Վաղ շրջանի Սրբերը Մարիամի մասին – Գրադարան – Mashtoz.org

Վաղ շրջանի Սրբերը Մարիամի մասին

Պատմության ընթացքում Ընդհանրական Եկեղեցու մարեմաբանությունն ազդվել է բազմաթիվ Սրբերի և Եկեղեցու Սուրբ Հայրերի գրություններից, ովքեր գրել են Աստծո ծրագրի մեջ Մարիամի կենտրոնական դերակատարության մասին: Սրբերի գրություններին հղումներ են արել Սրբազան Պապերը՝ Մարիամին նվիրված իրենց կոնդակներում: Այստեղ ներկայացված են մի քանի համառոտ նկարագրություններ՝ որոշ Հայրերի խորհրդածությունների մասին, թե ո՛վ է Աստվածամայրը:

 

Սբ. Իրենեուս Լուգդունացի

Իրենեուսը (մոտ 140-202թթ.), հավանաբար, Եկեղեցու Հայրերից ժամանակագրությամբ առաջինն է, որ մանրամասն տեսություն է զարգացրել Մարիամի մասին: Երիտասարդ ժամանակ նա հանդիպել է Պողիկարպոսին և ա՛յլ քրիստոնյաների, ովքեր անմիջականորեն շփվել էին Առաքյալների հետ: Հետևելով Պողոս Առաքյալի Հռոմեացիներին ուղղված Նամակի Հինգերորդ գլխին, նա միաժամանակ սուրբգրային և քրիստոսաբանական վերլուծություն է կատարում, ներկայացնելով Քրիստոսին որպես «Նոր Ադամ»։ Իրենեուսն ավելի է ընդարձակում Հուստինոս Վկայի (100-165) մտքերը, և Եվայի ու Մարիամի միջև տարբերությունը ներկայացնում է իր «Ընդդեմ հերետիկոսությունների» և «Առաքելական քարոզության ապացույց» աշխատություններում:

Իրենեուսը գրում է. «Մարիամ Կույսը հնազանդ է՝ ասելով. ''Ահա՛, ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող որ ինձ քո խոսքի համաձայն լինի'' (Ղկս 1, 38): Իսկ Եվան անհնազանդ եղավ, նա չհնազանդվեց՝ լինելով դեռ կույս: Եվ նույնիսկ ունենալով ամուսին՝ Ադամին, նա դեռևս կույս էր. [...] անհնազանդ լինելով՝ դարձավ մահվան պատճառ և՛ իր, և՛ մարդկային ողջ ցեղի համար։ Նմանապես Մարիամն էլ՝ նշանված լինելով մի մարդու հետ և, այդուամենայնիվ, լինելով կույս, հնազանդվելով՝ եղավ փրկության պատճառ իր և մարդկային ողջ ցեղի համար։ [...] Այստեղ հղում է արված դեպի ետ՝ Մարիամից դեպի Եվա, որովհետև այն, ինչը միացվել է, չի կարող բաժանվել ա՛յլ կերպ, քան միայն՝ ետ շրջելով այն գործընթացը, որի միջոցով այդ միության կապը ծագել էր, որպեսզի նախկին կապը վերացվեր նոր կապով, որպեսզի նորը կրկին ազատ արձակեր հնին: Իրականում, այնպես եղավ, որ առաջին կապը արձակվում է երկրորդ կապով և երկրորդ կապը զբաղեցնում է առաջինի տեղը, որը վերացվել է. [...] Եվայի անհնազանդության հանգույցը քանդվեց Մարիամի հնազանդությամբ: Որովհետև այն, ինչը կույս Եվան ամուր կապել էր անհավատությամբ, Կույս Մարիամը արձակեց հավատքով» (Ընդդեմ հերետիկոսությունների, Գիրք Գ, Գլուխ 22):

Իրենեուսի զարգացրած այս թեման ազդել է նաև Ամբրոսիուս Մեդիոլանումացու և Տերտուղիանոսի հայացքների վրա, ովքեր գրում էին Մարիամի կուսական հղիության մասին: Հետագայում՝ 1854թ.ին, Պիուս Իններորդ Պապը, Անարատ Հղության մասին դոգման հռչակելիս՝ իր Կոնդակում հղում կատարեց Իրենեուսի մտքերին:

 

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի

Ամբրոսիուս Մեդիոլանումացին (339-397թթ.) եղել է այժմյան Միլանի եպիսկոպոսը և հռչակված է Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ։ Նա Չորրորդ դարի ամենաազդեցիկ եկեղեցական Հայրերից մեկն է: Մարիամի վերաբերյալ նրա տեսության առանցքային գաղափարներն էին Մարիամի կուսությունը և նրա դերը որպես Աստծո Մայր՝ «զերծ որևէ թերությունից կամ անկատարությունից, որ ճառագում է բացառիկ մեծությամբ և սրբությամբ»:

390թ.ին նա պաշտպանում էր Մարիամի մշտնջենավոր կուսության մասին վարդապետությունը՝ ընդդեմ Հովինիանոսի հարձակումների և Բոնոսուս Սարդիկեցու ուսմունքի, ով ասում էր, թե Մարիամը Հիսուսից հետո ա՛յլ երեխաներ էլ է ունեցել: Ամբրոսիուսն ասում է, որ եթե այդպես լիներ, Հիսուսն իր Մորը չէր հանձնի Հովհաննեսին (հմմտ. Հվհ 19, 26-27):

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի

Հյուսիսային Աֆրիկայում Մարիամի հանդեպ ջերմեռանդությունն այնքան էլ ուժեղ չէր Սուրբ Օգոստինոսի ժամանակ (354-430թթ.), եթե համեմատենք այդ տարիներին նահատակված մարտիրոսների հանդեպ տածված ջերմեռանդության հետ: Օգոստինոսը մահացավ Եփեսոսի Ժողովից մեկ տարի առաջ. 431թ.ին Եփեսոսի Ժողովում ամրագրվեց Մարիամի «Աստվածածին» տիտղոսը, որն ավելի խորը կերպով էր բացատրում Մարիամի դերը Փրկագործության մեջ: Օգոստինոսը անկախ մարեմաբանություն չզարգացրեց, բայց Մարիամի մասին նրա խոսքերն իրենց քանակով և խորությամբ գերազանցում են վաղ շրջանի ա՛յլ աստվածաբանների գրություններին: Նրա հիմնական թեմաները քննարկվում են «Սուրբ կուսության մասին» աշխատության մեջ, որտեղ նա բացատրում է, որ Եկեղեցու նման՝ Մարիամը և՛ Կույս է, և՛ Մայր, միաժամանակ ֆիզիկապես և հոգեպես:

Օգոստինոսն ասում է, որ Մարիամն ավելի երանելի է՝ հավատքն ընդունելով հանձինս Քրիստոսի, քան թե՝ հղանալով Քրիստոսի մարմինը: Մարիամի մայրության նկատմամբ Օգոստինոսի հետաքրքրությունը քրիստոսակենտրոն է և ընդգծում է Քրիստոսի և՛ ամբողջական մարդկությունը, և՛ ամբողջական աստվածությունը:

 

Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի

Կյուրեղ Ալեքսանդրացին (412-444թթ.) նախագահում էր Տիեզերական Երրորդ Ժողովում, որը Եփեսոսի 431թ.ի ժողովն էր, որտեղ, ինչպես ասացինք, վավերական հռչակվեց «Աստվածածին» տիտղոսը: Այս անհրաժեշտությունը ծագեց Նեստոր անունով մի եպիսկոպոսի բացած քրիստոսաբանական և մարեմաբանական վիճաբանության պատճառով: Նեստորը նախընտրում էր Մարիամին անվանել ո՛չ թե Աստվածածին, այլ՝ Քրիստոսածին, որին հակառակվում էր Ալեքսանդրիայի եպիսկոպոս Կյուրեղը, ասելով, որ Նեստորը դրանով երկու մասի էր բաժանում Քրիստոսի Անձը, մինչդեռ այն միասնական և անբաժանելի է: Կյուրեղ Ալեքսանդրացու դիրքորոշումն, անշուշտ, սոսկ իր անձնական դիրքորոշումը չէր, ո՛չ էլ նորություն էր, այլ՝ արտահայտում էր ողջ ուղղադավան Եկեղեցու համոզումը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։