրո յուրաքանչյուր սերմ մի օր ծլարձակում է այն սրտում, ուր ցանվել է»:
«Բայց զավակները կարող են խեղդել, կասեցնել այդ սերմերի ծլարձակումը»:
«Ճիշտ է: Մարդն ազատ է:
Բայց ծնողները – հասկացի՛ր, սիրելիս – պատասխանատու են հերկման ու ցանքի համար, բայց ո՛չ՝ հունձքի»:
 
 
Այդ բաներն ինձ հետաքրքրում էին, բայց մտածում էի, որ բավականին շեղվել էինք մեր խոսակցության նյութից:
Իմաստունն ինձ հասկացրեց, որ այդպես չէր:
«Ինչպես երեխան», ասաց, «որոշակի տարիքի հասած մարդն էլ կարիքն ունի վստահ լինելու, որ սիրված է, որպեսզի կարողանա գտնել ու բացահայտել իր ինքնությունը և աճել ու զարգանալ: Ոչ ոք չի կարող հավատալ իր կյանքին, կամենալ, սիրել այն, եթե չի բացահայտում նրա անսահման արժեքը: Եվ իր կողմից սիրված ու իրեն սիրող անձն է, որ որևէ մեկից ավելի կարող է հայտնել նրան այդ արժեքը:
Ծնողներն իրենց գորովով, իրենց ճշմարտացի նվիրումով, բայց նաև իրենց հաստատակամությամբ ասում են իրենց զավակին. “Քո կյանքն այնքա՜ն թանկարժեք է, որ մենք մեր կյանքն իսկ կտանք քո համար”:
Սիրահարներն ասում են միմյանց. “Քեզ դիտել եմ, հարգել, ընտրել. քե՛զ, մյուս բոլորի միջից: Եվ դու իմ համար այնքա՜ն արժեքավոր ես, որ ես որոշում եմ տալ քեզ ամեն ինչ. սիրտս, միտքս, մարմինս, կյանքս: Ամեն ինչ և ընդմիշտ”:
Համենայն դեպս, երիտասարդներն ազատ են իրար ասելու. “Փորձենք”: Ո՞վ կարող է դա արգելել նրանց: Բայց ուրեմն կեղծավորությամբ թող չհայտարարեն. “Մենք սիրում ենք իրար”: Եվ հատկապես թող իմանան, որ միմյանց ամենազմայլելի հայտնությունը պարգևելու փոխարեն, որ կայանում է համոզված ասելու մեջ. “Ես սիրված եմ”, նրանք միմյանց սրտերի մեջ թափանցել են տալիս ամենավնասակար կասկածը. “Արդյոք մի օր սիրված կլինե՞մ”: Իսկ վերջում. “Արդյոք արժանի՞ եմ սիրո”:
Արդ, կրկնում եմ, սիրված լինելու վստահությունը կերտում է անձը, մինչ կասկածը նրան կործանում է:
 
Ինքդ պետք է որոշես, թե ի՛նչ ես ուզում ընծայել նրան»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։