Ասորիքից Հռոմ, դեպի մարտիրոսություն – Գրադարան – Mashtoz.org

Ասորիքից Հռոմ, դեպի մարտիրոսություն

Իգնատիոսի անունը սովորաբար կապվում է Ասորիքի Անտիոք քաղաքին: Գիտենք ամենայն վստահությամբ, որ նա եղել է այդ քաղաքի Եպիսկոպոսը: Չունենք, սակայն, պատմական տեղեկություններ, որոնց հիման վրա կարող ենք հաստատել, թե նա ծնունդով էլ անտիոքացի էր: Այս հարցի վերաբերյալ հին աղբյուրները լռում են: Կարող ենք միայն ենթադրել, որ Իգնատիոսը ծնվել է Ասորիքի քաղաքներից կամ գյուղերից մեկում, Ք.հ. 35-40 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

Անտիոքը հին աշխարհի երևելի քաղաքներից մեկն էր: Հելլենական Ասորիքի մայրաքաղաքն էր, հարուստ, բազմազգ, կիրթ ու զարգացած բնակչությամբ, և այդպիսին շարունակեց մնալ նաև՝ երբ Ք.ա. 63 թվականին Պոմպեոսի զորքերը գրավեցին այն և դարձրեցին Հռոմեական Կայսրության Ասորիք նահանգի կենտրոնը: Անտիոքը վիթխարի արժանիքներ է ունեցել Քրիստոնեության տարածման գործում: Գործք Առաքելոցում պատմվում է (11, 19-26), թե ինչպես առաջին քրիստոնյաները, երբ հալածանքների բռնկման պատճառով հարկադրված հեռացան Երուսաղեմից, սիրալիր ընդունելություն գտան Անտիոքում և այդտեղ կազմակերպեցին բավականին եռանդուն ու գործուն մի համայնք: Անտիոքում գործեցին Պողոսն ու Բառնաբասը, Անտիոք եկավ նաև Պետրոսը. մանավանդ թե, ըստ Եվսեբիոսի, Պետրոս Առաքյալը եղավ այդ Եկեղեցու առաջին Եպիսկոպոսը: Անտիոքում, առաջին անգամ լինելով, Քրիստոսի հետևորդներին սկսեցին կոչել Քրիստոնյաներ:

Իգնատիոսը Անտիոքի Եկեղեցու Եպիսկոպոսը եղավ շուրջ 40 տարի, Ք.հ. 70 թվականից մինչև 107 թվականը: Որոգինեսի համաձայն, Իգնատիոսը Պետրոս Առաքյալի անմիջական հաջորդն է եղել, մինչ Եվսեբիոսի համաձայն, – ինչը որ առավել հավանական է, – Իգնատիոսը եղել է Անտիոքի երրորդ Եպիսկոպոսը, Պետրոս Առաքյալից ու Էվոդիոսից հետո:

Իգնատիոսի ծննդյան, դաստիարակության, կրթության, հասարակական դիրքի և Եպիսկոպոսության առաջին տարիների վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել:

Ինչ վերաբերվում է նրա անվանը, բոլոր նամակներն էլ սկսվում են հետևյալ կերպ. «Իգնատիոսը, որին անվանում են նաև Թեոֆորոս»: Իգնատիոս անունը լատինական ծագում ունի, առաջացել է «ignis» (հուր, կրակ) բառից: Թեոֆորոս անունը նա հավանաբար ստացել է Մկրտության ժամանակ, որպես քրիստոնեական որակավորում: Այստեղ հետաքրքրական է հիշատակել, որ Թեոֆորոս անունը հունարենում կարող է ունենալ երկու նշանակություն. ներգործական և կրավորական: Եթե շեշտը դրվում է երկրորդ վանկի վրա (Թեոֆո՛րոս), իմաստը ներգործական է և նշանակում է Աստծուն կրող, Աստվածակիր: Իսկ եթե շեշտը դրվում է առաջին վանկի վրա (Թեո՛ֆորոս), իմաստը դառնում է կրավորական և նշանակում է Աստծուց կրված: Այս երկրորդ իմաստի վրա է հիմնվում այն գեղեցիկ ավանդույթը, որի համաձայն՝ փոքրիկ Իգնատիոսն էր այն մանուկը, որին Հիսուսն Իր գիրկն առավ և ցույց տվեց Իր Առաքյալներին, ասելով, որ հարկավոր է այդ մանկան նման փոքր դառնալ (Մտթ 18, 1-5): Որպես ավանդույթ անշուշտ շատ գեղեցիկ է, բայց զուրկ է պատմականության որևէ հիմքից: Իգնատիոսի պարագային ավելի հավանական է Թեոֆորոս անվան առաջին, ներգործական իմաստը. Աստվածակիր: Եվ նա իրոք համապատասխան գտնվեց իր անվանը. սիրո բոցավառ հուր եղավ Տիրոջ նկատմամբ և իր գործն ու խոսքերը իրենցում կրում էին և բոլորին հաղորդում էին Աստծո անճառելի ներկայությունը:

Իգնատիոսի կյանքի վերաբերյալ ամենավստահելի տեղեկությունները նրանք են, որոնք պարունակված են իր նամակներում և վերաբերվում են նրա Եպիսկոպոսության և միաժամանակ նաև կյանքի վերջին ամիսներին:

 

Ք.հ. Երկրորդ դարի առաջին տարիներն էին: Քաղաքական, հասարակական, տնտեսական աշխարհը գտնվում էր Հռոմեական Կայսրության հզոր տիրապետության ներքո: Նրա լեգիոնները գրավել էին ամբողջ Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան և փոքր Ասիան: Կայսերական գահին բազմել էր ընդունակ և իմաստուն մի անձ. Տրայիանոսը:

Բայց – ինչպես իր ժամանակվա ամենանշանավոր անձնավորությունների պարագան էր – նրա վրա էլ ծանրորեն կշռում էր մի տեսակ անկարողություն՝ հասկանալու կամ գոնե հանդուրժելու Քրիստոնեությունը: Հիսուս Նազովրեցու բերած «Բարի Լուրը» չափազանց հեռու էր իր մտածելակերպից: Հետևաբար, Տրայիանոսի օրոք ևս, քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքները տարածվում են ամենուր և հասնում մինչև հեռավոր նահանգները: Նաև մինչև Ասորիք:

Իգնատիոսը, որ այդ ժամանակ Անտիոքի անվանի Եպիսկոպոսն էր, առաջիններից մեկն է, որ ձերբակալվում և զինվորների ուղեկցությամբ ուղարկվում է Հռոմ, որպեսզի այնտեղ դատվի: Բայց դատավճիռն արդեն կայացված է. դատապարտվել է կռվելու վայրի գազանների հետ, Հռոմի Ֆլավիական ամֆիթատրոնում (Քոլիզեում), որտեղ հեղելու է իր արյունը որպես Աստծուն մատուցված ընծա, հավատքի մեջ եղբայրների համար:

Մի խումբ զինվորների ուղեկցությամբ – «տասը ընձառյուծներ, որոնց հանդեպ որքան ավելի ես բարիք գործում, նրանք այնքան ավելի են չարանում»[1] – Իգնատիոսը սկսում է իր ճամփորդությունը դեպի Կայսրության մայրաքաղաք: Երկարատև ուղևորությունը կատարվում է մի քանի հանգրվաններով. մասամբ՝ ծովով, մասամբ էլ՝ ցամաքով[2], հետևելով հռչակավոր Վի՛ա Իգնա՛ցիա ճանապարհին, որը երկուսուկես դար առաջ – Ք.ա. 146 թվականին – կառուցել էր տվել Մակեդոնիայի կառավարիչ Գայոս Իգնատիոսը:

Համենայն դեպս, տխուր և հուսահատության աստիճան ցավալի ուղևորություն չէ Իգնատիոսի ճամփորդությունը: Մարդկային տեսանկյունից դիտված, այո՛, երկրային իշխանությունները նրան զրկել են ապրելու իրավունքից, բայց Իգնատիոսն այդ դատավճռի մեջ տեսնում է Աստծո կամքը. Աստված, Ով իրեն կանչում է դեպի Ինքը: Ինչպես արևն է կատարում իր ամենօրյա ընթացքը, Իգնատիոսն էլ ընթանում է Արևելքից դեպի Արևմուտք, հետո հարություն առնելու հեռանկարով, ճիշտ ինչպես արևը, է՛լ ավելի պայծառ. Աստծո անսահման լույսի մեջ: Մի վիթխարի բերկրանք է ճառագայթում Իգնատիոսի սրտից, մի անզսպելի բաղձանք՝ հասնելու Հռոմ, կրելու մարտիրոսությունը և վերջապես միանալու իր Աստծուն: Ուղևորություն, ուստի, դեպի Լույսը:

Անտիոքի նավահանգիստը հանդիսացող Սելևկիայից ճանապարհ ընկնելով՝ խումբը ծովային ճանապարհով հասնում է Կիլիկիա, կտրում անցնում է Կիլիկիայի ողջ տարածքը, հասնում է Ֆիլադելֆիա, որտեղից էլ՝ Զմյուռնիա, ուր կանգ է առնում կարճատև հանգստի համար: Զմյուռնիայում Իգնատիոսին ընդունում է Պողիկարպոսը, տեղի երիտասարդ Եպիսկոպոսը, ով Իգնատիոսին կապված էր մտերմության ու մեծարանքի զգացումներով: Մինչ Իգնատիոսը դեռ ճանապարհին էր, նրա ժամանումի լուրը տարածվում է ամենուր և մոտակա Եկեղեցիներից պատվիրակություններ են շտապում Զմյուռնիա, Սուրբ Եպիսկոպոսին ողջունելու և իրենց հարգանքի տուրքը նրան մատուցելու:

Բազմաթիվ ուրիշ պատվիրակությունների շարքին անկասկած ներկա էին Եփեսոսի, Մագնեզիայի և Թրալլիսի համայնքների ներկայացուցիչները: Նրանց և նրանց քրիստոնյա համայնքներին Իգնատիոսն ուղղում է երեք նամակ, որոնք լի են երախտագիտության զգացումներով, և հարուստ՝ հովվական ուսուցումներով ու հորդորներով:

Զմյուռնիայից Իգնատիոսը մի նամակ էլ գրում է Հռոմի քրիստոնյաներին: Ճշգրիտ տեղեկություններ չունենք, որպեսզի հստակ կերպով հաստատենք, թե ի՛նչն է նրան մղել շարադրելու այդ նամակը, որն անկասկած մնում է որպես համաշխարհային գրականության գոհարներից մեկը: Ամենահավանական ենթադրությունը սա է. Իգնատիոսի կողմից Զմյուռնիայում ընդունված պատվիրակներից ոմանք չափազանց եռանդ գործի դնելով՝ փորձել են հուշել նրան գաղափարը, թե հնարավոր է դիմել Կայսրին և հայցել նրա գթասրտությունը: Այդ նպատակին հասնելու համար բավական կլիներ խնդրել հռոմեաբնակ քրիստոնյա եղբայրներից ինչ որ մեկի միջամտությունը, որը որոշակի վստահություն և ազդեցիկ դիրք էր վայելում կայսերական արքունիքում: Գաղափարը մարդկայնորեն գնահատելի էր, բայց Իգնատիոսն ուրիշ նպատակների էր այլևս ձգտում: Այդպիսի միջամտությունը կփշրեր նրա ամենանվիրական երազանքը. դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտն ու հետևորդը, Նրա համար հեղելով սեփական արյունը, հավատակից բոլոր եղբայրներին ու քույրերին ի նպաստ: Ուստի իր ձեռքն է առնում գրիչը և նամակ է գրում հռոմեաբնակ այդ եղբայրներին, աղերսելով չմիջամտել և թույլ տալ, որ հնարավորինս շուտով ի կատար ածվի այն՝ ինչն Աստված պատրաստել է իր համար. «Ես նման առիթ այլևս չեմ ունենա՝ հասնելու Աստծուն, իսկ դուք – եթե լռեք – չեք կարողանա մի ավելի լավ գործի կապել ձեր անունը»[3]:

Ճամփորդության երկրորդ հատվածը, Զմյուռնիայից դեպի Տրովադա, շատ ժամանակ չի պահանջում: Մանավանդ որ Իգնատիոսին ընկերանում է Բուրրոս Սարկավագը, որին եփեսացիները հանձնարարել էին ուղեկցել Իգնատիոսին[4]: Տրովադայում նրանց են միանում նաև Փիլոնը և Ռեոս Ագաթոպոդոսը, որոնք Իգնատիոսին ավետում են նրա կողմից այնքա՜ն սպասված բարի լուրը. Ասորիքի Եկեղեցին վերագտել է խաղաղությունը[5], թերևս հալածանքների դադարելու պատճառով:

Իգնատիոսը Տրովադայում կրկին հայտնվում է մերձակա համայնքների գորովի և ուշադրության կենտրոնում: Դրա ապացույցն են այն նամակները, որոնք Իգնատիոսն առաքում է Ֆիլադելֆիայի ու Զմյուռնիայի քրիստոնյաներին և Պողիկարպոսին: Բոլոր այդ նամակներում, ուսուցումներից ու հորդորներից բացի, խնդրում է Անտիոքի համայնքին հասցնել իր ողջույնը և հորդորը՝ փառավորելու Աստծուն այդ մեծ պարգևի համար:

Ճանապարհ ընկնելու մի անակնկալ հրաման կրկին քայլքի մեջ է դնում խմբին: Ծովային ճանապարհով հասնում են Մակեդոնիայի Նեապոլիս քաղաքը, որտեղից էլ, Վի՛ա Իգնա՛ցիա ճանապարհով, կտրում անցնում են Ֆիլիպպին, Մակեդոնիան և Իլլիրիան, հասնելով Դիրախիոն: Այնտեղից ճանապարհը կրկին անցնում է ծովով, հասնում են իտալական թերակղզու հարավ-արևելքում գտնվող Բրինդիզի նավահանգիստը, որտեղից էլ հռչակավոր Վի՛ա Ա՛փփիա ճանապարհն անշեղ հասցնում է նրանց Հռոմ:

Ք.հ. 107 թվականի ձմեռն է[6]: Դատավճիռն արդեն կայացվել է: Հավանաբար ուշացումներ տեղի չեն ունենում և դատավճիռն իսկույն ի կատար է ածվում:

Հոգևոր ներքին անդորրի, խաղաղության մեջ, հավանաբար՝ համընդհանուր անտարբերության մթնոլորտում, Իգնատիոսն ընծայում է իր զոհը: Սակավաթիվ րոպեների ընթացքում վայրի գազանները – որոնց ինքն իսկ մտադիր էր ոգևորել, եթե չափազանց հեզ գտնվեին – հոշոտում են այն մարմինը, որի մեջ չկա այլևս մարդկային ոչ մի ցանկություն[7]: Եվս մի Մարտիրոս իր ցնծալի մուտքն է գործում Երկինք:

Դա տեղի է ունենում Դեկտեմբերի 20-ին, ինչպես վկայում է Անտիոքյան Հայսմավուրքը (Է 1): Քրիստոնյաներից ոմանք հավաքում են նրա մարմնի մնացորդները, որպես սրբազան մասունքներ, և տեղափոխում են Անտիոք:

[1] Հմմտ. Հռոմ. Ե 1.
[2] Նույն.
[3] Հռոմ. Բ 1.
[4] Եփես. Բ 1.
[5] Հմմտ. Ֆիլ. ԺԱ; Զմյուռ. Ժ.
[6] Ըստ Եվսեբիոս Կեսարացու: 107 թվականը ավանդաբար ընդունվել և գրեթե համատարած է դարձել, թեև որոշ ուսումնասիրողներ առաջարկում են տեղափոխել դեպքը 110-118 թվականների միջև:
[7] Հռոմ. Է-Ը.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։