Գլուխ Գ. - Հոդված 1. ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ / ա) Հավատքի հնազանդությունը
144. Հնազանդվել հավատքի մեջ՝ նշանակում է ազատորեն ենթարկվել ունկնդրված խոսքին, որովհետև այդ խոսքի ճշմարտությունը երաշխավորված է Աստծո կողմից, Ով Ինքնին Ճշմարտությունն է: Այս հնազանդության բնօրինակը, որ մեզ ներկայացվում է Աստվածաշնչի կողմից, Աբրահամն է: Սուրբ Կույս Մարիամն այս հնազանդության ամենակատարյալ իրագործումն է:
ԱԲՐԱՀԱՄԸ՝ «ՀԱՅՐԸ ԲՈԼՈՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ»
145. Եբրայեցիներին ուղղված նամակը, նահապետների հավատքի հանդիսավոր գովեստի մեջ, յուրահատուկ շեշտ է դնում Աբրահամի հավատքի վրա. «Հավատքով Աբրահամը, Աստծուց կանչվելով՝ հնազանդվեց, մեկնելով դեպի մի վայր, որը պետք է ստանար որպես ժառանգություն, և մեկնեց առանց իմանալու, թե ո՛ւր էր գնում» (Եբր 11, 8)[1]: Հավատքով որպես օտարական ու պանդուխտ բնակվեց խոստացած երկրում[2]: Հավատքով Սառան ստացավ Խոստման որդուն հղանալու հնարավորությունը: Հավատքով, ի վերջո, Աբրահամը պատրաստ գտնվեց զոհաբերելու իր միակ որդուն[3]:
146. Աբրահամն այսպիսով իրագործում է հավատքի այն սահմանումը, որ տրվում է Եբրայեցիներին ուղղված նամակի կողմից. «Հավատքը հիմքն է այն բանների, որոնց հույսն ունենք, և փաստը՝ այն բաների, որոնք անտեսանելի են» (Եբր 11, 1): «Աբրահամը հավատք ունեցավ Աստծո հանդեպ և դա իրեն արդարություն համարվեց» (Հռմ 4, 3)[4]: «Ուժեղ լինելով» իր այս «հավատքի մեջ» (Հռմ 4, 20), Աբրահամը դարձավ «հայրը բոլոր նրանց, ովքեր հավատում են» (Հռմ 4, 11.18)[5]:
147. Այս հավատքի վերաբերյալ, Հին Կտակարանը հարուստ է վկայություններով: Եբրայեցիներին ուղղված նամակը դրվատում է նահապետների օրինակելի հավատքը, որի շնորհիվ նրանք «ստացան բարի վկայություն» (Եբր 11, 2.39): Եվ սակայն, «Աստված մի ավելի լավ բան էր ի նկատի առել մեր համար». Իր Հիսուս Որդուն հավատալու շնորհը, «Ով հավատքի հեղինակն ու կատարելագործողն է» (Եբր 11, 40; 12, 2):
ՄԱՐԻԱՄԸ՝ «ԵՐԱՆՈՒՀԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԱՏԱՑ»
148. Սուրբ Կույս Մարիամն ամենակատարյալ կերպով իրագործում է հավատքի հնազանդությունը: Հավատքով Մարիամն ընդունեց Գաբրիել հրեշտակապետի կողմից իրեն բերված ավետիսն ու խոստումը, հավատալով, որ «Աստծո համար անհնարին ոչինչ չկա» (Ղկս 1, 37)[6], և տալով իր համաձայնությունը. «Ահա՛ Տիրոջ աղախինն եմ, թող որ խոսքիդ համաձայն լինի ինձ» (Ղկս 1, 38): Եղիսաբեթը նրան այս կերպ ողջունեց. «Երանի՜ նրան, ով հավատաց Տիրոջ խոսքերի կատարմանը» (Ղկս 1, 45): Այս հավատքի համար է, որ բոլոր սերունդները նրան երանելի են անվանելու[7]:
149. Իր ողջ կյանքի ընթացքում, մինչև վերջին փորձությունը[8], երբ Հիսուսն՝ իր Որդին, մեռավ Խաչի վրա, նրա հավատքը երբեք չսասանվեց: Մարիամը չդադարեց հավատալ Աստծո խոսքի «կատարմանը»: Ահա՛ թե ինչո՛ւ է Եկեղեցին հանձինս Մարիամի մեծարում հավատքի ամենամաքուր իրագործումը: