« ԵՍ ԵՎ ՀԱՅՐԸ ՄԻ ԵՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՍ ԵՎ ՀԱՅՐԸ ՄԻ ԵՆՔ »

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացու (315-367) « Երրորդության մասին » աշխատությունից, II, 8 .
 
 
[...] Հայրը Նա է, Ով Է, և որպես այդպիսին պետք է հավատանք Նրան։ Ինչ վերաբերվում է Որդուն, մեր իմացականությունը վհատվում է, երբ փորձում է հասնել Նրան, և որևէ խոսք վարանում է արտաբերվելու։ Նա, արդարև, Ծնունդն է Նրա, Ով Անծնունդն է. Միածինն է Նրա, Ով Միակն է. Ճշմարիտից ծնված Ճշմարիտը, Իր-մեջ-կյանքն-Ունեցողից՝ Իր-մեջ-կյանքն-Ունեցողը, Կատարյալից՝ Կատարյալը, Կարողությունից՝ Կարողությունը, Իմաստությունից՝ Իմաստությունը, Փառքից՝ Փառքը. Նա «անտեսանելի Աստծո պատկերն է» (Կղս 1, 15)։
Ինչպե՞ս կարող ենք հասկանալ Միածին Որդու ծնունդը՝ անծնունդ Հորից։ Այդ ծնունդը բեկում չէ, ո՛չ էլ՝ բաժանում. «Հայրը իմ մեջ է, և ես՝ Հոր մեջ» (Հվհ 10, 38)։ Խոսքը որդեգրության մասին չէ, որովհետև Որդին Աստծո ճշմարիտ Որդին է և ասում է. «Ով տեսել է ինձ, տեսել է Հորը» (Հվհ Հվհ 14, 9)։ Գոյության չի եկել մյուս էակների նման, հնազանդվելու համար մի հրամանի, քանի որ Նա Ինքն Իր մեջ ունի կյանքը, ինչպես Նա, Ով ծնել է Իրեն, ունի կյանքն Ինքն Իր մեջ (Հվհ 5, 26)։ Կատարյալ է Նա, Ով ծնվել է Կատարյալից, քանի որ Նա, Ով տիրում է ամեն ինչի, ամեն ինչ տվել է Նրան։ Հայրն ու Որդին, Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է այդ ծննդյան գաղտնիքին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։