ԿՈԼՈՒՄԲԱ ՄԱՐՄԻՈՆ. « ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌՎԱԾ ՊԱՀԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՂՔԱՏԻ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

ԿՈԼՈՒՄԲԱ ՄԱՐՄԻՈՆ. « ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌՎԱԾ ՊԱՀԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՂՔԱՏԻ ՎՐԱ »

ԵՐ. ԿՈԼՈՒՄԲԱ ՄԱՐՄԻՈՆ (1858-1923). « ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌՎԱԾ ՊԱՀԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՂՔԱՏԻ ՎՐԱ »
 
 
Մեր աչքերը սևեռված պահենք Հիսուսի՝ աստվածային Աղքատի վրա, հիացմունքով դիտենք Մեր Տիրոջը, Ով մեր բնօրինակն է ամեն ինչում և Ում մենք ցանկանում ենք հետևել հանուն սիրո։
Ի՞նչ է մեզ ուսուցանում Իր կյանքը։ Նա, այսպես ասած, ամուսնացել է աղքատության հետ։ Աստված էր։ [...] Եվ ահա՛, այս Աստվածը մարմնանում է՝ մեզ Իր մոտ վերադարձնելու համար։ Ո՞ր ճանապարհն է ընտրում։ Աղքատության ճանապարհը։ Երբ Բանն(*) այս աշխարհ եկավ, Նա՝ երկնքի ու երկրի Արքան, Իր աստվածային իմաստության համաձայն կամեցավ տնօրինել Իր ծննդյան, Իր կյանքի ու Իր մահվան մանրամասները, այնպես՝ որ այն, ինչը որ առավել ցայտուն կերպով է երևում, Իր աղքատությունն է, այս աշխարհի բարիքների հանդեպ Իր արհամարհանքը։
Ամենաաղքատները ծնվում են գոնե մի տանիքի տակ. Նա ծնվեց մի ախոռում, ծղոտի վրա, որովհետև "Նրա մոր համար տեղ չկար պանդոկում" (Ղկս 2, 7)։ Նազարեթում վարում էր աղքատ արհեստավորի ոչնչով աչքի չընկնող գոյություն (հմմտ. Մտթ 13, 55)։ Ավելի ուշ, Իր հասարակական կյանքի տարիներին, գլուխը դնելու տեղ չուներ, "մինչ աղվեսներն իրենց որջերն ունեն" (Ղկս 9, 58)։ Մահվան ժամին կամեցավ մերկացված լինել Իր հագուստներից և մերկ գամվել խաչին։ Թույլ տվեց, որ Իր դահիճները վերցնեին Իր Մոր ձեռքերով գործված պատմուճանը. Իր ընկերները լքեցին Իրեն. Իր առաքյալներից միայն Հովհաննեսին տեսավ Իր մոտ։ Գոնե Իր Մայրը մնար Իր հետ. բայց ո՜չ, նրան էլ որպես մայր տալիս է Իր աշակերտին (հմմտ. Հվհ 19, 27)։
Մի՞թե սա չէ սեփական անձից բացարձակ հրաժարումը։ Եվ սակայն, Նա գտնում է չքավորության այս ծայրահեղ աստիճանից էլ անդին գնալու ձևը։ Կան տակավին երկնային մխիթարությունները, որոնցով Իր Հայրը ողողում է Իր մարդկային բնությունը. և Նա հրաժարվում է նաև դրանցից, որովհետև ահա՛ Իր Հայրը լքում է Իրեն (հմմտ. Մտթ 22, 46)։ Մնում է միայնակ, երկնքի ու երկրի միջև կախված։ [...]
Երբ հիացած դիտում ենք Աղքատ Հիսուսին օրորոցի մեջ, Նազարեթում և խաչի վրա, որ Իր ձեռքերը պարզում է դեպի մեզ և մեզ ասում է. "Այս բոլորը ձեր համար է", հասկանում ենք աղքատությունը սիրողների խենթությունները։
Մեր աչքերն, ուրեմն, սևեռված պահենք Բեթղեհեմի, Նազարեթի ու Գողգոթայի աստվածային Աղքատի վրա։

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։