Արդի դարաշրջան – Գրադարան – Mashtoz.org

Արդի դարաշրջան

Սբ. Հովհաննես Էուդս

Հովհաննես Էուդսը (1601-1680թթ.) մասամբ ազդվել է Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացու գրվածքներից՝ Մարիամի Անարատ Սրտի վերաբերյալ՝ որպես Աստծո հանդեպ մարդկային սիրո տիպար: Էուդսը տարածեց Հիսուսի և Մարիամի Սրտերի հանդեպ միասնական ջերմեռանդությունը և հիմնեց Մարիամի Անարատ Սրտի ընկերակցությունը: Էուդսն իր ջերմեռանդական ուսուցումները սկսեց Մարիամի Անարատ Սրտի վերաբերյալ և ընդարձակեց դրանք՝ մինչև Հիսուսի Սուրբ Սրտի մասին վարդապետությունը:

Մարիամի Անարատ Սրտի տոնն առաջին անգամ տոնվեց 1648թ.ին, իսկ Հիսուսի Սուրբ Սրտի տոնը՝ 1670թ.ին: Այս տոների համար Սուրբ Պատարագի ու Ժամերգության աղոթքները շարադրել է ինքը՝ Սբ. Հովհաննես Էուդսը, 1668թ.ին:

 

Սբ. Լուի-Մարի Մոնֆորտացի

Լուի-Մարի Գրինյոն Մոնֆորտացին (1673-1716թթ.) պաշտպանում էր մարեմաբանությունը՝ ժանսենականների հարձակումներից: Հատկապես մեծ ազդեցություն ունեցավ նրա «Ճշմարիտ բարեպաշտություն Մարիամի հանդեպ» գիրքը, որտեղ նա համադրում է իրենից առաջ արտահայտված Սրբերի բազմաթիվ տեսակետները։ Նրա կողմից առաջ քաշված մոտեցումը՝ «ամբողջական ինքնանվիրում Հիսուս Քրիստոսին՝ Մարիամի միջոցով», մեծ ազդեցություն թողեց հետագա տասնամյակների մարեմական բարեպաշտության վրա, և՛ ժողովրդական, և՛ կրոնական միաբանությունների հոգեկանության հարթության վրա: Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը Վարդարանի մասին իր նամակում, որ կոչվում է «Սուրբ Կույս Մարիամի Վարդարանը», հղում է անում Լուի-Մարի Մոնֆորտացուն. «Քանի որ բոլոր արարածներից միայն Մարիամն է, որ ամենաշատն է նման Հիսուս Քրիստոսին, ապա բոլոր ջերմեռանդություններից այն, որը մարդկային հոգին ամենաշատն է նվիրագործում և նմանեցնում մեր Տիրոջը, ջերմեռանդությունն է Նրա Մոր՝ Մարիամի նկատմամբ, և որքան շատ է մարդու հոգին նվիրվում Մարիամին, այնքան ավելի շատ է այն նվիրվում Հիսուս Քրիստոսին»[1]:

 

Սբ. Ալֆոնսուս Լիգուորի

Ալֆոնսուս Մարիա Լիգուորիի (1696-1787թթ.) մարեմաբանությունը վերաիմաստավորում, միավորում և պաշտպանում է Սուրբ Օգոստինոսի, Ամբրոսիուսի և ա՛յլ Հայրերի մարեմաբանական հայացքները: Նա տարածում էր Տիրամոր մարմնով Երկինք վերափոխվելու մասին վարդապետությունը (որը Եկեղեցին որպես դոգմա հռչակեց գրեթե երեք հարյուրամյակ հետո), բացատրելով, որ Տեր Հիսուս Քրիստոսը չէր կարող թույլ տալ, որ Իր Մոր մարմինը ենթարկվեր ապականության, որովհետև դա կլիներ անպատվություն, քանի որ Նա Ինքն էր ծնվել Մարիամից և վերցրել Նրա կուսական, անապական մարմնից: Մարիամը պետք է կիսեր Որդու փառքը: «Մարիամի փառքը» գրքում Լիգուորին Մարիամին անվանում է «Երկնքի Դուռ»՝ հիմնվելով Սուրբ Բեռնարդոսի հետևյալ խոսքերի վրա. «Ոչ ոք չի կարող մտնել Երկինք, եթե ո՛չ միայն՝ Մարիամի միջոցով, ինչպես դռան միջով»: Լիգուորին նաև գրել է «Ողջ լեր, Թագուհի» աղոթքի բացատրությունը:

 

Սբ. Թերեզա Հիսուս Մանկան. Մարիամի Փոքրիկ Ծաղիկը

Փոքրիկ Թերեզան` «մեր ժամանակների մեծագույն Սուրբը», ինչպես նրա մասին ասում էր Պիուս Տասներորդ Պապը, նաև Կույս Մարիամի ամենամեծ սիրահարներից էր: Իր վանական ուխտադրությունից որոշ ժամանակ անց Թերեզան նկարեց իր իսկ խորհրդանշական նկարը՝ ձյան պես ճերմակ շուշան, որ խորհրդանշում էր իր հոգին, որի վերևում մի շողշողացող աստղ՝ «Մ» տառով, այսինքն՝ Մարիամ, որն իր շողերը տարածում էր շուշանի թերթիկների վրա: Թերեզան սիրում էր ինքն իրեն անվանել «Մարիամի Փոքրիկ Ծաղիկ», իսկ Մարիամին անվանում էր իր երկնային պարտիզպանը: Երբ վանքի մեծավորներից հրաման ստացավ գրելու իր ինքնակենսագրությունը, Թերեզան նախևառաջ դիմեց Սուրբ Կույսի օգնությանը. «Նախքան գրիչը ձեռքս վերցնելը», գրում է նա, «ծունկի եկա Երանելի Կույսի արձանիկի առաջ, ով շատ անգամներ ապացուցել է, որ մեր ընտանիքն իր մայրական պաշտպանության ներքո է, և աղաչեցի Նրան, որ առաջնորդի իմ ձեռքը և թույլ չտա, որ գրեմ նույնիսկ մեկ տող, որ տհաճ կլինի իր համար» (Ինքնակենսագրություն, 15):

 

Սբ. Մաքսիմիլիան Քոլբե

Երբ դեռևս ճեմարանական էր, 1915թ.ին Մաքսիմիլիան Քոլբեն (1894-1941թ.) վեց ա՛յլ ուսանողների հետ միասին հիմնեց մի շարժում, որ կոչվում էր «Անարատի զորախումբ» («Militia Immaculatae»), տարածելու համար Անարատ Հղության ջերմեռանդությունը: Մաքսիմիլիանը մասամբ ոգեշնչվել էր 1858թ.ին Լուրդում Անարատ Հղության Տիրամոր երևումներից: Նա ընդգծում էր, որ հարկավոր է նորոգել Մկրտության խոստումները՝ ամբողջովին նվիրվելով Անարատ Հղացյալին. Քոլբեն սա համարում էր Հիսուսի հետ միության հասնելու ամենակատարյալ ճանապարհը: Ավելի ուշ, Քոլբեն հիմնեց մի վանք, որն անվանեց «Անարատ Քաղաք» և սկսեց հրատարակել «Militia Immaculatae» թերթը: Քոլբեի ջանքերը՝ տարածելու Անարատ Հղացյալի հանդեպ ջերմեռանդությունը, նրա համար ապահովեցին «Մարիամին Նվիրվելու Առաքյալ» անունը:

 
***
 
Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Հայրերի գրություններից Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին նվիրված էջերի մի ընտրանի կարող եք ընթերցել « Հայրախոսական հատվածներ Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին » էջում։

[1] Հովհաննես Պողոս Երկրորդ, Սուրբ Կույս Մարիամի Վարդարանը, (Հոկտեմբեր 16, 2002).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։