ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (աշխարհաբար)

ՔԱՀԱՆԱՆ
 
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Երկրպագենք Աստծուն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քո առաջ, ո՜վ Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
խոնարհվում է, նաև ողջ ժողովուրդը նրա հետ,
և աղոթում է ծածուկ.
 
Որ աղբյուրդ ես կյանքի և բխումը ողորմության, Հոգիդ Սուրբ, ողորմիր այս ժողովրդին, որ խոնարհված երկրպագում է Քո Աստվածությանը: Պահիր նրանց ամբողջական, դրոշմիր նրանց հոգիներում իրենց մարմինների խոնարհման կերպարանքը՝ գալիք բարիքների ժառանգման ու վայելման նպատակով:
 
բարձրաձայն
 
Քրիստոս Հիսուսի՝ մեր Տիրոջ շնորհով, Որի հետ Քեզ՝ Սուրբ Հոգուդ, և ամենակալ Հորը, վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ուշադրությո՛ւն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Սուրբ Հացն իր ձեռքերի մեջ վերցնելով, այն ակներև բարձրացնում է ժողովրդի դիմաց, և բարձրաձայն ասում.
 
Սրբերի Սրբությունը(1):
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Միակ Սուրբը, միակ Տերը Հիսուս Քրիստոսն է, Հայր Աստծո փառքի մեջ: Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ ես, Հայր Սուրբ, Աստված ճշմարիտ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ ես, Որդիդ Սուրբ, Աստված ճշմարիտ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ ես, Հոգիդ Սուրբ, Աստված ճշմարիտ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն: Հա՜յր Սուրբ, Որդի՜դ Սուրբ, Հոգի՜դ Սուրբ:
Օրհնությո՜ւն Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
աղոթում է ծածուկ
 
Նայի՜ր, Տեր մեր Հիսուս Քրիստոս, երկնքից՝ Քո Սրբությունից և Քո թագավորության փառքի գահից: Ե՜կ սրբելու մեզ և կյանք տալու. Դու, որ Հոր հետ ես բազմում և միաժամանակ այստեղ պատարագվում: Արժանացրո՜ւ տալ մեզ Քո անարատ Մարմնից և պատվական Արյունից, և մեր ձեռքով՝ ողջ ժողովրդին:
 
սա ասելուց հետո երկրպագում և համբուրում է Սեղանը,
և վերցնելով Սուրբ Մարմինը՝ ամբողջությամբ թաթախում է
Անապական Արյան մեջ, և ասում է ծածուկ.
 
Տեր Աստված մեր, որ Քո Միածին Որդու անունով կոչեցիր մեզ քրիստոնյաներ, և հոգևոր Ավազանի մեջ մեզ Մկրտություն շնորհեցիր՝ մեղքերի թողության համար, և արժանացրեցիր մեզ հաղորդվել Քո Միածնի Սուրբ Մարմնին ու Արյանը: Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տեր, արժանացրու մեզ ընդունել այս Սուրբ Խորհուրդը՝ մեր մեղքերի թողության համար, և գոհությամբ փառավորել Քեզ Որդու և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ապա Սուրբ Մարմինն ու Արյունը ակներև բարձրացնում է ժողովրդի դիմաց, և նրանց կողմ շրջված՝ ասում է բարձրաձայն.
 
Սո՜ւրբ, սո՜ւրբ, պատվակա՜ն Մարմնից ու Արյունից մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ճաշակենք սրբությամբ, որ երկնքից իջած՝ բաշխվում է մեր մեջ: Սա կյա՜նք է, հո՜ւյս, հարությո՜ւն, մեղքերի քավությո՜ւն և թողությո՜ւն: Օրհնե՛րգ ասացեք մեր Տեր Աստծուն, օրհնե՛րգ ասացեք մեր երկնավոր անմահ Թագավորին, որ քերովբեական կառքերի մեջ է բազմում:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Օրհնյա՜լ է Աստված:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
արցունքով թրջված աչքերով, իր ձեռքն է վերցնում Մարմինը
և այն համբուրում է՝ ասելով ծածուկ.
 
Ի՜նչ օրհնություն կարող ենք ասել կամ ի՜նչ գոհություն կարող ենք հայտնել այս Հացի ու Գավաթի համար, այլ՝ Հիսո՜ւս, միայն Քեզ ենք օրհնում Հորդ և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
դարձյալ ասում է.
 
Դավանում եմ և հավատում, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ Քո վրա վերցնելով՝ ջնջեցիր աշխարհի մեղքերը:
 
և Սուրբ Մարմինը բեկանելով՝ ընկղմում է Արյան գավաթի մեջ, ասելով.
 
Սուրբ Հոգու լրումը:
 
մի մասն իր ձեռքը վերցնելով՝ ասում է ծածուկ,
գոհությամբ առ Հայր և Որդին.
 
Հայր Սուրբ, որ անվանեցիր մեզ Քո Միածնի անվանակցությամբ(2) և լուսավորեցիր հոգևոր Ավազանի Մկրտությամբ, արժանացրու մեզ ընդունել այս Սուրբ Խորհուրդը մեր մեղքերի թողության համար: Դրոշմիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհները, Սուրբ Առաքյալների նման, որոնք ճաշակեցին և դարձան մաքրիչները ողջ աշխարհի:
Եվ արդ, Տեր՝ Հայր բարերար, այս Հաղորդությունը մասնակից դարձրու Աշակերտների ճաշակման երեկոյին(3), փարատելով իմ մեղքերի խավարը: Մի՛ նայիր իմ անարժանությանը և մի՛ դադարեցրու Սուրբ Հոգուդ շնորհների հեղումը: Այլ Քո անբավ մարդասիրությանդ համաձայն՝ պարգևիր սա որպես մեղքերը քավող, հանցանքները ջնջող [զոհ], ինչպես խոստացավ և ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում է իմ Արյունը, կապրի հավիտյան»:
Արդ, պարգևիր սա մեզ որպես քավություն, որպեսզի նրանք, որ կուտեն և կխմեն սրանից, օրհնություն և փառք վերառաքեն Հորդ և Որդուդ և Սուրբ Հոգուդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Գոհություն եմ հայտնում Քեզ, Քրիստոս Թագավոր, որ ինձ՝ անարժանիս արժանացրեցիր հաղորդվել Քո Սուրբ Մարմնին և Արյանը: Եվ այժմ աղաչում եմ Քեզ, թող որ սա չլինի ինձ պատճառ դատապարտության, այլ՝ մեղքերի քավության և թողության, հոգու և մարմնի առողջության, և առաքինության բոլոր գործերի կատարյալ լրման ու ամբողջացման համար: Որպեսզի սրբի սա իմ շունչը, հոգին ու մարմինը, և դարձնի ինձ տաճար և բնակարան Ամենասուրբ Երրորդությանդ, որպեսզի Սրբերիդ հետ արժանի լինեմ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Աղոթք Հովհան Ոսկեբերանի
 
Գոհություն եմ հայտնում և մեծարում և փառավորում եմ Քեզ, Տեր Աստված իմ, որ ինձ՝ անարժանիս արժանացրեցիր այսօր հաղորդակից լինել Քո աստվածային և սոսկալի Խորհրդին՝ անարատ Մարմնիդ և պատվական Արյանդ: Ուստի սրանք որպես բարեխոս ունենալով աղաչում եմ. կյանքիս յուրաքանչյուր օրվա և ողջ տևողության ընթացքում Քո՛ Սրբության ներքո պահիր ինձ. որպեսզի Քո բարեգթությունները հիշելով՝ ես էլ կենդանի լինեմ Քո հետ, որ մեր համար չարչարվեցիր և մեռար և հարություն առար: Տեր իմ և Աստված, թող որ խորտակիչը չմոտենա ինձ, քանի որ իմ անձը կնքվում է Քո պատվական Արյամբ(4): Ամենակարող, սրանցով մաքրիր ինձ իմ բոլոր մեռելոտի գործերից. Դու, որ միակդ ես անմեղ: Պաշտպանիր իմ կյանքը, Տեր, բոլոր փորձություններից, և իմ դեմ պատերազմողին ետ նահանջել տուր պատկառած ու ամոթահար, ամեն անգամ, որ կհարձակվի իմ վրա: Պաշտպանիր մտքերիս և լեզվիս ընթացքը, և մարմնիս բոլոր ճանապարհները: Միշտ իմ հետ եղիր Քո անսուտ խոստման համաձայն, թե. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում է իմ Արյունը, նա Իմ մեջ կբնակվի, իսկ Ես՝ նրա»: Դո՛ւ ասացիր, Մարդասե՜ր. իրագործիր Քո աստվածային անխախտելի ու անջնջելի հրամանների խոսքերը: Քանի որ Դու Աստվածն ես ողորմության և գթության և մարդասիրության, և պարգևիչն ես բոլոր բարիքների: Եվ Քեզ վայելում է փա՜ռք՝ Հորդ և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ապա ահով և երկյուղածությամբ ճաշակում է Մարմնից
և ըմպում Բաժակից, ասելով.
 
Քո անապական Մարմինը թող որ կյանքի աղբյուր լինի իմ համար:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Եվ Քո Սուրբ Արյունը թող որ մեղքերի քավություն և թողություն պարգևի ինձ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ապա գոչում է դեպի ժողովուրդը, բարձրաձայն ասելով.
 
Երկյուղով ու հավատքով մոտեցեք և սրբությամբ հաղորդվեցեք:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Ասացեք. «Մեղանչել եմ Աստծո դեմ»:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Մեղանչել եմ Աստծո դեմ:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հավատում ենք Սուրբ Հորը, որ ճշմարիտ Աստված է:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հավատում ենք Սուրբ Որդուն, որ ճշմարիտ Աստված է:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հավատում ենք Սուրբ Հոգուն, որ ճշմարիտ Աստված է:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Դավանում ենք և հավատում, որ սա ճշմարիտ Մարմինն ու Արյունն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր վրա վերցնելով՝ ջնջում է աշխարհի մեղքերը:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հաղորդություն է տալիս արժանավորներին, ասելով.
 
Մարմինն ու Արյունը Քրիստոսի՝ Աստծո Որդու, թող որ մեղքերի քավություն և թողություն պարգևի քեզ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
Մեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ:
Օրհնյա՜լ է Նա, Ով եկավ Տիրոջ անունով:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
խաչակնքում է ժողովրդին և ասում.
 
Կյանք տուր, Տեր, Քո ժողովրդին, և օրհնիր Քո ժառանգությունը, հովվիր և փառավորիր նրանց այսուհետև մինչև հավիտյան:
 
ապա ծածուկ.
 
Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր ամենակալ, որ պատրաստեցիր մեր համար նավահանգիստ՝ Սուրբ Եկեղեցին, տաճար սրբության, ուր փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ: Ալելուիա:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Քրիստոս թագավոր, որ կենդանություն պարգևեցիր մեզ Քո կենարար Մարմնով և սուրբ Արյունով: Շնորհիր քավություն և մե՜ծ ողորմությունդ: Ալելուիա:
Գոհություն ենք հայտնում Քեզ, Հոգի ճշմարիտ, որ նորոգեցիր Սուրբ Եկեղեցին: Անարատ պահիր Երրորդությանդ հավատքով այսուհետև մինչև հավիտյան: Ալելուիա:
 
Գոհություն ենք հայտնում Քեզ, Քրիստոս Աստված, որ բարության այսպիսի ճաշակում շնորհեցիր մեզ կյանքի սրբության համար: Սրա շնորհիվ պահիր մեզ սուրբ և անարատ, բնակվելով մեր մեջ Քո աստվածային խնամքով ու հոգատարությամբ: Հովվիր մեզ Քո սուրբ և բարեսեր կամքի անդաստանում, որով բանսարկուի բոլոր հակառակություններից պաշտպանված՝ արժանի կլինենք պատրաստակամորեն լսելու Քո ձայնը, և միայն Քեզ՝ քաջահաղթ և ճշմարիտ Հովվիդ հետևելու, և Քեզնից ստանալու Երկնքի Արքայությանդ մեջ պատրաստված տեղը, Աստված մեր և Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ օրհնյա՜լ ես Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
իր շուրթերը և սկիհը սրբելով՝ սքողում է,
և սաղավարտն իր գլխին դնելով՝ ասում է ծածուկ.
 
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
Անքննելի, անհասանելի, Եռյակ Ինքնությանդ, արարիչ, ընդունող և անբաժանելի միասնական Սուրբ Երրորդությանդ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
(1) Կարող է նշանակել նաև. «Սրբությունը՝ Սրբերին» (գրաբար սկզբնական տարբերակով. «Սրբութիւնք Սրբոց»), այսինքն՝ Տիրոջ Մարմինն ու Արյունը՝ Մկրտվածներին:
(2) Քրիստոս - քրիստոնյա:
(3) Այսինքն՝ Վերնատանը կատարված Վերջին Ընթրիքին, երբ Հիսուսը հաստատեց Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը:
(4) Հմմտ. Ել 12, 7.13.23
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։