Գլուխ Ա. / գ) Աստծո ճանաչողությունն ըստ Եկեղեցու – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. / գ) Աստծո ճանաչողությունն ըստ Եկեղեցու

36. «Սուրբ Եկեղեցին՝ մեր Մայրը, հաստատում և ուսուցանում է, որ Աստված՝ սկիզբն ու վախճանը ամեն ինչի, ստուգությամբ կարող է ճանաչվել մարդկային մտքի բնական լույսով՝ մեկնելով ստեղծված իրականություններից»[1]: Առանց այս ունակության, մարդը չէր կարողանա ընդունել Աստծո Հայտնությունը: Մարդն ունի այս կարողությունը, որովհետև ստեղծված է «ըստ Աստծո պատկերի» (Ծնդ 1, 27):

 

37. Այդուհանդերձ, պատմական այն իրավիճակներում, որոնցում գտնվում է, մարդը հանդիպում է բազմաթիվ դժվարությունների՝ ճանաչելու համար Աստծուն միմիայն մտքի լույսի միջոցով:

«Իրոք, թեև մարդկային միտքը, պարզ ձևակերպմամբ ասված, միայն իր ուժերով և իր բնական լույսով կարող է իսկապես հասնել մի ճշմարիտ և հավաստի ճանաչման՝ անձնավոր Աստծո վերաբերյալ, Ով Իր Նախախնամությամբ հոգ է տանում աշխարհի մասին և կառավարում է այն, ինչպես նաև՝ մի բնական օրենքի վերաբերյալ, որն Արարիչը գրել է մեր հոգիների մեջ, այնուամենայնիվ՝ միևնույն միտքը հանդիպում է ո՛չ սակավ դժվարությունների՝ իր այդ բնական կարողություններն արդյունավետ և արգասավոր կերպով գործածելու հարցում: Իրոք, Աստծուն և մարդկանց ու Աստծո միջև հարաբերություններին վերաբերվող ճշմարտությունները բացարձակ կերպով անդրանցական են՝ զգայական իրողությունների կարգի համեմատ, և երբ հարկավոր է լինում վերածել դրանք գործի և դրանց համաձայն ապրել կյանքը, պահանջում են բարեպաշտ համակամություն և սեփական անձից հրաժարում: Մարդկային հոգին, արդարև, նման ճշմարտությունների շուրջ իր փնտրտուքների ընթացքում դժվարությունների է հանդիպում զգայարանների և երևակայության ազդեցության ներքո, ինչպես նաև սկզբնական մեղքից ծնված չարամետ հակումների պատճառով: Դրանից հետևում է, որ մարդիկ հեշտությամբ համոզվում են, նման խնդիրների վերաբերյալ, թե կեղծ կամ առնվազն կասկածելի է այն, ինչը որ իրենք չէին ցանկանա, որ ճշմարիտ լիներ»[2]:

 

38. Այս իսկ պատճառով, մարդը կարիքն ունի Աստծո հայտնությամբ լուսավորվելու ո՛չ միայն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք գերազանցում են իր ըմբռնմանը, այլ նաև՝ «կրոնական ու բարոյական ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ինքնըստինքյան անհասանելի չեն մտքին, որպեսզի մարդկային զարմի ներկա վիճակում կարողանան դրանք ճանաչվել բոլորի կողմից առանց դժվարության, հաստատուն ստուգությամբ և առանց սխալի խառնման»[3]:

 
[1] Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 2: DS 3004; հմմտ. նույն, Հայտնության մասին, 2: DS 3026; Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 6: AAS 58 (1966) 819.
[2] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մարդկային ցեղի տարաձայնությունները (DS 3875).
[3] Նույն, DS 3876; հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 2: DS 3005; Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 6: AAS 58 (1966) 819-820; Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 1, q. 1, a. 1, c: Ed. Leon. 4, 6.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։