ԱՍՏԾՈ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ. ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼՆ Է, ԱՆՀՈՒՆ Է ԵՎ ՄԻԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՍՏԾՈ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ. ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼՆ Է, ԱՆՀՈՒՆ Է ԵՎ ՄԻԱԿԸ

ԱՍՏԾՈ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին ճանապարհը մեզ ցույց է տալիս Աստծո ամենակատարյալությունը, անհունությունը և միակը լինելը:

Աստծո գոյության երրորդ և չորրորդ ապացույցներում տեսանք, որ Աստված բոլոր էակների գոյության և կատարելությունների Առաջին Պատճառն է:

Էակներն իրենք չեն տնօրինում իրենց սահմանափակ կատարելությունները, այլ՝ Աստծուց են ստանում դրանք: Աստված Ինքն Իրենով ունի այդ կատարելություններն անսահման չափով:

Էակների բոլոր կատարելությունները պետք է գտնվեն Աստծո մեջ, քանի որ նրանց գոյության և կատարելության իրական պատճառն է: Չէ՞ որ որևէ արդյունքի մեջ գտնվող բոլոր կատարելությունները պետք է գտնվեն նաև նրա պատճառի մեջ:

Գոյություն ունեցող յուրաքանչյուր էակ միայն Աստծուց կարող է ծագում առնել:

Այսպիսով, Աստված բոլոր կատարելությունների միակ աղբյուրն է: Անկատարության ստվերն անգամ չկա իր մեջ: Զուտ, մաքուր կատարելությունն է Նա, որ ո՛չ աճում է, ո՛չ էլ նվազում՝ ուրիշներին ինչ-որ բան հաղորդելով:

Եթե արարածների բոլոր կատարելություններն ավելացնենք Աստծուն, նրա կատարելություններին ոչինչ չի ավելանա, ինչպես որ ամենագիտակ ուսուցչի գիտելիքների վրա իր աշակերտների գիտելիքները ոչինչ չեն ավելացնի: Որքան էլ որ ավելացնենք կամ պակասեցնենք մարդու լուսանկարները, նրա վրա ոչինչ չի ավելանա, կամ նրանից ոչինչ չի պակասի: Նույն կերպ որքան էլ որ շատանան կամ քչանան բոլոր արարածները, որոնք Աստծո անկատար նմանություններն են, Աստված կմնա անփոփոխ և ամենակատարյալ:

 

ԱՍՏՎԱԾ ԱՆՀՈՒՆ Է

Աստված ամենակատարյալ էակ է: Բայց ամենակատարյալ էակը պետք է լինի նաև անհուն կամ անսահման մի էակ, որովհետև, եթե սահմանավոր լինի, այդ ժամանակ իրեն ինչ-որ բան պիտի պակասի: Անկատար որևէ բան պետք է սահմանափակի իր ամենակատարյալությունը:

Մյուս կողմից տեսանք, որ Աստված «լինելու» լիությունն է, ուստի լիությունը ամեն բանի, լիություն անհուն և անսահման:

 

ԱՍՏՎԱԾ ՄԻԱԿ Է

Բազմաստվածությունն ընդհանուր երևույթ էր դարձել Քրիստոսին նախորդող դարերում: Բոլոր ազգերը, բացի հրեաներից, իրենց անթիվ աստվածներն ունեին: Հռոմի Պանթեոնում 30.000 աստվածություններ կային: Հռոմեացի վիպասան Պետրոնիուսը ասում էր. «Մեր երկիրն այնքան լեցուն է աստվածներով, որ շատ ավելի դյուրին է այստեղ աստծո հանդիպել, քան մարդու»:

Երրորդ դարի Մանիքեացիներն էլ երկու աստվածներ էին ընդունում, մեկը՝ բարիքների աստված, մյուսը՝ չարիքների:

Սակայն, Աստված միակ է, և մեկից ավել չի կարող լինել: Սա անմիջական հետևանքն է Աստծո անհունորեն կատարյալ լինելու:

Աստված անհուն և ամենակատարյալ էակ է: Բայց միայն մեկ անհուն և ամենակատարյալ էակ կարող է գոյություն ունենալ:

Եթե մեկից ավելի անհուն և ամենակատարյալ էակներ գոյություն ունենան, պետք է որ մեկը մյուսից զանազանվեր:

Բայց որևէ էակ, մյուս էակներից տարբերվելու համար, պետք է յուրահատուկ մի բան ունենա, որը չունեն մյուսները: Եթե բոլոր անհուն էակներն էլ ունենային միևնույն կատարելությունները, այդ ժամանակ մեկի կատարելությունները ոչ մի բանով չպետք է տարբերվեին մյուսի կատարելություններից և իրար հետ պիտի նույնանային:

Երկու էակներ մեկը մյուսից տարբեր լինելու համար պետք է որ իրարից տարբեր բաներ ունենան: Օրինակ՝ երկու իրար բոլորովին նման խնձորներ (եթե հնարավոր լինի այդպիսիք գտնել) իրարից տարբերվում են, որովհետև մեկի նյութը մյուս խնձորի նյութը չէ:

Այսպիսով, անհնարին է, որ երկու կամ ավելի անհունորեն կատարյալ էակներ գոյություն ունենան: Այդ անհուն էակներից մեկը ինքն իրեն մյուսներից զատող մի բան պիտի ունենար, և այդ բանը մյուսների մոտ պիտի չլիներ, և ինչ-որ բանը պակաս ունենալով՝ պետք է դադարեն լինել անհուն և ամենակատարյալ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։