- 32 - – Գրադարան – Mashtoz.org

- 32 -

Այժմ արդեն հասկանում էի որդեծնության մեծությունն ու գեղեցկությունը: Զուգահեռաբար, հասկանում էի նաև ծնողների պատասխանատվության չափը:
Արդեն ասել եմ, թե պատանեկությանս տարիներին որքա՜ն մտահոգ էի ծագմանս վերաբերյալ հարցերով, ինքս իմ առջև հարց դնելով, թե արդյոք ուրախությա՞մբ էի ընդունվել ծնողներիս կողմից, թե՞ որպես տրամադրություն փչացնող անկոչ հյուր, մի ծանր բեռ նրանց համար: Դա իմ համար այլևս կարևորություն չուներ: Այդ երեկո ես երջանիկ էի, քանի որ բացահայտել էի, կարծում եմ, էականը. մարմնական ծնողներիցս առաջ և նրանցից վեր ու ավելի՝ Աստված Ինքը անսահմանորեն փափաքել ու կամեցել էր իմ գոյությունն ու իմ ծնունդը: Մոտս այնքան էլ լավ չէր ստացվում, բայց ինչպես որ կարողանում էի՝ երախտագիտությունս էի հայտնում Նրան, և Նրանից խնդրում էի նեցուկ և զորավիգ լինել ինձ, որպեսզի կարողանայի արդարացնել Իր անսահման սիրո ակնկալիքները:
...
Այդ ժամանակ սկսեցի վերջապես երազել մի աղջկա հետ հանդիպման մասին, և այն երեխաների մասին, որոնց ծնունդ կտայինք միասին, նախապես փափաքելով նրանց ծնունդն այնպես, ինչպես Աստված Ինքն էր նրանց փափաքում:
 
Իմաստունն արդյոք ճաշակե՞լ էր հայր լինելու ուրախությունը: Երկմտում էի հարցնելու նրան այդ մասին: Բայց երբ իր ներկայության գտնվեցի, հարցը բխեց ամենայն պարզությամբ, և դրա համար չզղջացի:
«Բարեկամ, երեխաներ ունեցե՞լ եք», հարցրեցի առանց ավելորդ նախաբանների:
«Մարմնիցս՝ ո՛չ», պատասխանեց: «Սրտիցս՝ շատերին»:
«Եվ այս Մանուկը նույնպես, որին Դուք, որքան որ երևում է, շատ եք սիրում, դրանցից մե՞կն է»:
«Այո՛: Սա պատռված, երկուսի կիսված Երեխան է: Հանդիպում է երբեմն հորը, երբեմն էլ՝ մորը, բայց նրանց երբեք միասին չի տեսնում: Իր սրտի կենտրոնում մի սեպ է խրված, և վերքից արյուն է ծորում այդ խորտակված սիրո պատճառով:
Ես ջանում եմ լրացնել կենսական այն բացը, որ նրանում ներկա է, բայց Երեխայի հոգում վերքը բաց է մնում, նույնիսկ երբ այն թաքցնում է»:
«Դուք նրան չե՞ք մխիթարում ... »:
«Ո՛չ, ես նրան ասում եմ ճշմարտությունը. “Դու տառապում ես: Եվ դեռ տառապելու ես: Բայց կարող ես այնպես անել, որ կյանքդ հաջողությամբ հասնի իր նպատակին և այդպիսով ընդմիշտ փրկես քո ծնողների սերը”:
 
Սրտներդ պատռված Երեխաներ, ձեր ծնողների բաժանման պատճառով,
դուք խաչմերուկ եք տարբեր ուղղություններով գնացող ճանապարհների,
հանդիպման վայր եք սրտերի, գիշերվա ծոցում:
Դուք զոդ եք, որն անհնարին է խզել,
մարմին եք, որն անհնարին է մասնատել:
Դուք ձեր հայրն եք ու ձեր մայրը, որոնք ձեր մեջ չեն կարող իրարից անջատվել,
և նրանց սերն եք, որն ապրում է, քանի դեռ դուք ապրում եք:
Դուք «նրանք» եք և հանձինս ձեր
նրանք ընդմիշտ ամուսնացած են:
 
Լքված Երեխաներ, անհայտ ծնողներից,
դուք հայրերի ու մայրերի դեմքերն եք, որոնք դեմք չունեն ձեր աչքերին,
նոր ծաղիկներ եք, առանց անունի, հստակ դասակարգված բույսերի շարքին:
Կյանքեր եք, բխած՝ փափաքներից, որոնք ափեր չունեն,
բայց դուք էլ եք լիացնում Աստծո փափաքները.
Իր զավակներն եք, մյուսներից է՛լ ավելի,
քանի որ ձեր սրտերը բնակիչներ չունեն
և տրամադիր են Իր հայրական Սիրույն:
 
Եթե դուք կամենում եք, լքված Երեխաներ,
Հայրը ձեզ «կխնամի», որպես Իր նախասիրյալ որդիների,
քանի որ ձեզնում լիովին տրամադիր տեղ կա Իր համար,
որն իրենց համար չեն պահանջում իմաստակ ծնողներ,
որոնք հաճախ կարծում են, թե ավելի ճիշտ են վարվում, քան կյանքի Հայրը:
 
Սրտներդ պատռված Երեխաներ,
Լքված Երեխաներ,
ԱՊՐԵՑԵ՛Ք:
Ապրեցեք ձեր ամբողջ մարմնով, ձեր ամբողջ սրտով,
և եթե կարող եք, աղոթեցեք նաև.
 
Ահա՛, ես ՔՈ առջև եմ, Աստված իմ,
ո՜վ Հայր իմ հավատարիմ.
Քո առջև եմ, հարուստ՝ իմ կյանքով,
որպես տերն իմ ապագայի,
որովհետև այս կյանքը պատկանում է ինձ,
այն տրվել է ինձ, ... կամ էլ՝ լքվել ու անտեսվել:
 
Ես գիտակցորեն ընդունում եմ իմ կյանքը,
և ընդունում եմ տառապանքն իմ կոտրատված ճյուղերի,
նույնիսկ եթե չեմ ճանաչում արմատներն իմ ծառի,
որովհետև Քո Սիրո արևը, Տեր իմ, փայլում է բոլորի համար,
անդիմադրելիորեն ճեղքում անցնում է ամենախիտ ամպերի միջով,
և իմ պտուղներն էլ կհասունանան, եթե ապրեմ ցերեկվա լույսով,
քինախնդրության գիշերներից ու ավաղանքի ստվերներից հեռու:
 
Օգնիր ինձ, Աստված իմ,
ապրելու և լիակատա՛ր ապրելու իմ կյանքը,
որպեսզի ավելի լավ ապրեն իմ վաղվա զավակները:
Եթե լիովին չեմ սիրվել
միմյանց ամուր միացած հոր ու մոր կողմից,
վերքիս խորությունն ամեն օր զննելով հասկացել եմ
ծնողական սիրո վիթխարի անհրաժեշտությունը:
Եվ այժմ գիտեմ,
թե տառապանքն ինչպիսի խիստ, բայց իմաստուն ուսուցիչ է,
նրանց համար, ովքեր ընդունակ են յուրացնելու
նրա անսխալական դասերը:
 
Օգնիր ինձ, Աստված իմ,
ապրելու և լիակատա՛ր ապրելու իմ կյանքը,
որպեսզի իմ մեջ, իմ միջոցով, ավելի լավ ապրեն իմ ծնողները:
Ինձ ասել են, որ ես իրենց մարմնավորված սերն եմ,
նույնիսկ եթե այդ սերն ավելին չի եղել,
քան ակնթարթային մի տկար սեր:
 
Օգնիր ինձ, ուրեմն, հասունանալու, որպեսզի նրանք էլ հասունանան,
սիրելու, որպեսզի նրանք էլ սիրեն,
նվիրելու իմ կյանքը, որպեսզի նրանց կյանքը ծաղկի:
Եվ խորհրդավոր կերպով,
լռության մեջ անձայն,
Քո հետ, Հայր իմ,
ծնունդ կտամ իմ ծնողներին,
կյանքը կտամ նրանց,
կխնամեմ նրանց,
և նրանց կփրկեմ,
փրկելով նրանց սերը»:
 
 
Այդ պահին էր, որ Մանուկը վերադարձավ ստանալու հերթական շաքարահատը: Իմաստունն իրավացի էր: Այս անգամ, Մանուկն ինձնից շաքարահատ չստացավ, բայց փոխարենը ստացավ մի համբույր: Ապա, իրար ձեռք ձեռքի տված, միասին դուրս եկանք, մտերմիկ զրուցելով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։