ԿԱՆՈՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻ (աշխարհաբար)
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
ԿԱՆՈՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻ
Երբ քահանան համաձայնվում է լսել հավատացյալների խոստովանությունը,
փորուրար հագած՝ նստում է խոստովանության ատյանում.
և ապաշխարողը մոտենում է նրան, և ծնրադրում է ատյանի որոշված տեղում,
և կնքում են իրենց անձերը Սուրբ Խաչի նշանով։
Եվ ապաշխարողն ասում է.
Խոստովանում եմ ամենակարող Աստծո, և երանուհի Մարիամ միշտ Կույսի, երանելի Միքայել Հրեշտակապետի, երանելի Հովհաննես Մկրտչի, Սուրբ Առաքյալներ Պետրոսի և Պողոսի, և մեր Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորչի և բոլոր Սրբերի առաջ, և քո առաջ, Հայր Սուրբ, որ սաստիկ մեղանչել եմ մտքով, խոսքով և գործով. վա՜յ ինձ, վա՜յ ինձ և հավետ վա՜յ ինձ:
Եվ ապա, զղջացած սրտով, հստակ կերպով, զատ-զատ խոստովանում է իր մեղքերը։ Իսկ քահանան, իր չորս պաշտոնների համաձայն, - որպես հայր, դատավոր, ուսուցիչ և բժիշկ, - ընդունում է քաղցրությամբ և մարդասիրությամբ, քննում է և դատում առանց ակնածության, ուսուցանում է իմաստությամբ և ճշտությամբ, դարմանում է ըստ կարիքի և խոհեմությամբ։
Եվ երբ նրան գտնում է արձակման շնորհին արժանի, կամ նրան տրամադրելուց հետո՝ ստանալու արձակումը, դնում է նրա վրա պատշաճ ապաշխարություն՝ ըստ հանցանքների չափի և որպիսության, և ըստ հանցավորի կարողության, որն ապաշխարողը պարտավոր է հանձն առնել և կատարել անթերի։
Որից հետո ապաշխարողը կրկնում է իր զղջումն ու առաջադրությունը՝ գրաբար կամ աշխարհաբար լեզվով ասելով զղջման ներգործությունը։
Դյուրության համար այստեղ դրվում է զղջման ներգործության մի ձև։
Ո՜վ Աստված իմ, քանի որ Դու անչափ բարի ես, և որովհետև ես սիրում եմ Քեզ ամեն ինչից վեր, անկեղծ սրտով զղջում և ցավում եմ, որ վշտացրել եմ Քեզ. և հաստատ կամքով առաջադրում եմ Քո սուրբ օգնությամբ այսուհետև այլևս չվշտացնել Քեզ, և հատկապես՝ խուսափել մեղքերի առիթներից:
Ապա քահանան տալիս է արձակում մեղքերից՝ ասելով բանաձևն այսպես.
Թող որ ողորմի քեզ մարդասերն Աստված, և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ խոստովանածներիդ և մոռացածներիդ: Եվ ես ըստ կարգիս քահանայական իշխանության, և աստվածային հրամանի համաձայն, որ ասաց, թե. «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում». նույն խոսքի զորությամբ ես արձակում եմ քեզ քո մեղքերի բոլոր կապանքներից, մտքերից, խոսքերից և գործերից, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:
Եվ նորից վերադարձնում եմ քեզ Սուրբ Եկեղեցու խորհուրդների ընդունմանը, որպեսզի ինչ բարի գործ որ գործես, դա քեզ որպես բարեգործություն համարվի և փառավորի քեզ հանդերձյալ կյանքում: Ամեն:
Եթե ինչ որ մի ծանր պատճառ՝ մահվան վտանգ, աճապարանք պարտադրի, քահանան կարող է կրճատել արձակման բանաձևն այսպես.
Ես արձակում եմ քեզ բոլոր դատակնիքներից և մեղքերից հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:
Եթե քահանան բացահայտի, որ ապաշխարողը գտնվում է դատակնիքների կամ վերապահությունների ներքո, որոնցից ինքը չի կարող արձակել նրան, չպետք է նրան արձակում տա իր վերադասից անհրաժեշտ իշխանությունը ստանալուց առաջ, բացառությամբ՝ եթե ապաշխարողը մահվան կետում է։