Միջին դարերի Սրբերը Մարիամի մասին – Գրադարան – Mashtoz.org

Միջին դարերի Սրբերը Մարիամի մասին

Սբ. Բեռնարդոս Քլերվոյացի

Սբ. Բեռնարդոս Քլերվոյացին (1090-1153թթ.), լինելով իր ժամանակի ամենաազդեցիկ աստվածաբաններից մեկը, բազմաթիվ ճառեր է գրել Մարիամի Վերափոխման և Փրկագործության մեջ ունեցած նրա դերակատարության մասին: Նա Սուրբ Կույսին սիրում էր անվանել «Ծովաստղ Տիրուհի»: Ահա՛ թե ի՛նչ է գրում նա.

«Երբ գայթակղության փոթորիկները հեղվում են վրադ, երբ ընկնում ես փորձությունների ժայռերի վրա, հայացքդ հառի՛ր այն Աստղին, որ կոչվում է Մարիամ: Երբ քեզ կուլ է տալիս հպարտությունը, կամ հավակնոտությունը, կամ ատելությունը, կամ նախանձը, նայի՛ր Աստղին, որ կոչվում է Մարիամ: Երբ բարկությունը, կամ ագահությունը, կամ մարմնական ցանկությունը վայրագորեն հարձակվում են հոգուդ թույլ նավի վրա, նայի՛ր Աստղին, որ կոչվում է Մարիամ: Երբ խռովվում ես մեղքերիդ հրեշավորությունից, հուսահատված խղճիդ արատավորված վիճակից, և սարսափած գալիք ահավոր դատաստանի մասին մտքից՝ դու սկսում ես սուզվել տխրության անհատակ վիհը և կուլ գնալ հուսալքության անդնդի մեջ, այդ ժամանակ մտածի՛ր Մարիամի մասին, կանչի՛ր Մարիամին: Թող որ նրա անունը չհեռանա քո շուրթերից, երբեք մի՛ հեռացրու Մարիամին քո սրտից»[1]:

1953թ.ին, Մարիամին նվիրված նրա գեղեցկագույն քարոզները հաշվի առնելով, Սբ. Բեռնարդոսի մահվան 800-ամյակի կապակցությամբ՝ Ն.Ս. Պիուս Տասներկուերորդ Պապը նրան անվանեց «Մեղրածոր Վարդապետ», այսինքն՝ մեկը, ում բերանից անուշություն է ելնում (Քաղցրաբերան)։

 

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի

Հիլդեգարդը (1098-1179թթ.) միջնադարյան կին աստվածաբանների մեջ միակն է, որի մարեմաբանությունը ներկայանում է որպես համակարգված տեսություն: Հիլդեգարդը «Սիմֆոնիա» անունով 63 տաղերից բաղկացած մի աշխատություն ունի, որտեղ 16 տաղ նվիրված է Աստվածամորը: Նա գրում է, որ Սուրբ Կույսը էական դերակատարություն ունի փրկության պատմության մեջ՝ լինելով ակտիվ համագործակից Քրիստոսի հետ: Երկրորդ կարևոր թեման այն է, որ Մարիամը բուժեց այն վերքը, որը Եվան իր անհնազանդությամբ բերեց աշխարհ: Հիլդեգարդի ներկայացրած մարեմական կերպարը շատ միստիկ-վանական դիմագիծ ունի:

 

Սբ. Դոմենիկոս Գուձման

Ժողովրդական մեծ տարածում ունի այն գեղեցիկ ավանդությունը, ըստ որի՝ Սուրբ Դոմենիկոսը (1170-1221թթ.) Վարդարանի աղոթքը տեսիլքի միջոցով ստացել է Կույս Մարիամից: Նույն ավանդության համաձայն, Սուրբ Դոմենիկոսը Վարդարանի աղոթքով է Եկեղեցին պաշտպանել ալբիականների հերետիկոսությունից և իր հիմնած Միաբանության միջոցով լայնորեն տարածել է այդ աղոթքը:

 

Սբ. Անտոն Պադովացի

Սբ. Անտոն Պադովացու (1195-1231թթ.) բազմաթիվ քարոզներում ակնհայտ է հեղինակի հավատքը մարեմական բազմաթիվ վարդապետությունների հանդեպ, որոնք Եկեղեցին որպես դոգմա հռչակել է հետագա դարերի ընթացքում միայն: Օրինակ, մտորելով Մարիամի Վերափոխման մասին՝ նա գրում է, որ ինչպես Հիսուսը հարություն առավ մեռելներից, այնպես էլ՝ Մարիամը: Սուրբ Անտոնը նաև խոսում էր Մարիամի անարատ հղացման և մեղքից ամբողջովին մաքուր լինելու մասին: Սուրբ Անտոնը Ֆրանցիսկյան Միաբանության ամենաուսյալ վանականներից էր և Եկեղեցու Վարդապետ էր համարվում արդեն իր կենդանության օրոք, թեև պաշտոնապես այդպիսին հռչակվեց միայն 1946թ.ին: Նրա մարեմաբանական մտքերը մեծ ազդեցություն ունեցան Ֆրանցիսկյան Միաբանության մարեմական հայացքների վրա դարեր շարունակ:

 

Սբ. Կատարինե Սիենացի

Սբ. Կատարինե Սիենացին (1347-1380թթ.), ով Դոմենիկյան Միաբանության երրորդ կարգի միանձնուհի էր և հռչակված է Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ, իր բոլոր ավելի քան 300 նամակները սկսում է այսպես. «Հանուն խաչյալ Հիսուս Քրիստոսի և անուշ Մարիամի»: Կատարինեի համար Մարդեղությունը փրկության սկիզբն է: Նա շատ նվիրված էր Մարիամին և սովորություն ուներ յուրաքանչյուր շաբաթ օր նվիրել Սուրբ Կույսին և աղոթում ու տարածում էր Երանելի Կույս Մարիամին նվիրված հատուկ ժամերգությունը:

[1] Սբ. Բեռնարդոս, Ավետման Երկրորդ Ճառ, 17 (Migne, P.L., CLXXXIII, 70-b, c, d, 71-a).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։