« ՀԻՍՈՒՍԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆՄՆԱՑՈՐԴ ԿԵՐՊՈՎ, ՄԻՆՉԵՎ ԻՍԿ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԿԵՐԱԿՈՒՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՉԱՓ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆՄՆԱՑՈՐԴ ԿԵՐՊՈՎ, ՄԻՆՉԵՎ ԻՍԿ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԿԵՐԱԿՈՒՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՉԱՓ »

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274). « Տիրոջ Մարմնի տոնի համար գրված Գրքույկ »ից.

 

[...] Աստծո Միածին Որդին, կամենալով, որ մենք մասնակից լինենք Իր աստվածությանը, ստանձնեց մեր բնությունը և մարդ դարձավ՝ մեզ աստվածային դարձնելու համար։ Այն ամենը, որ ստանձնեց, այդ ամենը արժևորեց մեր փրկության համար։ Արդարև, Հայր Աստծուն որպես զոհ ընծայեց Իր մարմինը Խաչի խորանի վրա՝ [Աստծո հետ] մեզ վերստին հաշտեցնելու համար։ Իր արյունը հեղեց՝ կիրառելով այն իբրև փրկագին և իբրև լվացարան, որպեսզի ստորացուցիչ ստրկությունից փրկված՝ մաքրագործված լինեինք բոլոր մեղքերից։

Որպեսզի, իվերջո, մեր մեջ մնար այսքա՜ն մեծ բարեգործության տևական հիշատակը, Իր հավատացյալներին թողեց Իր Մարմինը որպես կերակուր և Իր Արյունը որպես ըմպելիք՝ հացի և գինու կերպարանքի ներքո։ [...] Ի՞նչ կարող է բնավ ավելի թանկարժեք լինել։ Մեր առջև սեղանին չեն դրվում հորթերի ու նոխազների մսերը, ինչպես հին օրենքի ժամանակ, այլ՝ մեզ որպես կերակուր է տրվում Քրիստոսը՝ ճշմարիտ Աստվածը։ Ի՞նչ կարող է ավելի վեհ ու վսեմ լինել, քան այս խորհուրդը։ [...] Ոչ ոք չի կարող արտահայտել այս խորհրդի անուշությունը։ Սրա միջոցով՝ հոգևոր քաղցրությունը ճաշակվում է իր ակունքից իսկ, և հիշատակվում է այն բարձրագույն սերը, որ Քրիստոսը փաստեց Իր չարչարանքների մեջ։

Նա կամենում էր, որ այս սիրո անծայրածիրությունը մնար հավատացյալների սրտի ամենախորին խորքում։ Ուստի Ամենասուրբ Հաղորդությունը հաստատեց Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ Իր աշակերտների հետ Զատիկը ծիսակատարելուց հետո՝ պատրաստվում էր անցնել աշխարհից Հոր մոտ։ Ամենասուրբ Հաղորդությունը չարչարանքների հիշատակն է, Հին Ուխտի [մարգարեական] պատկերների կատարումը, Քրիստոսի կողմից գործված բոլոր սքանչելիքներից ամենամեծը. և նրանց, որոնց Իր բացակայությունը կլցներ տխրությամբ, այս խորհուրդը թողեց՝ որպես աննման սփոփանք։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։