« ՄԻ՛ ԴԱՏԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉԴԱՏՎԵՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ՛ ԴԱՏԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉԴԱՏՎԵՔ »

Սբ. Հովհաննես Կղիմաքոս (մոտ 575 - մոտ 650), « Սանդուղք դրախտի », 10րդ աստիճան, 8, 10-13, 18.

 

[...] Կեղծ ամոթ մի՛ ունեցիր նրա առաջ, ով քո մոտ չարախոսում է մերձավորի հասցեին, այլ ավելի՝ պատասխանիր նրան. «Վերջ տուր, եղբայր։ Ես էլ եմ ամեն օր ընկնում ավելի ծանր սխալների մեջ։ Ուստի, ինչպե՞ս կարող եմ դատել նրան»։

Այդպես վարվելով՝ մի կրկնակի շահ ձեռք կբերես. միայն մեկ դեղամիջոցով կբժշկես ինքդ քեզ և մերձավորիդ։ Ահա՛ մի կարճ ճանապարհ, որ տանում հասցնում է մեղքերի թողությանը. ի նկատի ունեմ չդատելը, քանի որ ճշմարիտ է այս խոսքը. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք» (Ղկս 6, 37)։ [...]

Նույնիսկ եթե դու ինչ որ մեկին մեղանչելիս տեսնես իր մահվան պահին, անգամ այդ ժամանակ մի՛ դատիր նրան, քանի որ Աստծո դատաստանն անհասանելի է մարդու համար։ Ոմանք մեծ մեղքեր գործեցին բոլորի աչքի առաջ, բայց ծածուկ կատարեցին առաքինության ամենամեծ գործերը։ Նրանց մեղադրողներն, ուստի, սխալվեցին՝ նայելով ծխին, և ո՛չ արևին։

Լսեցեք ինձ, լսեցեք ինձ դուք բոլորդ, որ չարությամբ լի քննադատներ եք այլոց գործերի։ Եթե ճշմարիտ է այս խոսքը, – և անշո՛ւշտ ճշմարիտ է – . «Ինչ դատաստանով դատում եք, նույն դատաստանով դատվելու եք» (Մտթ 7, 2), յուրաքանչյուր մեղք – հոգու և մարմնի – , որի մեջ կմեղադրենք մերձավորին, մենք ինքներս էլ կընկնենք դրա մեջ։ Սա անխուսափելի է։

Մերձավորի խիստ ու առանց մտածելու գործող քննադատներն ընկնում են այս մոլության մեջ, որովհետև լավ չեն պահպանում սեփական մեղքերի տևական հիշատակն ու միտքը։ Իրոք, եթե ազատվեինք սեփական անձի հանդեպ տածված մոլի սիրուց, ճշգրիտ կերպով կտեսնեինք մեր սեփական չարիքները, և ա՛յլ բանով չէինք մտահոգվի կյանքում. կհասկանայինք, որ կյանքն ամբողջ բավական չէ ինքներս մեզ ողբալու համար, նույնիսկ եթե հարյուր տարի ապրեինք և Հորդանանի բոլոր ջրերի թափվելը տեսնեինք մեր աչքերից՝ արցունքի գետերի տեսքով։ [...]

Դատել ուրիշներին՝ նշանակում է անամոթաբար հափշտակել աստվածային առանձնաշնորհությունը. դատապարտել նրանց՝ նշանակում է ավերել մեր սեփական հոգին։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։