Հակառեֆորմիստական ժամանակաշրջան – Գրադարան – Mashtoz.org

Հակառեֆորմիստական ժամանակաշրջան

Սբ. Պետրոս Քանիզիուս

Սբ. Պետրոս Քանիզիուսը (1521-1597թթ.), ով Հիսուսյան Միաբանության անդամ, ազդեցիկ աստվածաբան և բողոքականության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկն էր, ուսուցանում էր, որ դեպի Հիսուս Քրիստոսը տանող ճանապարհներ շատ կան, բայց դրանցից լավագույնը Կույս Մարիամն է: Նա ջանում էր ցույց տալ Մարիամի հանդեպ ջերմեռանդ նվիրման գործնական արդյունավետությունը և այն պաշտպանում էր բողոքականության որոշ ներկայացուցիչների հարձակումներից: Մարեմաբանության մասին նա գրել է երեք դասագրքեր՝ լատիներեն և գերմաներեն լեզուներով, որոնք լայնորեն տարածվել են կաթոլիկ համայնքներում: Նա ընդգծում էր, որ «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքը հիմքն է մարեմական ամբողջ ջերմեռանդության: Գրել է նաև մարեմաբանական ա՛յլ գրքեր, որոնցում կան աղոթքներ՝ ուղղված Աստվածամորը, և խորհրդածության էջեր: Կա մի ավանդություն, ըստ որի՝ Քանիզիուսն է «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքի երկրորդ մասի՝ «Սրբուհի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին» հատվածի հեղինակը. իրոք, առաջին անգամ այս հատվածը այդ աղոթքի մեջ հանդիպում է Քանիզիուսի քրիստոնեական կրոնուսուցման դասագրքում՝ 1555թ.ին: Տասնմեկ տարի հետո՝ 1566թ.ին, այն ընդգրկվեց Տրիդենտյան Ժողովի քրիստոնեական կրոնուսուցման դասագրքի մեջ:

Աստվածաբան Շեեբենի կարծիքով, «Պետրոս Քանիզիուսը ընձեռեց կաթոլիկ ողջ մարեմաբանության դասական պաշտպանություն՝ ընդդեմ բողոքական հարձակումների»[1]:

 

Սբ. Ռոբերտ Բելլարմինո

Հիսուսյան միաբան, կարդինալ, Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ Ռոբերտ Բելլարմինոն (1542-1621թթ.) ամեն օր աղոթում էր Վարդարանը և Տիրամորը նվիրված ժամերգությունը, նաև առանձնապես նվիրված էր Անարատ Հղությանը: Պիուս Տասներկուերորդ Պապը հղումներ է անում Բելլարմինոյին՝ իր 1950թ.ի «Ամենաառատաձեռն Աստված» («Munificentissimus Deus») Առաքելական Սահմանադրության մեջ, որով հռչակվեց Տիրամոր Վերափոխման դոգման:

 

Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացի

Ֆրանցիսկոս Սալեզացին (1567-1622թթ.) տասներկու տարեկան էր, երբ մեկնեց Փարիզ՝ սովորելու Քլերմոնի Հիսուսյան վարժարանում, որտեղ միացավ Մարիամի Ընկերակցությանը: Մարիամի Անարատ Հղության այդ ժամանակ դեռևս վիճարկվող դոգման Հիսուսյան Միաբանության մարեմական ջերմեռանդության կարևոր մասերից մեկն էր: 1584թ.ի կրոնական անձնական ճգնաժամը նրան առաջնորդեց դեպի դոմենիկյան Սուրբ Ստեփանոս եկեղեցու «Բարի ազատագրման Տիրամայր» մատուռը, որտեղ նա ուխտ կատարեց և նվիրվեց Երանելի Կույս Մարիամին:

Դառնալով Ժնևի եպիսկոպոսի օգնականը, Սալեզացին առաքելություն էր կատարում կալվինիստական Շաբլե շրջանում, որտեղ նաև ջանում էր տարածել մարեմական ջերմեռանդությունը: Երբ դարձավ եպիսկոպոս, նա եկեղեցիներ ու մատուռներ կառուցեց՝ նվիրված Տիրամորը: Դրանցից շատերը նվիրվեցին ի պատիվ Անարատ Հղացյալի և Սուրբ Կույսի Վերափոխման:

Իր «Բարեպաշտ կյանքի ներածություն» գրքում Սալեզացին խրախուսում է Մարիամի հանդեպ ջերմեռանդությունը՝ հատկապես սեփական անձը վստահելով Կույսի մայրական Սրտին: Աստծո սիրո մասին իր ճառի մեջ նա հետևում է Եր. Հովհաննես Դանս Սքոթին և ասում, որ նախատեսված լինելով՝ դառնալու Աստծո Մայրը, Մարիամը եզակի արտոնությամբ մաքուր պահվեց ադամական մեղքից՝ իր մոր արգանդում հղացման պահից ևեթ: Սա տեղի ունեցավ Քրիստոսի վաստակների (արժանիքների) նախապես Մարիամի նկատմամբ գործադրման շնորհիվ և այդպիսով տեղի ունեցավ Մարիամի նախապես փրկությունը կամ մեղքից անարատ պահվելը: Ֆրանցիսկոս Սալեզացին Աստծո և մարդկության միջև փոխադարձ սիրո խորհրդանիշ է համարում Հիսուսի և Մարիամի սրտերի միությունը:

[1] Շեեբեն, Կաթոլիկ Դոգմատիկայի ձեռնարկ, 1882, էջ 478.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։