ՆՎԻՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՎԻՆՈՒՄ ՍՈՒՐԲ ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ՆՎԻՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՎԻՆՈՒՄ ՍՈՒՐԲ ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐԸ

Ո՜վ սքանչելի և սքանչելագործ Սուրբ Հայր Հովսեփ՝ Աստուածահայր,
քա՜ղցր Հայրիկ, նախանձելի՝ քո կյանքով, բայց առավել ևս՝ քո մահվամբ։
Որովհետև քո մահճի մոտ, աջից ու ձախից, ո՛չ միայն Հրեշտակներն էին,
այլ նաև Հրեշտակների Տերն ու նրանց Թագուհին,
քեզ որդիացած Աստվածորդին` Հիսուսը,
և Աստուածամայր Մարիամը՝ քո ճշմարիտ Հարսը միշտ կույս:
Բարեխոսի՜ր, աղաչում ենք քեզ, որպեսզի մենք ևս մեր մահվան պահին
արժանի լինենք գեթ աներևութապես մեզ մոտ ունենալ քեզ,
Հիսուսի և Մարիամի հետ միասին։ Ամեն։
 
Փառավորյալ Սուրբ Հովսեփ Աստվածահայր, մեր հզոր միջնորդ ու բարեխոս,
երկնքի բոլոր Սրբերի, Հրեշտակների և Սուրբ Աստվածածնի ներկայությամբ՝
քո հայրական սրտիդ եմ նվիրում և քեզ եմ վստահում սեփական անձս ու ընտանիքս,
որպեսզի արտաքին ու ներքին չարիքներից պաշտպանված՝
կարողանանք հասնել իսկական քրիստոնյայի կյանքով ապրելուն։
Մեր կյանքի ընթացքում ընկերացի՜ր, պաշտպանի՜ր, պահպանի՜ր և նեցո՜ւկ եղիր ու օգնի՜ր մեզ,
որպեսզի կարողանանք միշտ Աստծո կամքը կատարել, ինչպես որ դու և Սուրբ Կույսը կատարեցիք
Հիսուսի՝ ձեր սիրելի Որդու հետ միասին։
Դու նույնպես կյանքիդ ընթացքում անասելի վտանգների ու տագնապների ու մտատանջությունների ենթարկվեցիր։
Բազմաթիվ անգամներ բախվեցիր անարդարությունների,
աշխատանքիդ դիմաց պատշաճ կերպով չվարձատրվելու խնդրին։
Բայց ամենամեծ փորձությունն այն եղավ, որ Մանկան հրաշալի ծնունդով հազիվ ուրախացած,
ստիպված եղար բռնել պանդխտության ուղին՝ փրկելու համար Զավակիդ մահվան վտանգից։
Ամեն նեղություն, սակայն, անվեհեր քաջությամբ հաղթահարեցիր,
որովհետև գրկումդ Հիսուսն էր, իսկ Մարիամը՝ կողքիդ։
Ես էլ ահա՛ այսօր քեզ եմ հանձնում իմ տագնապները, վախերը, տարակույսները,
անհաջողությունները, անկումները, հույսերը, երազները, սիրտս, մարմինս ու հոգիս։
Թախանձագին խնդրում եմ, Հիսուսից խնդրի՜ր ու ստացի՜ր ամենամեծ շնորհը, որ ընտանիքիցս ոչ ոք դժոխք չգնա,
այլ՝ մահվան ժամին պահպանի՜ր մեզ և առաջնորդի՜ր դեպի հավիտենական երանությունը։ Ամեն։
Քո վրա ենք դնում մեր հույսը։ Քեզ ենք մենք ապավինում։
Շնորհակալությո՜ւն, ո՜վ փառավորյալ Սուրբ Հովսեփ Աստվածահայր։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։