« ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ ՆՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՓՈՔՐԸ ՆՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է »

Սբ. Եփրեմ Ասորի (մոտ 306-373). « Դիատեսսարոնի Մեկնություն », 9, 7-13; SC 121.
 
 
[...] «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից ավելի մեծը չկա»։ Եթե բոլոր սրբերը, այսինքն՝ արդար, ուժեղ ու իմաստուն մարդիկ, խտացված լինեին միայն մի մարդու մեջ, չէին կարողանա հավասարվել Հովհաննես Մկրտչին, [...] որի մասին ասվել է, որ շա՜տ ավելի գերազանց էր, քան բոլոր մարդիկ, և պատկանում էր հրեշտակների դասակարգին (Մրկ 1, 2; Մղք 3, 1)։
«Բայց Երկնքի Արքայության մեջ ամենափոքրը նրանից ավելի մեծ է»։ [...] Հովհաննեսի մեծության մասին խոսելով՝ Տերը կամեցավ ավետել Աստծո անսահման ողորմությունը և Նրա առատաձեռնությունը ընտրյալների հանդեպ։ Որքան էլ որ մեծ ու հանրահայտ լինի Հովհաննեսը, նվազ է այն բանից, որը որ լինելու է Արքայության ամենափոքրը, ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Մեր ճանաչումն անկատար է։ [...] Երբ կգա այն, ինչը որ կատարյալ է, այն, ինչը որ անկատար է, կվերանա» (1Կր 13, 9-10): Հովհաննեսը մեծ է, նա, որ մարգարեաբար ասաց. «Ահա՛ Աստծո Գառը» (Հվհ 1, 29), բայց իր մեծությունը սոսկ մի փշրանք է այն փառքի համեմատ, որ հայտնվելու է նրանց, ովքեր արժանի են լինելու դրան։ Ա՛յլ խոսքերով ասած, այստեղի՝ ներքևի մեծ ու հիասքանչ բաները, անդենական երանությունների հետ համեմատած, ի հայտ են բերում իրենց փոքրկությունն ու իրենց ոչնչությունը։ [...]
Հովհաննեսը արժանի գտնվեց մեծ պարգևների. մարգարեությունը, քահանայությունը (հմմտ. Ղկս 1, 5) և արդարությունը։ [...] Հովհաննեսն ավելի մեծ է, քան Մովսեսն ու մարգարեները, բայց Հին Օրենքը կարիքն ունի Նոր Կտակարանի, քանի որ նա, ով մարգարեների մեջ ամենամեծն է, ասաց Տիրոջը. «Ես կարիքն ունեմ Քեզնից մկրտվելու» (Մտթ 3, 14)։ Հովհաննեսը ևս մեծ է, որովհետև իր հղացումն ավետվել է հրեշտակի կողմից, իր ծնունդն ուղեկցվել է հրաշքներով. որովհետև ավետեց Նրան, Ով տալիս է կյանքը. որովհետև մկրտեց մեղքերի թողության համար։ [...] Մովսեսն առաջնորդեց ժողովրդին մինչև Հորդանան գետը, և Օրենքն առաջնորդեց մարդկանց մինչև Հովհաննեսի մկրտությունը։ Բայց եթե «կանանցից ծնվածների մեջ ավելի մեծ ոչ ոք չկա, քան Հովհաննեսը»՝ Տիրոջ նախակարապետը, որքա՜ն ևս առավել մեծ կլինեն նրանք, որոնց ոտքերը լվաց Տերը և որոնց մեջ հեղեց Իր Հոգին (հմմտ. Հվհ 13, 4; 20, 22):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։