« ՎՍՏԱՀ ԷԻ, ՈՐ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԾՎԵԼ ԱՆԳՈՅՈՒԹՅԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎՍՏԱՀ ԷԻ, ՈՐ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԾՎԵԼ ԱՆԳՈՅՈՒԹՅԱՆ »

ՀԻԼԱՐԻՈՒՍ ՊԻԿՏԱՎԻՈՒՄԱՑԻ, Երրորդության մասին, I, 1-13 (PL 10, 25D-33B).
 
 
[...] Սկսեցի փնտրել կյանքի իմաստը: Հարստությունն ու հարմարավետությունները սկզբում հրապուրում են: [...] Բայց մարդկային էակների մեծամասնությունը, իրենց իսկ բնության կողմից մղված, բացահայտել է, որ մարդն ինչ որ մի ավելի լավ բան ունի անելու, քան բտվելն ու ժամանակ սպանելը: Մարդուն կյանքը տրվել է վավերական մի գործ կատարելու, որակյալ մի արվեստ կիրառելու համար: Անհնարին է, որ կյանքը մարդուն տրված լինի առանց հավիտենականության համար ինչ որ մի բան շահելու հնարավորության: Այլապես ինչպե՞ս կարող ենք Աստծո պարգև անվանել այս կյանքը, որն այսքա՜ն մաշվում է տագնապների մեջ, այսքա՜ն խոչընդոտվում է բազմաթիվ հակառակություններով, և ինքնըստինքյան ա՛յլ բան չի կարող անել, քան մաշվելով սպառվելը, օրորոցի թոթովանքներից մինչև ծերության զառանցանքները: Ահա՛ մարդիկ, որոնք գործադրել են համբերությունը, ողջախոհությունն ու ներումը: Լավ ապրել՝ նրանց համար նշանակում էր լավ գործել և լավ մտածել: Անմահ Աստվածը մի՞թե կարող էր պարգևել մեզ մի կյանք, որն ա՛յլ հորիզոն չունի, քան միայն մահը: Մի՞թե կարող էր ներշնչել մեզ ապրելու այսքա՜ն փափաք, եթե գոյություն չունենար ա՛յլ նավամատույց, քան մահվան ահն ու սոսկումը: [...]
Հայնժամ ջանացի ավելի լավ ճանաչել Աստծուն: [...] Բազմաթիվ կրոններ ընդունում են աստվածությունների տարբեր ընտանիքների գոյությունը: Երևակայում են արական սեռի աստվածներ և իգական սեռի աստվածուհիներ, և թվարկում են այդ աստվածների զավակներին, որոնք ծնվում են մեկը մյուսից: Ա՛յլ կրոններ ուսուցանում են, թե գոյություն ունեն բարձրակարգ աստվածություններ և ցածրակարգ աստվածություններ, որոնց բնորոշ հատկությունները միմյանցից տարբերվում են: Որոշ կրոններ անհեթեթորեն պաշտպանում են գաղափարը, թե ոչ մի Աստված էլ գոյություն չունի, և ուստի պաշտում են բնությունը, որն, իրենց կարծիքով, իր գոյությունը պարտավոր է մի խաղի կամ պատահականության ազդեցությանը: Մեծամասնությունն, այնուհանդերձ, ընդունում է Աստծո գոյությունը, բայց Նրան անտարբեր է համարում մարդկային էակների հանդեպ: [...]
Խորհրդածում էի այս խնդիրների շուրջ, երբ բացահայտեցի գրքեր, որոնց վերաբերյալ հրեական կրոնն ասում է, թե գրվել են Մովսեսի և մարգարեների կողմից: Դրանցում գտա այս վկայությունը, որն Արարիչ Աստվածն ասում է Ինքն Իր մասին հետևյալ խոսքերով. «Ես Նա Եմ, Ով Եմ», և. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. Նա, ով Է, առաքեց ինձ» (Ել 3, 14): Հիացմունքով լցվեցի այս կատարյալ սահմանմանն ի լուր, որն իմանալի խոսքերով թարգմանում է Աստծո անըմբռնելի ճանաչումը: Բոլոր գաղափարներից ավելի լավ, լինել բայն է արտահայտում Աստծուն: Այն, ինչը որ չի կարող ունենալ ո՛չ վերջ և ո՛չ սկիզբ: [...] Եվ քանի որ Աստծո հավիտենականությունը չի կարող ուրանալ ինքն իրեն, Աստված, հաստատելու համար Իր անհասանելի հավիտենականությունը, ա՛յլ բանի կարիք չունեցավ, քան հանդիսավոր կերպով հաստատելը, որ Ինքն Է: Բայց հարկավոր էր ճանաչել նաև աստվածային գործը: [...]
«Նա երկինքը պահում է Իր ափի մեջ
և Իր ձեռքի ափում է պահում երկիրը» (Ես 40, 12),
և մի քանի էջ հետո.
«Երկինքը իմ գահն է,
իմ ոտքերի պատվանդանն է երկիրը:
[...] Մի՞թե իմ ձեռքը չի ստեղծել ամեն բան» (Ես 66, 1-2):
Բովանդակ ամբողջ երկինքն ամփոփված է Աստծո ձեռքի մեջ, բովանդակ երկիրն ամբողջ՝ Նրա ձեռքի ափում: [...] Երկինքը նաև Նրա գահն է, իսկ երկիրը՝ Նրա ոտքերի պատվանդանը: Անշուշտ հարկավոր է խուսափել ներկայացնելուց Աստծուն ինչպես մեկը, որ նստած է գահին, ոտքերը պատվանդանի վրա դրած, համաձայն սոսկ մարդկային երևակայությանը: Այն, ինչն Իրեն ծառայում է որպես գահ և պատվանդան, Նրա ամենակալ անսահմանությունն է, որն ամեն բան բովանդակում է Իր ձեռքում և Իր ձեռքի ափում: Պատկերները, որոնք փոխ են վերցվում ստեղծված իրողություններից, նշանակում են, որ Աստված գոյություն ունի նրանց ներսում և նրանցից դուրս, որ Աստված նրանցից բոլորից վերանցական է և Իրենով պատում է նրանց բոլորին, որ Աստված գերազանցում է բոլորին և բնակվում է բոլորի մեջ. ձեռքը և Իր ձեռքի ափը այլաբանորեն խորհրդանշում են Իր աստվածության զորությունը, որ բացահայտվում է: Գահն ու պատվանդանը մատնանշում են, որ Նա տիրում է արտաքին բոլոր գոյությունների վրա, որովհետև նրանց բոլորի նկատմամբ ներքին է. միաժամանակ, Նա պատում և բովանդակում է նրանց բոլորին Իր իսկ ներսում: Գտնվում է բոլորի ներսում և բոլորից դուրս: [...] Ոչինչ չի կարող խուսափել Նրանից, ով անսահմանն է: [...] Այն, ինչը որ պարզվում էր իմ փնտրտուքների արդյունքում, դիպուկ կերպով արտահայտվել է Մարգարեի կողմից.
«Ո՞ւր կարող եմ գնալ Քո հոգուց հեռու,
կամ ո՞ւր կարող եմ փախչել Քո երեսից հեռու:
Եթե բարձրանում եմ երկինք, Դու այնտեղ ես,
եթե իջնում եմ մինչև դժոխք, ահա՛ Դու:
Եթե վերցնում եմ արշալույսի թևերը
և գնում եմ բնակվելու ծովի սահմանից այն կողմ,
այնտեղ նույնպես ինձ առաջնորդելու է Քո ձեռքը,
Քո աջը պահելու է ինձ» (Սղմ 138, 7-10):
Գոյություն չունի ոչ մի վայր առանց Աստծո, գոյություն չունի վայր Աստծուց դուրս: [...]
Երջանիկ էի, որ կարողանում էի հայել Նրա իմաստության խորհրդին, և Նրա անհասանելիությանը: Պաշտում էի իմ Հոր և Արարչի հավիտենականությունն ու անսահմանությունը: Բայց ցանկանում էի նաև հայել իմ Տիրոջ գեղեցկությանը: [...] Եռանդս, որին մտքիս տկարությունը դավաճանում էր, շարունակում էր մնալ սեփական փնտրտուքի բանտարկյալը, երբ Մարգարեի խոսքերում գտա Աստծո մասին այս սքանչելի միտքը.
«Արարիչը համանմանությամբ բացահայտվում է Իր արարածների գեղեցկությամբ» (Իմ 13, 5):
[...] Երկինքն ու օդային տարածքները գեղեցիկ են, երկիրն ու ծովը գեղեցիկ են: Տիեզերքն աստվածային շնորհին է պարտական իր «կոսմոս» անունը, որն իրեն տվել են Հույները, և որ նշանակում է «զարդ»:
[...] Ստեղծված գեղեցկության Տերը մի՞թե չպետք է լինի որևէ գեղեցկության Գեղեցկությունը:
[...] Բայց ինչպիսի՞ պտուղներ քաղել Աստծո նկատմամբ սրբազան ճանաչողությունից, երբ մահը խեղդում է ամեն մի զգացմունք, երբ անհետսկոչելիորեն վերջակետ է դնում սպառված գոյությանը:
[...] Միտքս մոլորվում էր, սարսափահար դողալով ինքն իր և իր մարմնի համար: Տագնապահար էր իր ճակատագրի դիմաց, և մարմնի համար, որի մեջ բնակվում էր և որը մահանալու էր իր հետ միասին, երբ Օրենքից ու Մարգարեներից հետո ծանոթացա Ավետարանի և Իր Առաքյալների Վարդապետությանը.
«Սկզբում էր Բանը
և Բանն Աստծո մոտ էր
և Բանն Աստված էր:
Նա սկզբում Աստծո մոտ էր:
Ամեն բան Նրա միջոցով ստեղծվեց:
Եվ առանց Նրա չստեղծվեց ոչինչ:
Նրանում ստեղծված ամեն գոյության համար Նա կյանքն էր
և կյանքը մարդկանց լույսն է,
և լույսը փայլում է խավարի մեջ
և խավարը չկարողացավ հանգցնել այն:
[...] Բանն էր ճշմարիտ լույսը,
որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու,
որ գալիս է աշխարհ:
Աշխարհում էր
և աշխարհը Նրա միջոցով ստեղծվեց,
սակայն աշխարհը Նրան չճանաչեց:
[...] Բայց բոլոր նրանց, ովքեր ընդունեցին Իրեն,
իշխանություն տվեց դառնալու Աստծո որդիներ,
նրանց, ովքեր հավատում են Իր Անվանը:
[...] Եվ Բանը մարմին եղավ
և բնակվեց մեր մեջ,
և մենք տեսանք Իր փառքը,
փառք, որ ստանում է Իր Հորից, որպես Միածին Որդի,
լի շնորհով և ճշմարտությամբ» (Հվհ 1, 1-5.9-10.12.14):
Այս խոսքերում միտքս գերազանցեց իր իսկ սահմաններին և Աստծո վերաբերյալ իմացավ ավելին, քան նախազգացել էր: Հասկացա, որ իմ Արարիչն Աստված էր, ծնված Աստծուց: Իմացա, որ Բանն Աստված էր, և որ Նրա հետ էր սկզբից ևեթ: Ճանաչեցի աշխարհի լույսը: [...] Հասկացա, որ Բանը մարմնացել է, որ բնակվել է մեր մեջ: [...] Նրանք, ովքեր ընդունել են Նրան, դարձվել են Աստծո որդիներ, ծնունդով ո՛չ թե մարմնից, այլ՝ հավատքից: [...] Աստծո այս պարգևն ընծայված է բոլորին, [...] ընդունվում է յուրաքանչյուրի ազատության կողմից, որն հենց սրանում է գտնում իր լրումը:
Բայց Աստծո որդի լինելու յուրաքանչյուրին տրված այս իշխանությունն ինքնին խրվում էր տկար, տատանվող հավատքի ավազների մեջ: Մեր դժվարությունները ցավալի են դարձնում հույսը, ցանկությունը լցվում է ցասումով, իսկ հավատքը՝ տկարանում է: Սրա համար է, որ Աստծո Բանը մարմնացավ. մարմնացյալ Բանի շնորհիվ մարմինը կարող է բարձրանալ մինչև Բանը: [...] Առանց Իր աստվածությունից զրկվելու, դարձավ մեր մարմնի Աստվածը: [...] Հոգիս բերկրանքով ընդունեց այս խորհրդի հայտնությունը: Մարմնի միջոցով կարող եմ մերձենալ Աստծուն, հավատքի միջոցով կանչվել եմ մի նոր ծննդի: Կարող եմ վերածնությունը ստանալ ի վերուստ: [...] Վստահ էի, որ չէի կարող վերածվել անգոյության: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։