Գլուխ Բ. - Հոդված 2. / բ) Հարաբերությունը Ավանդության և Աստվածաշնչի միջև – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. / բ) Հարաբերությունը Ավանդության և Աստվածաշնչի միջև

ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՈՒՆՔ ...

80. «Սրբազան Ավանդությունը և Աստվածաշունչը միմյանց միջև սերտորեն կապված և հաղորդակից են: Քանի որ երկուսն էլ բխում են միևնույն աստվածային ակունքից, որոշակի առումով կազմում են մեկ միակ իրականություն և ձգտում են միևնույն նպատակին»[1]: Ե՛վ մեկը, և՛ մյուսը Եկեղեցու մեջ ներկա ու արգասավոր են դարձնում Քրիստոսի խորհուրդը, Ով խոստացել է յուրայինների հետ մնալ «բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 20):

 

... ԱՎԱՆԴՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊԵՐ

81. «Աստվածաշունչը Աստծո խոսքն է, քանի որ գրավոր կերպով շարադրվել է աստվածային Հոգու ներշնչմամբ»:

«Իսկ Սրբազան Ավանդությունը ամբողջական կերպով փոխանցում է Աստծո Խոսքը, որը Քրիստոս Տիրոջ և Սուրբ Հոգու կողմից հանձնվել է Առաքյալներին, և նրանց հաջորդներին, որպեսզի նրանք, ճշմարտության Հոգու կողմից լուսավորված, իրենց քարոզչությամբ այն հավատարմորեն պահպանեն, մեկնաբանեն և տարածեն»[2]:

 

82. Այսպես է լինում, որ Եկեղեցին, որին է հանձնված Հայտնության ավանդման և մեկնաբանման առաքելությունը, «հայտնված բոլոր իրականությունների վերաբերյալ իր վստահությունը քաղում է ո՛չ միայն Սուրբ Գրքից: Ուստի և՛ մեկը, և՛ մյուսը պետք է ընդունվեն և մեծարվեն բարեպաշտության ու հարգանքի հավասար զգացումով»[3]:

 

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

83. Ավանդությունը, որի մասին խոսում ենք այստեղ, այն ավանդությունն է, որ սերում է Առաքյալներից և ավանդում է այն, ինչը որ նրանք ստացել են Հիսուսի ուսուցումներից ու օրինակից և ինչը որ ըմբռնել են Սուրբ Հոգուց: Իրականում, քրիստոնյաների առաջին սերունդը տակավին չուներ գրի առնված Նոր Կտակարանը, և Նոր Կտակարանն ինքը վկայում է կենդանի Ավանդության գործընթացին:

Հարկավոր է այս Սրբազան Ավանդության հետ չշփոթել աստվածաբանական, կարգապահական, ծիսական կամ բարեպաշտական «ավանդությունները», որոնք ժամանակի ընթացքում ծնվել են տեղական Եկեղեցիներում: Դրանք կազմում են մասնակի ձևեր, որոնց միջոցով մեծ Ավանդությունն արտահայտվում է տարբեր վայրերին և տարբեր դարաշրջաններին հարմար ձևերով: Առաքելական Ավանդության լույսի ներքո՝ այս «ավանդությունները» կարող են պահպանվել, փոփոխվել, կամ նաև լքվել, Եկեղեցու Վարդապետության առաջնորդությամբ:

[1] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 9: AAS 58 (1966) 821.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 9: AAS 58 (1966) 821.
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 9: AAS 58 (1966) 821.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։