ՍԿԻԶԲ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ (աշխարհաբար)
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
ՍԿԻԶԲ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ
Գալով Սուրբ Սեղանի առաջ՝ երկրպագում են և խաչակնքվում,
ապա քահանան լվանում է իր ձեռքերը՝ ասելով 25րդ Սաղմոսը.
(Սրբությամբ կլվանամ իմ ձեռքերը, ... ։ Դատ արա՛ ինձ, Տեր, ... ։)
ՔԱՀԱՆԱՆ
Եվ Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ, Տեր, ընդունիր մեր աղաչանքները և կյանք պարգևիր մեզ:
ՍՊԱՍԱՎՈՐԸ
Սուրբ Աստվածածնին և բոլոր Սրբերին բարեխոս ունենանք երկնավոր Հոր առաջ, որպեսզի կամենալով ողորմի և գթալով կյանք տա Իր արարածներին:
Ամենակալ Տեր Աստված մեր, կյանք տուր և ողորմիր:
ՔԱՀԱՆԱՆ
Ընդունիր, Տեր, մեր աղաչանքները, բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի՝ Քո Միածին Որդու անարատ ծնողի, և աղաչանքներով Քո բոլոր Սրբերի և նրանց (կամ՝ նրա), որոնց (կամ՝ որի) հիշատակն է այսօր (կամ՝ այս օրվա շնորհով): Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր, քավիր և թողություն շնորհիր մեր մեղքերին: Արժանացրու մեզ գոհությամբ փառավորել Քեզ Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
խոստովանություն
Խոստովանում եմ Աստծո և Սրբուհի Աստվածածնի և բոլոր Սրբերի առաջ, նաև ձեր առաջ, հայրեր ու եղբայրներ, բոլոր մեղքերս, որ գործել եմ: Որովհետև մեղանչել եմ մտքով, խոսքով և գործով, և բոլոր մեղքերով, որ գործում են մարդիկ, մեղանչել ու մեղանչել եմ: Աղաչում եմ ձեզ, խնդրեցեք իմ համար Աստծուց թողություն:
ՍՊԱՍԱՎՈՐԸ
Թող ողորմի քեզ մարդասերն Աստված՝ Հզորը, և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ անցյալի ու ներկայի, իսկ ապագա հանցանքներից թող փրկի քեզ, և հաստատի քեզ բոլոր բարի գործերի մեջ և հանգստացնի քեզ հանդերձյալ կյանքում:
ՔԱՀԱՆԱՆ
Ամեն: Թող որ ձեզ նույնպես ազատի մարդասերն Աստված և թողություն շնորհի ձեր բոլոր հանցանքներին, տա ժամանակ ապաշխարելու և բարի գործեր կատարելու. թող որ ձեր առաջիկա կյանքը ևս ուղղի շնորհներով Սուրբ Հոգու, Նա, որ Հզոր ու Ողորմած է, և Նրան փա՜ռք հավիտյանս: Ամեն:
ՍՊԱՍԱՎՈՐԸ
Մեզ նույնպես հիշիր Աստծո անմահ Գառան առաջ:
ՔԱՀԱՆԱՆ
Հիշված կլինեք Աստծո անմահ Գառան առաջ:
ՍԱՂՄՈՍ ԽԲ.
Քահանան. – Մտնելու եմ Աստծո սեղանի առաջ, Աստծո մոտ, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Սպասավորը. – Դատիր ինձ, Աստված, և դատաստանիս ժամանակ պաշտպանիր իմ իրավունքը:
Քահանան. – Անսուրբ ժողովրդից, մեղավոր ու նենգավոր մարդուց փրկիր ինձ:
Սպասավորը. – Դու ես, ո՜վ Աստված, ինձ հզորացնողը. ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ եմ տրտում քայլում թշնամուց չարչարված:
Քահանան. – Առաքիր, ո՜վ Տեր, Քո լույսն ու Քո ճշմարտությունը, որպեսզի առաջնորդեն ինձ և հանեն ինձ Սրբությանդ լեռը և հասցնեն ինձ Քո օթևաններին:
Սպասավորը. – Մտնելու եմ Աստծո սեղանի առաջ, Աստծո մոտ, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Քահանան. – Դավանելու եմ Քեզ օրհնությամբ, Աստվա՜ծ, Աստվա՛ծ իմ:
Սպասավորը. – Արդ, ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովված. հույսդ Աստծո վրա դիր, դավանիր Նրան. «Աստված է իմ Փրկիչը»:
ՔԱՀԱՆԱՆ
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն:
ՍՊԱՍԱՎՈՐԸ
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք: Օրհնենք Ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, որ արժանացրեց մեզ կանգնել փառաբանության այս տեղում և երգել հոգևոր երգեր:
Ամենակալ Տեր Աստված մեր, կյանք տուր և ողորմիր:
ՔԱՀԱՆԱՆ
Սրբության այս խորանում և փառաբանության այս տեղում՝ հրեշտակների բնակարանում և մարդկանց քավարանում, աստվածընկալ և պայծառացած Սուրբ Նշանների և Սուրբ Սեղանի առաջ երկյուղածությամբ խոնարհվելով՝ երկրպագում ենք. սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունդ (կամ՝ Տերությունդ) օրհնում ու փառավորում ենք. և Քեզ մատուցում ենք օրհնությո՜ւն և փա՜ռք, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
քահանան Նշխարը նախասարկավագի ձեռքից վերցնելով՝ դնում է մաղզմայի վրա՝ ասելով.
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հիշատակը:
ապա գինին վերցնելով՝ խաչաձև լցնում է սկիհի մեջ՝ ասելով.
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործ տնօրենության հիշատակի համար:
ապա ասում է Հովհան Ոսկեբերանի գրած այս աղոթքը.
Աստվա՜ծ, Աստվա՛ծ մեր, որ երկնավոր Հացդ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ կերակուրն է ամբողջ աշխարհի, առաքեցիր իբրև Փրկիչ և կյանք տվող և բարերար, մեզ օրհնելու և սրբացնելու համար. Դու Ինքդ, Տեր, այժմ էլ օրհնիր այս ընծան, ընդունիր սա Քո երկնային Սեղանի վրա. հիշիր, որպես բարերար և մարդասեր, այս Պատարագը մատուցողներին և նրանց, ում համար է այն մատուցվում: Իսկ մեզ անդատապարտ պահիր Քո աստվածային խորհուրդների քահանայագործության մեջ, որովհետև սուրբ և փառավոր է փառքի ամենապատիվ մեծվայելչությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգուդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
ապա քողով ծածկում է սկիհը և այն երեք անգամ խաչակնքելով՝ ասում է.
Սուրբ Հոգին թող գա քո մեջ, և քո վրա հովանի թող լինի Բարձրյալի զորությունը: