Երախտիքի ու գովասանքի խոսքեր – Գրադարան – Mashtoz.org

Երախտիքի ու գովասանքի խոսքեր

Ա. – 1. Աստծո մեջ ընդունեցի ձեր հույժ սիրելի անունը[1]. անուն, որ ձեռք եք բերել ձեր բարեպաշտ նկարագրով, այն հավատքի ու սիրո համաձայն, որոնք հայտնվել են հանձինս Քրիստոս Հիսուսի, մեր Փրկչի: Դուք, իրոք, Աստծուն նմանվողներ էք[2], և Նրա արյան մեջ վերստին արծարծել եք ձեր նկարագրի բնածին գործունեությունը և այն հասցրել եք լիուլի կատարման:

 

2. Դրա ապացույցն է այն փաստը, որ շտապեցիք այցելել ինձ, հազիվ լսեցիք Ասորիքից ժամանելուս լուրը, շղթայված՝ ընդհանուր Անվան և մեր ընդհանուր հույսի պատճառով[3], և փափաքող – ձեր աղոթքների շնորհիվ – ստանալու Հռոմում գազանների դեմ մարտնչելու շնորհը, որպեսզի այդ շնորհը ստանալով՝ ես կարողանամ լինել հետևորդ[4]:

 

3. Աստծո անվամբ ընդունեցի, ուստի, ձեր բազմամարդ համայնքը հանձինս Ոնեսիմոսի[5], ձեր տեսանելի Եպիսկոպոսի. մի մարդ, որ սքանչելի է իր գործադրած սիրով: Խնդրում եմ ձեզ սիրել նրան Հիսուս Քրիստոսի համաձայն, և աղերսում եմ ձեզ բոլորիդ՝ նմանվել նրան: Օրհնյալ է Նա, ով ձեզ պարգևել է – և դուք արժանի էիք դրան – ունենալ նման Եպիսկոպոս:

[1] Իգնատիոսը շատ հաճախ է գործածում «անուն» եզրը: Երբեմն այն պարզապես հոմանիշն է Աստված կամ Հիսուս անունների: Երբեմն էլ, ինչպես այստեղ և հատկապես ողջույնի խոսքերում, մատնանշում է հասցեատիրոջ «անձը»: Տվյալ դեպքում Իգնատիոսը կամենում է ասել, որ ուրախությամբ և որպես Աստծո պատգամաբերներ է ընդունել այն անձանց, որոնք եկել են իրեն այցելելու: Հանձինս այդ այցելուների, նա ընդունել է Եփեսոսի ողջ համայնքը, որպես մեկ միակ մարմին. իրոք, բնագրում նա ավելի ճշգրիտ կերպով գրում է. «Աստծո մեջ ընդունեցի քո հույժ սիրելի անունը»: Բացի սա, այս խոսքերով Իգնատիոսը ամենայն հավանականությամբ ակնարկում է Եփեսացիներ անվան ստուգաբանական իմաստին. այն, իրոք, նշանակում է «սիրելիներ, ցանկալիներ»: Սա ևս մի օրինակ է մեկ բառի մեջ տարբեր գաղափարների խտացման, որոնք դժվարին են դարձնում տվյալ նախադասության թարգմանությունը ա՛յլ լեզուների:
[2] Հմմտ. Եփս 5, 1.
[3] «Ընդհանուր Անունը» և «ընդհանուր հույսը» Հիսուս անվան հավելյալ – բացահայտ կամ լուռիմաց – կցորդներն են: Արտակարգ արդյունավետություն ու գեղեցկություն պարունակող արտահայտություններ են, որոնք Իգնատիոսին հոգեհարազատ են յուրահատուկ կերպով: Հիշենք, որ հենց Անտիոքում էր, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները սկսեցին կոչվել քրիստոնյաներ (հմմտ. Գրծ 11, 26):
[4] Իգնատիոսն ավետում է մարտիրոսության իր մեծ, միակ փափաքը. մարտնչել վայրի գազանների դեմ և այդպիսով դառնալ Տիրոջն արժանի աշակերտ, հետևորդ: Այս բաղձանքն է դառնալու Հռոմեացիներին ուղղված հռչակավոր նամակի առանցքային նյութը:
[5] Եփեսոսի Եկեղեցու այս Եպիսկոպոսի անունը հիշեցնում է Պողոս Առաքյալի ընկերոջը, որի մասին նա խոսում է Փիլիմոնին ուղղված իր նամակում: Ոմանք ենթադրել են, թե խոսքը միևնույն անձի մասին է, բայց այդ ենթադրությունը ոչ մի պատմական փաստ և հիմք չունի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։