Հանձինս պատվիրակների տեսա ձեզ բոլորիդ, սիրո մեջ – Գրադարան – Mashtoz.org

Հանձինս պատվիրակների տեսա ձեզ բոլորիդ, սիրո մեջ

Բ. – 1. Ինչ վերաբերվում է Բուրրոսին, իմ ծառայակցին ու ձեր Սարկավագին[1] Աստծո համաձայն, – Սարկավագ, որ օրհնյալ է ամեն ինչում, – խնդրում եմ, որ նա մնա իմ մոտ, ի պատիվ ձեր և ձեր Եպիսկոպոսի: Կրոկոսը նույնպես, – որ արժանի է Աստծուն և արժանի է ձեզ, – որին ես ընդունեցի որպես ձեր սիրո օրինակ, սփոփեց ինձ ամեն ինչում: Թող որ Հիսուս Քրիստոսի Հայրը մխիթարի նաև իրեն, Ոնեսիմոսի, Բուրրոսի, Եվպլուսի և Ֆրոնտոնի հետ միասին: Հանձինս նրանց տեսա ձեզ բոլորիդ, սիրո մեջ:

 

2. Թող որ ես ընդմիշտ կարողանամ վայելել ձեզնից եկող բերկրանքը, եթե արժանի գտնվեմ դրան: Պատշաճ է, ուստի, ամեն կերպ փառավորել Հիսուս Քրիստոսին, որ փառավորել է ձեզ, որպեսզի – միայն մեկ հնազանդության մեջ հոժարությամբ տրամադրված, Եպիսկոպոսին ու քահանայից դասին ենթակա – դուք սրբանաք ամեն ինչում:

[1] Իգնատիոսը մեծ ուշադրություն ու համակրանք է ցուցաբերում Սարկավագների նկատմամբ, որոնց միշտ անվանում է «իմ ծառայակիցները», քանի որ նրանք ևս ընծայված էին Եկեղեցու ծառայությանը: Սարկավագները կարևոր դերակատարություն ունեին առաջին դարերի եկեղեցական կյանքում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։