Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու պայմանները
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու առաջին և հիմնական պայմանը դա տվյալ անձի քրիստոնյա լինելն է, այսինքն՝ Սուրբ Մկրտության խորհուրդը ստացած լինելը: Չի կարող Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը ստանալ չմկրտված ոչ ոք, նույնիսկ եթե մտքով ու սրտով դարձի է եկել Քրիստոնեության և կամ համակրում է Ավետարանին կամ Եկեղեցուն:
Այս հիմնական պայմանից հետո՝ երեքն են այն պայմանները, որոնք եկեղեցական ավանդությունը և կանոնները հաստատել են Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու համար.
Առաջին պայմանը վերաբերվում է այն քրիստոնյաներին, ովքեր մանուկ հասակում ստանալով Մկրտությունը՝ հետագայում չեն կրթվել Քրիստոնեական Հավատքի մեջ և գիտակից չեն Խորհրդի բովանդակությանը: Նման անձինք կարող են Ամենասուրբ Հաղորդությունը ստանալ միմիայն համապատասխան ուսուցում ստանալուց և գիտակից հավատք արտահայտելուց հետո:
Երկրորդ պայմանը վերաբերվում է նրանց, ովքեր գործել են ինչ որ մի ծանր մեղք և տակավին չեն խոստովանվել և չեն ստացել Աստծո ներումը: Խոսքը վերաբերվում է և՛ բարոյական ծանր մեղքերին (սպանություն, կեղեքում, թալան, բռնություններ, կաշառք, վաշխառություն, պոռնկություն, շնություն, և այլն), և՛ Հավատքի դեմ գործվող մեղքերին (մասնակցություն հեթանոսական պաշտամունքի, որևէ ձևի կախարդության, գուշակության կամ ոգեհարցության, անդամակցություն հակաքրիստոնեական կամ հակաեկեղեցական կազմակերպությունների, ինչպիսիք են մասսոնական օթյակները, աթեիստական խմբավորումներն ու կուսակցությունները, աբորտ և նմանատիպ ոճիրներ քարոզող ու տարածող կազմակերպությունները, և այլն):
Երրորդ պայմանը ավելի ասկետիկ բնույթ ունի և դրա նպատակն է ապահովել աղոթքի այն անհրաժեշտ մթնոլորտը, որն հարկավոր է Ամենասուրբ Հաղորդությունը արժանավայել կերպով ընդունելու համար: Այս նպատակով Եկեղեցին պատվիրում է Սուրբ Պատարագից գոնե մեկ ժամ առաջ դադարեցնել կերակուրների կամ խմիչքների ընդունումը՝ աղոթքով ու հոգևոր մտորումներով Ամենասուրբ Հաղորդությանը պատրաստվելու համար: Այս պայմանը չի տարածվում երեխաների, տարեցների, ծանր հիվանդների և նրանց խնամող անձանց վրա, ինչպես նաև չի վերաբերվում ջրի և հարկավոր դեղորայքների ընդունմանը: Քահանաների դեպքում, որոնք իրենց հովվական ծառայության բերումով մեկ օրվա ընթացքում մատուցում են երկու կամ երեք Սուրբ Պատարագ, այս պայմանը վերաբերվում է միայն առաջինին: