« ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ »

Սբ. Եփրեմ Ասորու (306-373), « Հավատքի մասին » աշխատությունից, 1, 20-21

[...] Աչքը սևեռվում է Աստծո արդարության վրա, և հանդիպում է Նրա բարությանը։ Միտքը հայում է Նրա ողորմությանը, և իրեն ընդառաջ է գալիս Նրա խիստ գավազանը։ Մխիթարիչ է հնչում ներման կանչը, ահարկու՝ վրիժառության աղաղակը։ Միտքն, ուստի, թափառում է այս ու այն կողմ, ապշած ու մոլորված, Աստծո բարության ու Նրա արդարության միջև։ Ով քննում է, շփոթված է մնում փաստերի ու հանդիմանությունների միջև։ Տեսնում է, որ չարերն հզոր են, իսկ բարիները հարվածվում են։ Աստծուց կամեցված մաքրագործումը փորձության է ենթարկում հավատարիմներին, Իր գավազանը պատժում է ոճիրները։ Արդարությունն ու բարությունը սերտորեն միահյուսված են, բայց խառնված չեն. միացած են, բայց ո՛չ շփոթված։ Միմիայն իր անբավարարության պատճառով է, որ միտքը չի կարողանում անդրադառնալ, որովհետև չի կարողանում հասկանալ։ Տեսնում է ծերունիների մահը, և տեսնում է նաև պատանիների մեկնումը կյանքից։ Մի կողմից տեսնում է արդարությունը, մյուս կողմից՝ ճիշտ հակառակը. իրոք, արդարներից մեկը տառապում է, մյուսը՝ խնայվում։ Տեսնում է բարիներից մեկին նեղություններով շրջապատված, իսկ մյուսին՝ խաղաղության մեջ։ Դա հակասական է թվում։ Իսկ եթե քննում է նաև ամբարիշտներին. մեկը բռնվում է առաջին իսկ մարդասպանությունը գործելիս, մի ուրիշը՝ բազմաթիվ մարդիկ է սպանում և մնում է ազատ։

Ինչպես թուլակազմ նավակները կոհակների մեջ հայտնվելով ընկղմվում են, նմանապես տկար հոգիներն են տառապում բարու և արդարության միջև ուժգնացող փոթորիկի մեջ։ Այս հարցում չի տիրում պարզորոշությունը, ուստի հոգու խեղճությունը շփոթեցնում է նրանց։ Չնայած, սակայն, որ ամեն բան չի հասկացվում, հասկացվում է այնքան, որքան որ պատշաճ է։ Մեր համար բավական է իմանալ, որ բոլորի դատավորը չի կարող անարդարությամբ գործել։ Մեր համար բավական է իմանալ, որ ոչ մի առարկություն չենք կարող առաջ քաշել Նրա դեմ. անկասկած հանդգնություն կլիներ, եթե կավե ամանը ցանկանար դասեր տալ կավագործին։ Ի՞նչ իրավունքով մարդը կարող է կշտամբել Նրան, ով տալիս է քննադատական բոլոր կարողությունները։ Ինչպե՞ս կարող է մարդը դատաստան կայացնել առանց Նրա, ով իրեն դարձրել է բանական էակ։ Ինչպե՞ս կարող է դատել իմաստությունը Նրա, ով գիտի ամեն բան։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։