« ՔԱՐՈԶԵՑԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՔԱՐՈԶԵՑԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է »

Սբ. Հուստինոս (մոտ 100-160). « Առաջին ջատագովություն », 39-42.

 

[...] Երբ մարգարեական Հոգին ավետում է ապագան, ահա՛ թե ինչպես է խոսում. «Սիոնից բխելու է օրենքը, Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։ Նա դատելու է ժողովուրդներին, և դատավոր է լինելու բազմաթիվ ազգերի մեջ։ Նրանք իրենց սրերից խոփեր են ձուլելու, իրենց նիզակներից՝ մանգաղներ. մի ժողովուրդ ուրիշ ժողովրդի դեմ սուր չի բարձրացնելու այլևս, պատերազմական արվեստի մեջ այլևս չեն հրահանգվելու» (Ես 2, 3)։

Այս խոսքերն իրոք իրականացել են։ Տասներկու այրեր ճանապարհ ընկան Երուսաղեմից՝ գնալու համար աշխարհի չորս կողմերը։ Նրանք հասարակ մարդիկ էին և չգիտեին [պերճորեն] խոսել։ Եվ սակայն, աստվածային զորության կարողությամբ բոլոր մարդկանց ավետեցին, որ ուղարկվել էին Քրիստոսի կողմից՝ բոլորին ուսուցանելու համար Աստծո խոսքը։ Եվ մենք, որ մի ժամանակ ա՛յլ բան չգիտեինք, քան միայն մեկս մյուսիս սպանել, ո՛չ միայն չենք հակադարձում այլևս մեր թշնամիներին, այլ, չստելու և մեր դատավորներին չխաբելու համար, ուրախությամբ դավանում ենք Քրիստոսին և մարտիրոսաբար մեռնում։ [...]

Լսեցե՛ք այն, ինչ ասվել է նրանց վերաբերյալ, ովքեր ավետելու էին Նրա գալուստը։ Դավիթ Մարգարե Թագավորն է խոսում, մարգարեական Հոգուց ներշնչված. «Օրը օրվան է հանձնում Նրա պատգամը և գիշերը գիշերվան է փոխանցում Նրա լուրը։ Բարբառ չէ և խոսքեր չեն, որոնց ձայնը չի լսվում։ Ամբողջ երկրով տարածվում է նրանց ձայնը, և մինչև աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը» (Սղմ 19, 3֊5)։ [...]

Մեկ ա՛յլ մարգարեության մեջ մարգարեական Հոգին ավետում է միևնույն Դավթին. «Նոր երգ երգեցեք Տիրոջը ամբողջ երկրից, օրըստօրե ավետարանեցեք Նրա փրկությունը, [...] ասացեք ժողովուրդների մեջ. "Տերը թագավորում է փայտի բարձունքից"» (Սղմ 96, ըստ LXX-ի)։ [...]

Դավիթն այս մարգարեությունն արել է մարդացած Քրիստոսի խաչվելուց հազար հինգ հարյուր տարի առաջ. ոչ ոք Նրանից առաջ չի խաչվել ազգերի փրկության համար, և ո՛չ էլ Նրանից հետո։ Այսօր, մինչդեռ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվել, մեռել, հարություն է առել, բարձրացել է Երկինք, ուր թագավորում է, և այս բարի լուրը – Առաքյալների կողմից ողջ աշխարհով մեկ սփռված – ուրախությունն է նրանց, ովքեր սպասում են Նրա կողմից խոստացված անմահությունը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։