Ովքեր ինձ գովում են, մտրակում են – Գրադարան – Mashtoz.org

Ովքեր ինձ գովում են, մտրակում են

Դ. – 1. Շատ բաներ եմ հասկանում Աստծո մեջ[1], բայց ինքս ինձ չափավորում եմ, որպեսզի պարծենալով չկորչեմ: Այժմ, իրոք, պետք է է՛լ ավելի զգույշ լինեմ և ուշադրություն չդարձնեմ նրանց, ովքեր հպարտանալու առիթներ են ինձ տալիս: Արդարև, ովքեր ինձ գովում են, մտրակում են:

 

2. Այո՛, տառապել ուզում եմ, բայց չգիտեմ, թե արդյոք արժանի՞ եմ[2]: Եռանդս հայտնի չէ շատերին, բայց է՛լ ավելի է ինձ տանջում: Ուստի կարիքն ունեմ հեզության, որով է լիովին պարտության մատնվում այս աշխարհի իշխանը:

 

Ե. – 1. Մի՞թե չէի կարող գրել ձեզ երկնային իրականությունների մասին: Բայց քանի որ տակավին դեռահաս եք, վախենում եմ վնաս հասցնել ձեզ[3]: Եվ, – ներողամիտ եղեք, – չկարողանալով կրել դրանց կշիռը, թերևս դուք շնչահեղձ լինեք[4]:

 

2. Ես ինքս էլ, որ շղթայված եմ և կարողանում եմ ըմբռնել երկնային իրականությունները, հրեշտակային նվիրապետությունը, իշխանությունների դասերը, տեսանելի ու անտեսանելի իրականությունները, սա դեռ չի նշանակում, թե արդեն աշակերտ եմ: Դեռ շա՜տ բաներ են մեզ պակասում, որպեսզի մենք Աստծո պակասը չկրենք:

 
[1] Բնագրի ձայներանգն այնպիսին է, որ ակնհայտ կերպով հասկացվում է, որ «Աստծո մեջ» ասելով Իգնատիոսը չի հասկանում միայն Աստծուն կամ աստվածայինին վերաբերվող իրողությունները, այլ՝ ամեն բան, նաև մարդկայինն ու նյութականը, որոնք սակայն տեսնում է Աստծո լույսի մեջ, այնպես՝ ինչպես դրանք տեսնում է Աստված Ինքը:
[2] Հավատքը գլխիվայր փոխում է արժեքների համակարգը: Սուրբ Մարտիրոսի համար տառապանքն ու մահը ո՛չ միայն դատապարտություն չեն, այլ ընդհակառակն՝ Աստծո պարգևն ու մրցանակն են: Իգնատիոսն իրեն անարժան է համարում այդքա՜ն պատվի:
[3] Հմմտ. 1Կր 3, 1-2.
[4] Իր զրուցակիցների հոգևոր դեռահասությունն ի նկատի ունենալով, Իգնատիոսը հետևում է Պողոս Առաքյալին և նրանց չի դիմում «խոսքերի վեհությամբ» (հմմտ. 1Կր 2, 1), նախընտրելով կյանքի անմիջական օրինակը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։