Սբ. Հիլարիուս Պիկտավիումացու համառոտ կենսագրությունը – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացու համառոտ կենսագրությունը

Սուրբ Հիլարիուս Պիկտավիումացին (մոտ 310-367) եղել է հռոմեացի Եպիսկոպոս, փիլիսոփա և ականավոր աստվածաբան, հռչակվել է Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ։ Որպես Սուրբ մեծարվում է Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու, Բյուզանդական Ավանդության (Օրթոդոքս) Եկեղեցիների և Անգլիկան Հաղորդության համայնքների կողմից։

Արիոսական հերետիկոսության դեմ պայքարում իր հաստատուն դիրքորոշման համար – որը ժխտում էր Քրիստոսի աստվածությունը – ստացել է «Արևմուտքի Աթանաս» մականունը։

Ծնվել է Հռոմեական Կայսրության Պիկտավիում քաղաքում (այժմյան Պուատիե, Արևմտյան Ֆրանսիա) 4-րդ դարի երկրորդ տասնամյակում։ Ծագելով գաղղիա-հռոմեական ազնվական ընտանիքից՝ ստացել է դասական կրթություն և իր առաջին տարիները նվիրել է փիլիսոփայության ուսումնասիրությանը։ Կյանքի իմաստը հասկանալու ուժգին փափագը նրան մղել է դիմելու Աստվածաշնչին, ի մասնավորի՝ Նոր Կտակարանին: Ավանդության համաձայն, այն պահին, երբ նա կարդում էր Հովհաննեսի Ավետարանի նախաբանը, ուր բացատրվում է աստվածային Բան-Լոգոսի վարդապետությունը, նրա վրա իջել է երկնային լույս, նրա միտքը լուսավորվել է Հավատքի լույսով, որը և նրան անմիջապես մղել է մկրտվելու։

353 թվականին Հիլարիուսն ընտրվել է իր հայրենի քաղաքի Եպիսկոպոս, թեև այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր և ուներ դուստր՝ Աբրան։ Արիոսական հակամարտությունների պատճառով դատապարտվել է աքսորի, և այս ժամանակաշրջանում (356-359 թվականներին) գրել է աստվածաբանական իր գլխավոր աշխատությունը՝ «Երրորդության մասին» տրակտատը, նվիրված՝ Որդու աստվածության ապացուցմանը։ Իր կարևոր աշխատություններից մեկն է նաև «Օրհներգություններ»ը՝ ուսմունքային տարբեր հարցերի վերաբերյալ։

Ընդհանրական Եկեղեցին նրա ծիսական հիշատակման օրը (տոնը) կատարում է Հունվարի 13-ին, նրա մահվան՝ երկնային ծննդի օրը։ Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է հռչակվել 1851 թվականին, Ն.Ս. Պիուս Իններորդ Պապի կողմից։

Սուրբ Հիլարիուսի նշանաբան-խոսքերից մեկն է. «ՆՐԱ [Քրիստոսի] ԳՈՐԾԵՐԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ ԵՎԵԹ»։

 

Թարգմանեց՝ Տիգրան Մկրտումյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։