- 29 - – Գրադարան – Mashtoz.org

- 29 -

Շատերն էին հայտնվում այնպիսի իրավիճակներում, ինչպիսին ապրել էր Իմաստունը: Բայց դրանք չէին դիմագրավում միևնույն հակազդեցությամբ: Ո՞վ, նրա նման, կարող էր չնզովել անմարդկային միայնությունը, տիրապետել սեփական ոխակալությանը, ստանձնել սեփական տառապանքը:
Սիրո այդ նավաբեկյալներից շատերը գալիս էին Իմաստունին այցելելու, և նա խոսում էր նրանց հետ:
Ինչպե՞ս կարող էր օգնել նրանց կրելու իրենց բեռը:
Հարցրեցի նրան:
 
«Բարեկամս, ի՞նչ եք ասում նրանց, ովքեր գալիս են իրենց սիրտը բացելու և Ձեզ վստահելու իրենց բաժանված օջախի փորձանքը»:
«Ոչինչ, սիրելիս: Ես լսում եմ նրանց»:
«Իսկ երբ ավարտո՞ւմ են իրենց խոսքը»:
«Շարունակում եմ լսել նրանց ... »:
«Շարունակում են խոսե՞լ»:
«Երկա՜ր»:
«Իսկ երբ ի վերջո լռո՞ւմ են»:
«Նրանց ասում եմ այն, ինչ դու ասացիր ինձ. “Որքա՜ն եք տառապում”: Հետո լռում եմ, և աղոթում եմ, իրենց ու իմ տառապանքն Աստծո առաջ մատուցելով»:
«Իսկ նրանք Ձեզ ի՞նչ են ասում»:
«Նրանց խոսքերը տարբեր են, քանի որ տարբեր են նրանց պատմությունները:
 
Տղամարդն ասում է. “Սիրտս, եթե դեռ բաբախում է, այլևս նրա համար չէ, որ թրթռում է, իսկ մարմինս վաղուց է, որ քաղց չի զգում նրա մարմնի հանդեպ”:
Կինն ասում է. “Նա այն չէ, ինչ ես երազում էի: Թաքնվում էր, ծպտվում: Շուրթերս փաստորեն դիմակի էին հպվում ... , իսկ այժմ դիմակը պատռվել է”:
Տղամարդն ասում է. “Այլևս չէի կարողանում հանդուրժել նրա լռությունները, նրա սառնությունը, նրա հանդիմանությունները: Մի հյուրընկալ սիրտ եմ գտել և գողտրիկ գորովի խոսքեր, մի բերանում, որն երբեք ետ չի քաշվում”:
Կինն ասում է. “Նա տնից դուրս էր գալիս այցելելու ուրիշ պարտեզներ և քաղելու ուրիշ ծաղիկներ: Իմ ծաղիկներն իր համար արդեն թառամել էին: Որովհետև նա՛ այլևս չէր ջրում: Ես էլ զայրացած ոտնակոխ արեցի թափված թերթիկները”:
Տղամարդն ասում է. “Գլուխս լցնում էր իր խոսքերի ժխորով և չէր կարողանում լսել իմ խոսքերի մրմունջը: Իսկ թաղված խոսքերս, որպես սրտիս հրաբխում եռացող լավա, անակնկալ կերպով դուրս էին ժայթքում, այրելով մեր փշրված սիրո մնացորդները”:
Կինն ասում է. “Մեր զավակներն այլևս չէին կարողանում հանդուրժել մեր վեճերը: Կուչ էին գալիս ամպրոպի տակ, և թեև ապաստանում էին վրանում, որը տքնաջան ճիգերով հյուսել էինք նրանց գլխավերևում, կայծակներն այնուամենայնիվ հասնում էին նրանց սրտին, անասելի տվայտանք պատճառելով նրանց”:
Տղամարդն ասում է. “Նա ինձ այնքան ուժեղ էր սեղմում իր ագահ ձեռքերի մեջ, որ ես շնչահեղձ էի լինում լռության մեջ, առանց կարողանալու մի բառ արտաբերել հակառակվելու համար: Երբ վերջապես ազատվեցի իր կապանքներից, որքան կարելի է հեռու փախա, փնտրելով մի վայր ու տարածք, ուր կկարողանայի շնչել ազատ”:
Կինն ասում է. “Խոսքերը մնացին նրա փակ գլխում: Կարծր քարերի նման կուտակվում էին և պարսպի նման բարձրանում: Ի վերջո, այդ պարիսպն այնքան բարձրացավ, որ այլևս չէինք կարողանում հաղթահարել այն”:
Տղամարդն ասում է. “Սովորությունը տեղ էր գրավել մեր միջև, մառախլապատ մի իրականություն առանց դիմագծերի, որ թաքցնում է ժպիտները և դանդաղորեն սպանում համբույրների համը: Ծերացանք առանց տեսնելու միմյանց, իսկ մի օր էլ իրար չճանաչեցինք”:
Կինն ասում է. “Նա ինձ ուզում էր ի՛ր համար, ես նրան ուզում էի ի՛մ համար, և իրար տիրանալու համար պայքարում էինք առանց սեփական դիրքերից մի թիզ անգամ զիջելու, բայց երբ կռիվը վերջացավ, զարմացած տեսանք, որ մեր ձեռքերում ա՛յլ բան չէր մնացել, քան միայն՝ մեր պատառոտված հագուստները”:
Ապա միասին ասում են. “Ինչո՞ւ շարունակենք կռվել: Երեկ վայելում էինք երկնային արքայությունը, իսկ այսօր կրում ենք դժոխքի տվայտանքները, քանի որ երկինքը սեր է, իսկ դժոխքը՝ սիրո բացակայություն: Մենք մեզ չենք ուզում այս դժոխային վիճակում տեսնել, քանի որ կարծում ենք, որ այս վիճակից ելք չկա”:
 
Խոսքեր են սրանց նման, և դեռ շա՜տ ուրիշ խոսքեր, որոնք ես հավաքում եմ լռությամբ, սրտիս գավաթում: Խե՜ղճ խոսքեր, վիրավորված կյանքով ծանրաբեռնված, որոնցից արյուն է ծորում, երբ անցնում են վշտից ճմլված շուրթերի եզերքը ... : Եվ լինում են երեկոներ, որ բաժակիցս սկսում է հորդել, երբ այն ընծայում եմ Տիրոջը»:
...
«Բայց Դուք, Բարեկամ, երբ վերջապես խոսում եք, ի՞նչ եք ասում»:
«Ասում եմ. “Թանկագին ընկերներ,
 
Ձեզնից մեկը հեռացել է, իսկ մյուսը լալիս է ու անիծում,
կիսաձայն շշնջալով. “Քեզ դեռ սիրում եմ”:
Կամ էլ երկուսդ միասին, էժանագին ու հնացած ժպիտը երեսներիդ,
ուրախ հանդեսների դիմակով ձեր վերքերը թաքցրած,
“ընդհանուր համաձայնությամբ” և աշխարհային օրենքների արտոնությամբ,
հանգցրել եք օջախի վերջին կայծերը և դուռն ընդմիշտ փակել եք ձեր մոխրացած սիրո առաջ:
Բայց լինի թե լացեք, լինի թե ժպտաք, կամ թե իրար նախատեք,
ինչպիսին էլ որ լինեն ձեր ջանքերը՝ այլուր վերակառուցելու համար ձեր երջանկության տունը, և մի նոր օջախում փորձելու կրկին բոցավառել կրակը,
բարեկամներս, խե՜ղճ բարեկամներս, ես ձեզ ասում եմ.
 
Դուք չեք կարող լուծարել ձեր ամուսնությունը:
 
Կարող եք պատռել լուսանկարները և աղբաման նետել միմյանց տրված նվերները,
կարող եք ոտնակոխ անել երջանիկ հիշողությունները, որոնք թաղել եք դժբախտ օրերի ծանրության տակ,
և թերևս փորձեք բաժանել այն, ինչ մինչ այդ պատկանում էր երկուսիդ համատեղ:
Բայց ո՞վ կարող է ուրիշին վերադարձնել նրանից ստացած կյանքը.
այն հոսում է ձեր երակների մեջ, որպես ընդմիշտ խառնված արյուն,
շա՜տ ու շա՜տ անդին, քան մի ժամանակ խելագարության հասնելու չափ շոյված մաշկը,
մինչև սրտի մկանը, որն ոռոգում են երակները:
 
Դուք չեք կարող լուծարել ձեր ամուսնությունը:
 
Ձեր զավակի մարմնում ու հոգում համահյուսել եք ձեր կյանքի թելերը,
և ո՛չ ոք երբևէ չի կարողացել քանդել այդ սրբազան հանգույցը,
քանի որ այդ հանգույցը գոյացել է ձեր երկու կյանքերից, որոնք ընդմիշտ միավորվել են նոր կյանքի մեջ,
և երբ համբուրում եք ձեր զավակի դեմքը,
ձեր դեմքերն եք համբուրում նրա դեմքի հետ միասին:
 
Դուք չեք կարող լուծարել ձեր ամուսնությունը:
 
Կարող եք մեղադրել մեկդ մյուսին, հասարակությանը կամ ճակատագրին,
կարող եք նզովել Եկեղեցուն և Ամենակալ Աստծուն,
բայց Նրա զորությունն անգամ ոչինչ չի կարող անել ընդդեմ ձեր ազատության,
քանի որ ձեր ազատ կամքով խնդրել եք Նրան, որ ձեր հետ հանձնառու լինի, երբ երկուսդ հանձն էիք առնում և միմյանց խոստանում էիք հավատարմություն,
Նա հավատարիմ է մնում ...
 
Եվ չի կարող լուծարել ձեր ամուսնությունը»:
 
 
«Դա չափազանց խստապահանջ է», բացականչեցի ես:
«Մի՞թե ես քեզ ասել եմ, թե հեշտ է ազատ և պատասխանատու մարդ լինելը»:
«Բայց մարդը տկար է: Նա սխալվելու իրավունք ունի»:
«Տկար է, ճիշտ է: Եվ ո՛չ ոք չի կարող նրա երեսին խփել նրա տկարությունները, քանի որ ո՛չ ոք չի կարող չափել սերը, որ ապրում է մարդու սրտում, և թե որքան է նրա պատասխանատվության բաժինն իր սիրո կործանման գործում: Բայց ո՛չ ոք էլ չի կարող ասել նրան. “Կարող ես ետ վերցնել կյանքը, որն ընծայել ես մյուսին”: Կրկնում եմ. ովքեր իրենց ազատ կամքով իրար են նվիրել իրենց կյանքը, ամուսիններ են առհավետ[1]»:
... Համարձակությունն ունեցա տակավին բողոքելու.
«Եթե այսպես է, որ Դուք խոսում եք նրանց հետ, ովքեր գալիս են Ձեզնից հույսի մի խոսք լսելու, մեծապես կասկածում եմ, թե նրանք սրտները խաղաղված են այստեղից դուրս գալիս»:
«Եթե տկար գտնվեմ ու հրաժարվեմ այսպես խոսելուց, նրանց հարգած չեմ լինի, և ո՛չ էլ՝ նրանց հանդեպ սեր ցուցաբերած:
Բայց շա՜տ ուրիշ բաներ էլ ունեմ նրանց ասելու ... »:
«Եվ վերադառնո՞ւմ են դրանք լսելու»:
«Այո՛, ինչպես հիվանդն է վերադառնում իրեն ճշմարտությունն ասող բժշկի մոտ»:
 
 
...
Ինչ վերաբերվում է ինձ, այսօր այլևս ոչինչ չէի ուզում լսել: Չափազանց վրդովված էի:
Անշուշտ, հպարտ էի մարդ էակով և նրա ազատությամբ: Քանի՜ անգամ էի այդ ազատությունն իմ համար պահանջել: Բայց ճանաչում էի իմ և ինձ շրջապատող անձանց սխալները: Այն հրեշային վատնումը, որ կուտակում ենք, անկարող՝ լավ գործածելու այդ հիասքանչ ազատությունը, որն ի գին այսքա՜ն դժվարությունների պաշտպանում ենք:
Շատերի նման, ես էլ էի ուզում, որ Աստված ինձ լիովին ազատ թողներ որոշումներ կայացնելու և կողմնորոշում տալու իմ կյանքին, ... բայց նաև ուզում էի, որ Նա մի տեսակ «աստված-բարի-մարդ» լիներ և անհրաժեշտության դեպքում, ամեն անգամ, առանց սահմանափակումների, ջնջեր իմ սխալներն ու օրհներ իմ նոր որոշումները:
Դա անհնարին էր, անշուշտ:
Մարդն, ուրեմն, ընտրության միայն մեկ հնարավորությունն ունի, երբ որոշում է ընտանեկան օջախ հիմնել: Այդ ընտրությունը կայանում է նրանում, որ նա պետք է որոշի կա՛մ հրաժարվել ազատ լինելուց, կա՛մ մինչև վերջ ընդունել ազատությունից բխող պատասխանատվությունները:
 
Այս անգամ, այո՛, հասկանում էի, բայց չէի ընդունում:
Կամենում էի ՄԱՐԴ լինել և ԱԶԱՏ, ... բայց սարսափահար էի:
 
Չէի համարձակվում այդ հոգեվիճակս Իմաստունին հայտնել: Դեռ շա՜տ պետք է խորհրդածեի:
[1] Երկրի վրա ամուսինների հաղորդակցության ու միության առաջին միջոցը մարմինն է. խոսքով, քնքշանք ու գորով արտահայտող արարքներով և մարմինների միությամբ: Բայց երբ երկու մարմիններն օրինավոր կերպով միացել են, այլևս չի կարելի բաժանել նրանց, որպեսզի տեղի ունենա մի ա՛յլ միություն: Արդարև, մարմինը չի կարող մասնատվել: Մե՛կ հարստություն է և մե՛կ սահման: Այդ սահմանը վերջանում է ամուսիններից մեկի մահով միայն: Այս պատճառով է, որ Եկեղեցին արտոնում է կրկին ամուսնանալ այն այրիներին, ովքեր դա կամենում են:
Մահից հետո, երբ մարդիկ հարություն են առնելու, նրանց կյանքն ամբողջովին տարբեր է լինելու: Մեր մարմինը «փոխակերպված», «հոգեկանացած» է լինելու: Տակավին տեղ և նշանակություն է ունենալու ամուսինների հարաբերություններում, բայց այդ նշանակությունն էլ ամբողջովին տարբեր է լինելու, ազատված՝ նյութական սահմաններից:
Հմմտ. Ղկս 20, 27-36; 1Կր 7, 39-40; 15, 35-49; Ինչպես նաև. Մտթ 19, 1-9.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։