- 34 - – Գրադարան – Mashtoz.org

- 34 -

Առանց մի բառ ասելու լսել էի մանկան երկար երգը. մանկան, որ դեռ պետք է ծնվի. և այժմ, գիշերվա մեջ, միշտ ավելի էի լսում նրա կանչը, իսկ երբեմն էլ՝ արտասվալի ողբը: Ես էլ էի մի տեսակ վրդովմունք ապրում պատառոտված, կործանման եզրին հասցված մանկան համար, և մինչ լսում էի, թե ոմն մեծահասակներ ինչպիսի խստությամբ էին քննադատում երիտասարդներին, մտածում էի, որ այդ երիտասարդները նրանց իսկ ձեռքերի գործն էին, և որ նրանց քննադատելով՝ իրականում քննադատում էին իրենք իրենց:
Բայց վաղը, ես ինքս ի՞նչ էի անելու:
Զգում էի, իրոք, որ մոտենում էր այն պահը, երբ հանդիպելու էի մի աղջկա, մենք իրար ճանաչելու էինք ու ընդունելու, և սկսելու էինք կառուցել ու կերտել մեր ընտանիքը:
Ինչո՞ւ: Չեմ կարող ճշգրիտ կերպով պատասխանել, թե ինչո՛ւ: Բայց կարծում եմ, որ երկու երաժիշտներ, որոնք յուրաքանչյուրն առանձին, երկարատև ջանքերով սովորում են մի մեղեդի, մի օր գիտակցում են, որ պատրաստ են բոլորի առջև կատարելու իրենց զուգերգը:
Բոլորի՛ առջև: Հենց սրանում էր կայանում խնդիրը, որն ինքս իմ քննարկմանն էի ներկայացնում: Դրա մասին հաճախ խոսել էի նաև ընկերներիս հետ: Մի՞թե իրոք անհրաժեշտ էր, ընտանիք կազմելու համար, դիմել քաղաքապետարան, երկար-բարակ ձևակերպումներ կատարել և փաստաթղթեր ստորագրել: Կային օրենքները, որոնք պարտավորեցնող բնույթ ունեին, բայց կային նաև այն մյուսները, որոնք ես որակավորում էի որպես հնացած սովորույթներ: Դրանցից խուսափելու մասին մտածելն անգամ անհնարին էր թվում: Պետք է որ համակամեի մի երկարատև ընտանեկան պատերազմ սկսելու, որին սկիզբ տալու քաջությունը չունեի: Մտածում էի, թե չարժե այդքան ջանք թափել:
Համենայն դեպս, ես այդ սովորույթներն ամբողջովին հնացած էի գտնում: Մտածում էի, որ երկու անձերի միջև սերը անձնական բնույթ է կրում և նրանց համատեղ կյանքի որոշումը միայն իրենց երկուսին է վերաբերվում:
Երբ մտածում էի եկեղեցական ամուսնության մասին, այն այլևս ավելի էի արժևորում ու փափաքում, թեև խոստովանում եմ, որ տակավին անգիտանում էի նրա բուն, խորին իմաստը:
 
«Սիրահարները միայնակ չեն ապրում այս աշխարհում», ասաց Իմաստունը: «Նույնիսկ եթե ուզենան, չեն կարող:
 
 
Եթե ցանկանում եք, իրար միացող այրեր և կանայք, միայնակ ապրել ձեր ամբողջովին նոր սիրո պատնեշված պարտեզում.
Եթե ցանկանում եք ձեռք ձեռքի տված քայլել առանձին արահետով,
առանց քայլելու այն ճանապարհներով, որոնցով քայլում են ձեր եղբայրները.
Եթե ցանկանում եք, բոլոր պարտավորություններից ազատ,
անցնել կարմիր լույսի տակով, կանգնել կանաչ լույսի տակ,
ուտել, երբ մյուսները քնած են, և քնել, երբ մյուսներն ուտում են.
Եթե ցանկանում եք միայնակ կառուցել ձեր երազների տունը,
կրթել ձեր երեխաներին, մերժելով դպրոց հասկացողությունը.
Եթե ցանկանում եք ինքներդ թխել ձեր հացը, գործել հագուստները,
լուսավորել ձեր երեկոները, ջերմացնել ձեր ձմեռները ...
 
Ազատ եք,
բայց ուրեմն մեկնեք, ճանապարհ ընկեք, քայլելով, վազելով դեպի մի ամայի երկիր,
... ու մի մութ անկյունում մեռեք,
միայնակ՝ ձեր սիրո հետ:
Իսկ եթե ձեռք ձեռքի տալով, կամենում եք ընթանալ ձեր ճանապարհով, ընտրելով այն ճանապարհներից մեկը, որոնք ուրիշներն են գծել.
Եթե կամենում եք ապրել մի տան մեջ, որն ուրիշներն են կառուցել,
ապրել խաղաղությամբ, հսկող մարդկանցով պաշտպանված.
Եթե կամենում եք ուտել այն հացը, որն ուրիշն է թխել, մինչ դուք քնած էիք.
Եթե ձեր երեխաների համար կամենում եք դպրոց, ուսուցիչներ ու գրքեր,
իսկ ձեր բազուկների համար՝ աշխատանք ու աշխատավարձ.
Եթե կամենում եք, որ ձեր եղբայրները, միացած ու համերաշխ, կազմակերպվեն
պաշտպանելու համար ձեր առողջությունը, խնամելու ձեր հիվանդությունները,
հնարավորություն ստեղծելու, որպեսզի կրթվեն ձեր զավակները,
և խաղաղությամբ ապրեք ձեր վերջին տարիները.
Եթե կամենում եք օրենքներ՝ պաշտպանելու համար այս “իրավունքները”,
մարդիկ, որ մշակեն այս օրինագծերը, և ուրիշներ, որ դրանք քվեարկեն,
և եթե կամենում եք, որ այս օրենքները միշտ պաշտպանվեն.
Եթե, ի վերջո, չեք կամենում նողկալի օգտապաշտներ լինել, որոնք ուրիշներից շատ են պահանջում, առանց իրենց հերթին ինչ որ մի բան տալու ...
ուրեմն ձեր պարտավորությունները կստանձնեք հասարակության առաջ, որն էլ իր պարտավորություններն է ստանձնում ձեր դիմաց:
Ձեր անուններն էլ կգրանցվեն սիրո կամավորների ցուցակում,
և կստորագրեք ձեր «այո՛»ն, որպես հանդիսավոր հարում մարդկանց այս հասարակությանը,
մարդկանց, որոնք կառուցում են աշխարհը»:
 
...
Կամենում էի խոսել, բայց Իմաստունը շարունակեց.
 
 
«Մարմնի անդամներից մեկն ապրում է մարմնում միմիայն մյուս անդամներին միացած լինելու շնորհիվ, և երբ երկու ձեռքերը միանում են՝ կրելու ծանր նեղություններ կամ հաղթական ուրախություններ, բոլոր անդամները միասին տառապում են կամ ուրախանում, նրանց հետ կրելով այդ ամենը:
Նմանապես այրն ու կինը, կյանքի ասպարեզում, չեն կարող դաշինք կնքել այնպես, որ ամբողջ մարդկությունը դրանից չթրթռա ծածուկ բերկրանքով, որովհետև սերը նրա մարմնի արյունն է, իսկ նրա մարմինն առանց սիրո չի աճում:
 
... Հատկապես այս պատասխանատվության պատճառով է, որ պետք է իրենց հանձնառությունը վավերացնեն – բոլորի՛ առաջ – նրանք, ովքեր ազատակամ որոշում են ընտանիք կազմել: Իսկ նրանց ազգականները, նրանց բարեկամներն ու ընկերները, և բոլո՛ր մարդիկ միասին, պատասխանատու են նրանց հաջողության համար»:
«Այս միևնույն պատճառո՞վ է, Բարեկամս, որ հավատացյալներն իրենց հանձնառությունը վավերացնում են Աստծո առաջ, Եկեղեցում»:
«Այս և ուրիշ բազմաթիվ պատճառներով»:
«Ասացեք ինձ, խնդրում եմ, ո՞րն է կրոնական այդ արարողության և այդ խորհրդի նշանակությունը, որը մի օր, սիրեցյալիս հետ, ընդունելու եմ»:
«Ամուսնության խորհուրդը, սիրելիս, մի այնքա՜ն մեծ խորհուրդ է, որ նրա մասին խոսելու համար հարկավոր են մաքուր ոսկիով ձուլված խոսքեր, մինչ ես տրամադրությանս տակ մի քանի աղքատիկ նախադասություն միայն ունեմ. ես, որ ընդունակ չեղա ապրելու այդ խորհուրդը լույսի մեջ, և այսօր, տառապագին, փորձում եմ այն ապրել մթության մեջ»:
«Մի՛ մտահոգվեք, Բարեկամս: Կարիքն ունեմ իմանալու՝ ավելի լավ պատրաստվելու համար»:
 
«Լսի՛ր, սիրելիս:
 
 
Աստված, ի հավիտենից, լռելյայն սիրահարված մարդկանց,
նրանց Իր սերը հայտնելու համար, մի օր ընտրեց մի ժողովուրդ:
Բայց այդ փոփոխամիտ նշանվածը, ժողովուրդ, որի սիրտը կարծր էր,
հազարավոր անգամներ անհավատարիմ գտնվեց Սիրույն, որ կանչում է,
... և հազարավոր անգամներ ներվեց հավատարիմ Սիրուց:
Աստված հայնժամ ընտրեց մի Կույս, օրհնյալը բոլոր կանանց մեջ,
նրան շշնջալու համար Սիրո գաղտնիքները.
Եվ Խոսքը, նրա տրամադիր սրտում խորհրդածվելով,
Հոգու ստվերի ներքո՝ արմատ գցեց նրա մարմնում:
... Եվ Մարիամի միջոցով, Աստված հանձինս Հիսուսի ամուսնացավ մարդկության հետ:
Հաջողված ամուսնություն,
Նոր Ուխտի կատարյալ ԱՅՈ՛, հավիտենական դաշինքով վավերացված:
Աստված այլևս մեր մեջ է, մեզնից մեկն է, մեր եղբայրն է,
Աստծո Սիրտ,
Աստծո Մարմին,
ընծայաբերված՝ հանձինս Հիսուսի, տարածված ձեռքերով,
անհավատարմության գամերով խաչված:
Աստծո Սիրտ,
Աստծո Մարմին,
կենդանի՝ մահից անդին,
ընդմիշտ ուղեկից մարդկանց, որպես ճանապարհ ընկած մի ժողովուրդ:
Աստծո Սիրտ,
Աստծո Մարմին,
հաղորդության տրված նրան, ով իր “այո”ն է ասում Իր հրավիրող “Այո”յին:
 
Նոր Ուխտի այս “ԱՅՈ”յի մեջ,
մի ԱՅՈ՛, որ ավելի մեծ է, քան տիեզերքն ամբողջ,
և ավելի լայնատարած է, քան ժամանակի սահմանները,
առաջին արանցից և առաջին կանանցից սկսած,
որոնք հազարավոր լեզուներով թոթովում են իրենց «Ես սիրում եմ քեզ»ը,
զույգերը մեկ առ մեկ հասնում են, երգելով,
հարսանեկան երկարաձիգ թափորին, որն ընթանում է պատմության երկայնքով:
 
Իսկ այդ երկարաձիգ թափորի մեջ, ճանապարհը, որով ընթանում է հավատացյալների վիթխարի բազմությունը,
անցնում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու միջով,
որպեսզի հավատակից հասարակության ներսում արտասանվեն հրեղեն խոսքերը, որոնցով կյանքերն են հանձնառու դառնում:
Մենք գիտենք և ընդունում ենք, ո՜վ Աստված,
որ մեր սիրույն Դու ներկա ես,
և որ Քեզնից ենք ստանում այս անսահման պարգևը,
պարգև, որ դարձել է մերը, և մենք էլ մեր հերթին այն փոխադարձաբար իրար ենք պարգևում:
 
Մենք Քո առջև ենք, ո՜վ Տեր, տոնակատարելու համար այս սերը և այն հռչակելու,
և արտասանելով մեր “ԱՅՈ”ն ընդմիշտ, մենք լսում ենք Քո “ԱՅՈ”ն,
որովհետև, մինչ մենք ազատակամ ստանձնում ենք մեր միության պարտականությունները, Դու մեր հետ միասին հանձնառու ես լինում:
 
Մենք հավատում ենք, որ այս կրկնակի հանձնառությունը Սիրո խորհուրդ է,
մեր կողմից տրված,
մեր կողմից ընդունված,
որպեսզի մեր երկուսիս դաշինքը կնքվի մարդկության հետ կնքված Քո Դաշինքի մեջ:
 
Մենք հավատում ենք, ո՜վ Հիսուս, որ Դու Հոր Առաքյալն ես, մարդկանց հայտնելու համար Երրորդության անսահման Սերը, և որպեսզի մարդկանց վերջապես տաս մի Դեմք, որին կարող են հայել, և գործեր ու խոսքեր՝ նրանց քաղցն ու ծարավը հագեցնելու համար:
 
Մենք հավատում ենք, որ ամուսնության խորհրդի շնորհիվ՝
մենք նույնպես առաքված ենք մեկս մյուսիս,
մեր ապշած աչքերի առաջ գծագրելու համար այս հայտնված Սիրո երկչոտ պատկերը,
և մեր ամենօրյա արարքների միջոցով մատուցելու մեկս մյուսիս
այս բաշխված Սիրո սննդարար մի քանի փշուրը:
 
Մենք հավատում ենք, որ Դու Ուխտ ես կնքել Քո ժողովրդի հետ,
Քո սիրեցյալ Եկեղեցու հետ,
և որ ընդմիշտ հավատարիմ ես տվածդ խոսքին.
և հավատում ենք, որ մեր “այո”ն, ամեն օր վերանորոգվելով,
մեր եղբայրների համար ակնհայտ վկայություն կլինի
Քո հաջողված “ԱՅՈ”յին:
Մենք հավատում ենք, որ Դու ամուսնական դաշինք կնքեցիր ողջ մարդկության հետ, տալով նրան Քո մարմինը,
նրա հետ “մեկ մարմին” կազմելու համար:
Եվ հավատում ենք, որ մենք նույնպես, եթե մաքուր ենք, եսապաշտությունից ազատ,
բերկրանքով մեկս մյուսիս նվիրվելով,
որպես հանդիսավոր հաղորդության մեջ միավորված մարմին,
Քո Սերը կարմատավորենք Աշխարհի մարմնում:
 
Մենք հավատում ենք, որ Դու փրկում ես մեր սերը,
որն այսքա՜ն հաճախ սայթաքում է ու ընկնում,
այն մաքրելով ճանապարհի ցեխից ու փոշուց,
և այն կրելով Քո սրտում, խաչի վրա բարձր,
մահվան ճիրաններից այն ազատելով, որպեսզի ծաղկի մինչև Քո Հոր երկինքը:
 
Եվ հավատում ենք, որ մենք նույնպես, պայքարելով,
որպեսզի ամեն օր ավելի՛ սիրենք միմյանց,
Քո հետ հաղթական պարզելով մեր ամենօրյա ճանապարհներին բարձրացող խաչերը,
մեր սիրույն կտանք իր հավիտենական արժեքը»:
 
Ամեն բան չէ, որ հասկանում էի: Պատրաստվում էի ասել դա Իմաստունին, երբ նա կրկին շարունակեց խոսքը.
«Այս խոսքերը սոսկ թոթովանքներ են: Անհնարին է անսահմանը պարփակել խոսքերի մեջ, և մեր կյանքերն, ավա՜ղ, ամենօրյա գորշ գույնով ներկվելով, մեր շլացած աչքերին պարգևված լույսի լոկ տժգույն արտացոլանքներն են:
Մի օր թերևս կտառապես – ես էլ եմ դրանից շա՜տ տառապել – այն խոնարհեցուցիչ տարածության պատճառով, որ կա մեր ներկայումս ապրածի և այն բանի միջև, որը պետք է որ ապրեինք: Բայց, խնդրում եմ քեզ, երբեք չհրաժարվես Սիրո խորհրդին աղոթական հայացքով դիտելուց և այն իր ամբողջ խորությամբ քննելուց:
Հիշիր նաև, որ դու և քո սիրեցյալը երբեք միայնակ չեք լինի, եթե ազատակամ որոշեք հրավիրել Հիսուսին ապրելու ձեր օջախի սրտում, և եթե միանաք բոլոր նրանց, ովքեր ձեր հետ միասին ջանում են “մարմնավորել” Սերն այս աշխարհում, որ սպասում է:
Ճանապարհ ընկիր, սիրելիս.
 
Կրակարանի մեջ վառվող փոքրիկ տաշեղն իրենից կրակ չի ներկայացնում,
այլ՝ բոլոր ճյուղերը միասին այրվելով է, որ ջերմացնում են ու լուսավորում:
Նրանցից ոմանք մարում են, մինչ ուրիշներն են կրակ առնում,
և ... մոխիրը կրակին խառնված է մնում:
Այսպես է նաև մեր կյանքը. բոցերով ու մոխիրներով ... :
Բայց կրակը երբեք չի մեռնելու, որովհետև միասին ենք մենք սպառվում,
և Հիսուս Քրիստոսի բոցավառ սրտում վառված Սերը
երբեք չի մարելու»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։