Ամենասուրբ Հաղորդության հրաշքները – Գրադարան – Mashtoz.org

Ամենասուրբ Հաղորդության հրաշքները

Թեև գոյացափոխությունը (այսինքն՝ հացի և գինու փոխակերպումը Քրիստոսի Մարմնին ու Արյանը) քրիստոնեական հավատքի համաձայն մեծ խորհուրդ է, հացի և գինու արտաքին հատկությունները խորհրդի ծիսակատարության ժամանակ մնում են անփոփոխ, իրենց բնական վիճակում, և հետևաբար՝ ոչ մի տեսանելի հրաշք տեղի չի ունենում այդ բառի բուն իմաստով: Այդուհանդերձ, Եկեղեցու պատմության ընթացքում կատարվել են Ամենասուրբ Հաղորդության բազմաթիվ տեսանելի հրաշքներ, որոնց ժամանակ սրբագործված Հացն ու Գինին տեսանելի կերպով փոխակերպվել են Մսի ու Արյան (ինչպես, օրինակի համար, Լանչանոյում, Բոլսենայում, Ալատրիում, Թրանիում, և այլուր), իսկ ուրիշ դեպքերում տեղի են ունեցել հրաշալի վերացումներ (այսինքն՝ Նշխարն ինքնուրույն կերպով բարձրացել է օդի մեջ և երկար ժամանակ անշարժ մնացել օդում) և պայծառ լուսարձակումներ (ինչպես, օրինակի համար, Ֆավերնեյում և Թուրինում):

Ա՛յլ անգամներ, գողացված և սրբապղծված Նշխարներն անեղծ ու անաղարտ են մնացել տասնամյակներ շարունակ (ինչպես, օրինակի համար, Սիենայում և Սան Մաուրո Լա Բրուքայում): Ուրիշ անգամներ հրաշքներ են կատարվել կենդանիների մասնակցությամբ, ինչպես Սբ. Անտոն Պադովացու կյանքում հիշվող ավանակը, որը Սուրբ Հաղորդության առաջ հայտնվելով՝ ծունկի է եկել Նրա առաջ, հրաժարվելով ուտել իր առաջ դրված խոտը, թեև մի քանի օր պահվել էր սոված վիճակում: Բազմաթիվ անգամներ հրաշքներ են կատարվել Սրբերի կյանքում, երբ վերջիններս գտնվել են ֆիզիկական անհնարինության վիճակում՝ ստանալու Ամենասուրբ Հաղորդությունը, և այն իրենց բերվել է Հրեշտակների ձեռքով: Պատմական ու բժշկական գետնի վրա փաստված պատմություններն ունենք մի քանի անձանց, – ինչպես, օրինակի համար, Երանելի Ալեքսանդրինա Մարիա դա Քոստան (1904-1955), Աստծո Աղախիններ Թերեզ Նէումանը (1898-1962) և Մարթա-Լուիզ Ռոբինը (1902-1981), – ովքեր երկար տարիներ շարունակ ապրել են միմիայն Ամենասուրբ Հաղորդությունը ստանալով, առանց ուրիշ որևէ կերակուր կամ խմիչք ընդունելու: Լուրդի սրբավայրում կատարված մի քանի հրաշքներ, որոնք պաշտոնապես ճանաչվել են Եկեղեցու կողմից, տեղի են ունեցել Ամենասուրբ Հաղորդության երեկոյան թափորի ժամանակ:

Հիշատակված այս դեպքերից բացի, յուրահատուկ կերպով հիշարժան են Ամենասուրբ Հաղորդության երկու հրաշքները, որ տեղի են ունեցել Բուենոս Այրեսում 1992-1996 թվականների միջև, երբ այդ քաղաքի Տեղապահ Եպիսկոպոսն էր Խորխե Մարիո Բերգոլիոն, ներկայիս Հռոմի Պապ Ն.Ս. Ֆրանցիսկոսը: Սրբագործված երկու Նշխարներ փոխակերպվել էին արյունոտ մսի կտորի, որոնց վերաբերյալ Տեղապահ Եպիսկոպոսը պատվիրել էր կատարել գիտական մակարդակի լուրջ ուսումնասիրություններ: Կատարված բժշկական խորը անալիզները պարզել են, որ «ուսումնասիրված բջիջները մարդկային սրտի բջիջներ են, որ մաս են կազմում սրտի այն մկանին, որը գտնվում է ձախ խոռոչի փականների մոտակայքում. բաբախող բջիջներ են, շարժվում են և կենդանի են, դրանց մեջ նկատվում է սպիտակ գնդիկների բարձր քանակություն, և նկատվում է, որ ինչ որ մի տրավմա են կրել, քանի որ բորբոքված են»: Այդ բջիջների ԴՆԹ-ն համեմատվել է Ամենասուրբ Հաղորդության նմանատիպ ա՛յլ հրաշքներից վերցված ԴՆԹ տեղեկությունների հետ, և դրանք բոլորը համապատասխանել են մեկը մյուսին, այսինքն՝ խոսքը վերաբերվում է միևնույն մարդու սրտի մկաններին. նույն կերպ՝ բոլոր դեպքերում գրանցվել է նույն՝ AB դրական կարգի արյուն, որի գենետիկական հատկությունները կարող են բնորոշվել որպես Միջին Արևելքին բնորոշ հատկություններ:

Մի խոսքով, գիտական ուսումնասիրության ենթարկված բջիջները տեսական գետնի վրա համապատասխանում են Հիսուսի Մարմնի և Արյան հատկություններին: Սա, սակայն, չի նշանակում, որ խոսքը վերաբերվում է ''նյութապես'' Տիրոջ Փառավոր Մարմնի ''մասնիկների'': Միշտ և համենայն դեպս խոսքը վերաբերվում է Գոյացափոխությանը, որի զորությամբ՝ Քրիստոսի Մարմնի և Արյան իրական ներկայության Գոյացությունը միշտ քողարկված է մնում Հացի և Գինու արտաքին հատկությունների ներքո, որոնք տեսանելի ու զգալի են մարդու զգայարանների համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։