« ԱՇԽԱՐՀ ԷՐ ԳԱԼԻՍ ՃՇՄԱՐԻՏ ԼՈՒՅՍԸ. ԱՅՆ, ՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՇԽԱՐՀ ԷՐ ԳԱԼԻՍ ՃՇՄԱՐԻՏ ԼՈՒՅՍԸ. ԱՅՆ, ՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ »

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274), Մեկնություն Հովհաննու Ավետարանի, I, 178s.
 
 
[...] «Այն, ինչը որ մենք լսեցինք. այն, ինչը որ մենք տեսանք մեր աչքերով. այն, ինչին որ մենք նայեցինք, և այն, ինչին մեր ձեռքերը հպվեցին, այսինքն՝ կյանքի Բանը(*), [...] մենք այն ավետում ենք նաև ձեզ» (1Հվհ 1, 1-3)։ [...] Մարմնացած Բանը երկու ձևով ճանաչել տվեց Իրեն առաքյալներին. առաջին հերթին ճանաչեցին Նրան տեսողությամբ, կարծես Ինքնին Բանից ստանալով Ինքնին Բանի ճանաչումը, և երկրորդ հերթին՝ լսողությամբ, այս անգամ Հովհաննես Մկրտչի վկայությունից ստանալով Բանի ճանաչումը։
Բանի վերաբերյալ Հովհաննես Ավետարանիչը հաստատում է. «Մենք տեսանք Նրա փառքը» (Հվհ 1, 14) [...] ։ Սբ. Հովհան Ոսկեբերանի համաձայն, այս խոսքերը վերաբերվում են Հովհաննու Ավետարանի նախորդ խոսքին. «Բանը մարմին եղավ»։ Ավետարանիչն ուզում է ասել. մարդեղությունը մեզ շնորհեց ո՛չ միայն Աստծո որդիները դառնալու բարիքը, այլ նաև՝ Նրա փառքը տեսնելու բարիքը։ Արդարև, տկար ու հիվանդ աչքերը չեն կարող հայել արևի լույսին. բայց երբ այն փայլում է ամպի կամ անթափանց մարմնի ընդմիջով, այդ ժամանակ կարող են։ Բանի մարդեղությունից առաջ մարդկային հոգիներն անկարող էին նայելու լույսին, «որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու»։ Ուստի, որպեսզի զուրկ չլինեին այն տեսնելու ուրախությունից, Լույսն Ինքը՝ Աստծո Բանը, կամեցավ մարմին հագնել, որպեսզի կարողանայինք տեսնել Իրեն։
Այն ժամանակ, մարդիկ «շրջվեցին դեպի անապատը. և ահա՛ Տիրոջ փառքը հայտնվեց ամպի մեջ» (Ել 16, 10), այսինքն՝ Աստծո Բանը մարմնի մեջ [...] ։ Եվ Սուրբ Օգոստինոսը նշում է, որ, որպեսզի կարողանանք տեսնել Աստծուն, Բանը բժշկեց մարդկանց աչքերը՝ Իր մարմինը առողջարար դեղորայք դարձնելով [...] ։ Ահա՛ թե ինչո՛ւ «Բանը մարմին եղավ» ասելուց անմիջապես հետո Ավետարանիչը հավելում է. «Եվ մենք տեսանք Նրա փառքը», կարծես ասելու համար, որ դեղորայքը գործածելուց անմիջապես հետո մեր աչքերը բժշկվեցին։ [...] Այս փառքը Մովսեսը ցանկանում էր տեսնել, բայց նրա միայն ստվերն ու խորհրդապատկերը տեսավ։ Առաքյալները, մինչդեռ, տեսան նրա պայծառ շողարձակումը։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։