« ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ ՆՇԱՆ Է ՓՆՏՐՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ ՆՇԱՆ Է ՓՆՏՐՈՒՄ »

Սբ. Պետրոս Ոսկեխոս (մոտ 406-450). « Ճառեր », 3 (PL 52, 303-306; CCL 24, 211-215).

 

[...] Հովնանն ինքն է, որ որոշում է նավից դուրս գցվել, – «Բռնեցեք ինձ և ծովը գցեցեք», ասում է (Հվն 1, 12) – ինչը որ պատկերում է Տիրոջ կամավոր Չարչարանքները։ [...] Բայց ահա՛ հայտնվում է մի ծովային հրեշ, մոտենում է մի հսկա ձուկ, որը լիովին պետք է կատարեր ու բացահայտեր Տիրոջ Հարությունը, կամ ավելի ճիշտը՝ իրագործեր այս խորհուրդը։

Հրեշն այստեղ դժոխքի ահարկու պատկերն է. երբ իր սոված բերանը հարձակվում է մարգարեի վրա, ճաշակում և յուրացնում է նրա Արարչի զորությունը, և նրան կուլ տալով՝ փաստացի ինքն իրեն սահմանում է այլևս ոչ ոքի չկլանելու։ Իր ներսի սարսափելի կեցավայրը օթևան է պատրաստում ի վերուստ եկող հյուրի համար. որով այն, ինչը որ դժբախտության պատճառ էր եղել, դառնում է անսպասելի լաստանավ՝ ափից ափ մի անհրաժեշտ անցումի համար, պահելով իր ուղևորին և նրան երեք օր հետո դուրս գցելով ցամաքի վրա։ Այսպիսով՝ հեթանոսներին էր բաշխվում այն, ինչը որ վերցվում էր Քրիստոսի թշնամիների ձեռքից։ Եվ երբ նրանք մի նշան պահանջեցին, Տերը ճիշտ համարեց տալ նրանց միայն այս նշանը, որի միջոցով պետք է որ հասկանային, որ փառքը, որը հուսացել էին ստանալ Քրիստոսից, տրվում էր նաև հեթանոսներին։ [...]

Իր թշնամիների չարամտության պատճառով Քրիստոսը ընկղմվեց դժոխքի քաոսի անդունդների մեջ. երեք օր շարունակ Նա շրջեց այնտեղի բոլոր ծածուկ անկյուններում. ուստի, երբ այնտեղից հարություն առավ, միաժամանակ ցույց տվեց Իր թշնամիների դաժանությունը, սեփական մեծությունն ու մահվան դեմ հաղթանակը։

Արդար կլինի, ուրեմն, որ նինվեացիները ոտքի կանգնեն Դատաստանի ժամանակ՝ դատապարտելու այս սերնդին. որովհետև իրենք, ի լուր միայն մեկ, նավաբեկ, օտար, անծանոթ մարգարեի քարոզչության, դարձի եկան. իսկ այս սերունդը, այդքա՜ն սքանչելի գործերից, այդքա՜ն հրաշքներից, մանավանդ թե՝ Հարության պայծառափայլ փառքով հանդերձ, հավատացյալ չդարձան, ո՛չ էլ դարձի եկան։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։