Ամփոփում
134. Ամբողջ Աստվածաշունչը միայն մեկ գիրք է և այդ միակ գիրքը Քրիստոսն Ինքն է. «իսկապես, ամբողջ Աստվածաշունչը խոսում է Քրիստոսի մասին և Նրա մեջ է գտնում իր կատարումը»[1]:
135. «Սրբազան Գրքերն իրենց մեջ պարունակում են Աստծո Խոսքը և, քանի որ ներշնչված են, իսկապես Աստծո Խոսքն են»[2]:
136. Աստված Աստվածաշնչի հեղինակն է այն իմաստով, որ ներշնչել է նրա մարդկային հեղինակներին. Նա գործել է նրանց մեջ և նրանց միջոցով: Այսպիսով տվել է մեզ ապահովությունը, որ նրանց գրություններն անսխալ կերպով ուսուցանում են փրկարար ճշմարտությունը[3]։
137. Ներշնչված Գրքերի մեկնաբանությունը պետք է նախևառաջ ուշադիր լինի այն բանին, որն Աստված, սրբազան հեղինակների միջոցով, կամենում է հայտնել մեր փրկության համար։ Այն, ինչը որ Հոգու գործն է, լիովին չի հասկացվում, եթե ո՛չ միայն՝ Հոգու ազդեցության ներքո[4]։
138. Եկեղեցին որպես ներշնչված գրքեր ստացել և մեծարում է Հին Կտակարանի 46 և Նոր Կտակարանի 27 գրքերը։
139. Չորս Ավետարանները կենտրոնական դիրք են զբաղեցնում, որի պատճառն այն կենտրոնականությունն է, որ Քրիստոսն ունի դրանց մեջ։
140. Աստծո ծրագրի միությունից և դրա հայտնությունից է սերում երկու Կտակարանների միությունը. Հին Կտակարանը նախապատրաստում է Նորը, մինչ Նորը կատարում է Հինը. երկուսն էլ լուսավորվում են փոխադարձաբար՝ մեկը մյուսի կողմից. երկուսն էլ Աստծո ճշմարիտ Խոսք են։
141. «Եկեղեցին միշտ մեծարել է աստվածային Գրվածքները, այնպես՝ ինչպես միշտ մեծարել է Տիրոջ ինքնին Մարմինը»[5]. այս երկու իրականությունների մեջ էլ ողջ քրիստոնեական կյանքը գտնում է իր սնունդը և իր կանոնը։ «Խոսքդ ջահ է իմ քայլերի համար, լույս՝ իմ ճանապարհին» (Սղմ 119, 105)[6]։