Ամփոփում
380. «Սո՜ւրբ Հայր, [...] ըստ Քո պատկերի ստեղծեցիր մարդուն, նրա աշխատունակ ձեռքերին վստահեցիր տիեզերքը, որպեսզի Քեզ՝ իր Արարչին հնազանդվելով, գործադրեր արարչության վրա ունեցած իր տիրապետությունը»[1]։
381. Մարդը նախասահմանված է իր մեջ կրկնօրինակելու Աստծո մարդացած Որդու պատկերը, – Ով «պատկերն է անտեսանելի Աստծո» (Կղս 1, 15), – որպեսզի Քրիստոսը եղբայրների ու քույրերի մի վիթխարի բազմության առաջնեկը լինի[2]։
382. Մարդը «մարմնի և հոգու միություն է»[3]։ Հավատքի ուսմունքը հաստատում է, որ հոգեղեն ու անմահ շունչը ստեղծված է ուղղակիորեն Աստծո կողմից։
383. «Աստված մարդուն չստեղծեց՝ նրան միայնակ թողնելով. սկզբից ևեթ ''արու և էգ ստեղծեց նրանց'' (Ծնդ 1, 27), և նրանց միությունը հանդիսանում է անձերի միջև հաղորդության առաջին ձևը»[4]։
384. Հայտնության միջոցով ճանաչում ենք տղամարդու և կնոջ սրբության և արդարության սկզբնածին վիճակը մեղքից առաջ. Աստծո հետ նրանց մտերմությունից բխում էր Դրախտի մեջ նրանց գոյության երջանկությունը։