1) Պանթեիզմի տեսակները – Գրադարան – Mashtoz.org

1) Պանթեիզմի տեսակները

Պանթեիստներին կարող ենք բաժանել գլխավոր չորս խմբերի:

Ա. – Առաջին խմբին են պատկանում նրանք, ովքեր որոշակի և հատուկ ուսմունք չունեն, այլ, երևակայությամբ տարված, սիրում են ավելի շատ բանաստեղծել, քան փիլիսոփայել:

Հայ հեղինակներից Ինտրայի ներաշխարհում ենք հանդիպում նման բանաստեղծական գաղափարների.

«Նյութ ասվածը», գրում է Ինտրան, «խտացված, սահմանափակված Արևն է, Հոգին է, և հոգին՝ սահմանազերծ, անպարագիծ նյութը. Նյութի նախնաձևությունն ու վերջաձևությունն է: Այս երկու անհուն ձևերն արարածների մեջ ժամանակակից են անհունազան չափերով. բոլոր էակներն այս երկու ձևերը միասին, միատեղ են կրում։ [...] Աստված ամեն բանի ընդհանրությունն է, [...] այն ընդհանրությունը, որով ամեն բան մատուցվում է առ հոգին, որը տենչում է միայն յուրացնել, որովհետև խորապես ընդհանրական է, նման բոլորին» և «իմացականորեն ըմբռնումը նյութականորեն յուրացման առաջին ու վերջին ձևն է»[1]:

Պանթեիզմի արձագանքը կա նաև Ա. Ահարոնյանի հետևյալ տողերում.

«Ա՛յլ է բնությունը ցերեկվա լույսով, միանգամայն ա՛յլ է գիշերը, երբ խավարը ծածկում է բոլորը՝ ինչպես որ կարող է զգայարաններն արթուն պահել և մնում է տիեզերքի ոգին, որն էությունների անբաժան մասն է, միաձույլ ամբողջություն է քո հետ»[2]:

Բ. – Երկրորդ խմբին են պատկանում այն պանթեիստները, համաձայն որոնց՝ տիեզերքի բոլոր էակները Աստծո լինելիության «արտազեղումն» են: Ինչպես լույսի շողերն են ծագում արևից, կամ պտուղները՝ ծառից, այդպես էլ արարածներն են բխում Աստծուց և իրենց կյանքի շրջանը բոլորելուց հետո վերադառնում են առ Աստված:

Պանթեիզմի այս մտածելակերպը գոյություն ուներ արդեն բրահմայականների ու բուդդիստների մոտ:

Այս կարծիքին հարող հեղինակներից էին՝ Քրիստոսից առաջ ստոիկներն ու Պլատոնը, իսկ ավելի ուշ շրջանում՝ Յոհան Սքոթ Էրիժենը և Ջորդանո Բռունոն:

Գ. – Երրորդ խմբին պատկանողներին կարելի է կոչել իրապաշտ (ռեալիստ) պանթեիստներ, համաձայն որոնց՝ Աստված անհուն գոյացություն է, և տիեզերքի էակներն այդ գոյացության առանձին իրական կերպավորումներն են:

Իրենց համաձայն՝ աստվածային գոյացությունը երկու գլխավոր արտահայտություն ունի. տարածություն (ծավալ) և բանականություն (մտածում, միտք): Որպես տարածություն՝ Աստծո գոյությունը կազմում է նյութական աշխարհը, իսկ որպես բանականություն՝ հոգեղեն աշխարհը:

Այս ուսմունքի գլխավոր ներկայացուցիչն է հրեա փիլիսոփա Բ. Սպինոզան, ով փոքր տարբերություն է դնում անհուն գոյացության և էակների միջև: «Ամեն էակ», ասում է նա, «թեև չի կարող գոյություն ունենալ և խորհել առանց Աստծո, սակայն, Աստված նրանց էությանը չի պատկանում»[3]: Այսինքն, բոլոր էակներն Աստծո գոյությունը ունեն՝ առանց Աստծո էությունն ունենալու:

Դ. – Չորրորդ խմբին պատկանողները կոչվում են գաղափարապաշտ (իդեալիստ) պանթեիստներ:

Նրանք, ավելի առաջ գնալով, ասում են. էակներն աստվածային գոյացության ո՛չ արտազեղումներն են, ո՛չ էլ նրա իրական կերպավորումները, այլ՝ միայն գաղափարական, իդեալական, մտապատկերային կերպավորումները:

Նրանց նախահայրն է Քանթը, ով մեր ճանաչողության մեջ մտցրեց երկու բան. ա) «արտաքին իրը», որի ի՛նչ լինելը մենք չգիտենք, բ) իրի «կերպարանքը, դրսևորումը, ընկալումը», որը ճանաչող ենթական (սուբյեկտը) տալիս է այդ արտաքին անճանաչելի իրին:

Իդեալիստ պանթեիստները մերժեցին Քանթի «արտաքին իրը»՝ որպես սին և խաբեական, և ասացին, որ մեր ճանաչողությունը առարկայական ոչ մի արժեք չի կարող ներկայացնել:

Ահա՛ այս սկզբունքով իդեալիստները ցանկանում են, որ «Բանականությունը» կամ «Գաղափարը» միակ իրականությունը լինի:

Յուրաքանչյուր գաղափարի մեջ երեք կետ պետք է դիտարկվի. 1) Ենթակա (սուբյեկտ), որ մտածում է. 2) Առարկա (օբյեկտ), որի մասին մտածում են. 3) Միությունը ենթակայի ու առարկայի միջև:

Ըստ իդեալիզմի, առաջին էակը, ինքն իր գիտակցումը ունենալու համար, ինքն իրեն վերածում է առարկայի և, այն ճանաչելով, ունենում է իր գիտակցումը:

Առաջին էակը, որի ընդհանուր անունը «Բանականությունն» է, տարբեր կերպ է ընկալվել իդեալիստ փիլիսոփաների կողմից:

Ֆիխտեն այն կոչում է Գերազանց «Ես», Շելլինգը՝ «Բացարձակ», իսկ Հեգելի համար Աստված վերացական և անորոշ էակի «Գաղափարն» է:

Այդ բոլոր փիլիսոփաների համաձայն՝ այդ առաջին էակը, ի՛նչ անուն էլ որ տրվի նրան, անորոշ վիճակից անցնում է որոշակի վիճակի, գաղափարից դառնում է իրականություն, բացարձակից վերածվում է հարաբերականի:

Մի խոսքով, պանթեիզմն այն ուսմունքն է, համաձայն որի՝ Աստված և տիեզերքը կազմում են միևնույն իրականությունը:

Այդ միակ իրականությունը. 1) զուտ նյութ է, ասում է նյութապաշտական (մատերիալիստական) պանթեիզմը, 2) նյութից ու մտքից, գաղափարից է ձևավորվել, ասում է իրապաշտական (ռեալիստական) պանթեիզմը, 3) լոկ մտածում է, ասում է գաղափարապաշտական (իդեալիստական) պանթեիզմը:

Այդ առաջին էակը ոմանք պատկերացնում են. 1) որպես աղբյուր, որից բխում են և որին վերադառնում են բոլոր էակները. 2) մյուսները՝ որպես անհուն մի գոյացություն, օժտված տարածության և մտքի երկու հատկություններով, որի իրական կերպերն են նյութական և հոգեկան էակները. 3) իսկ շատերն այն ընկալում են որպես զուտ հոգեկան մտածում (միտք), որի գաղափարական կերպերն են էակները:

[1] ԻՆՏՐԱ, Ներաշխարհ, Կ. Պոլիս 1906, էջ 116, 119.
[2] Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ, Իմ Գիրքը, Ժողովածու երկերի, հտր. Իններորդ, Վենետիկ 1948, էջ 73.
[3] SPINOZA, Ethica, II prop. X shol.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։