ԵՓԵՍՈՍԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ
Դեպի Հռոմ ուղղված իր ճամփորդության ընթացքում Իգնատիոսը որոշ ժամանակով կանգ առավ Զմյուռնիայում: Տեղի երիտասարդ Եպիսկոպոս Պողիկարպոսի մոտ գտնված ժամանակ նրան եղբայրական այցելության եկան Եփեսոսի, Մագնեզիայի և Թրալլիսի եկեղեցիների ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրի հետ Իգնատիոսը հավատքի և փոխադարձ քաջալերանքի մտերիմ զրույցներ ունեցավ: Որոշ ժամանակ անց, Եփեսոսի բոլոր քրիստոնյաներին ուղղեց սույն նամակը, որպես նպատակ ունենալով շնորհակալություն հայտնել նրանց ներկայացուցիչների այցելության համար, նրանց ուշադրությունը հրավիրել Եփեսոսի համայնքի ամենահրատապ խնդիրների վրա, և հատկապես՝ հորդորելու համար բոլորին, որպեսզի նախանձախնդիր լինեն միության պահպանության գործում, հարատևելով Առաքյալների Ավանդության մեջ:
Եփեսոսը առևտրական բուռն գործունեություն ունեցող և քաղաքական ու կրոնական վիթխարի համբավ վայելող քաղաք էր: Քրիստոնեական համայնքը հիմնվել էր Պողոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի քարոզչությամբ, և արդեն իսկ հայտնի էր եփեսացի այն բազմաթիվ քրիստոնյաներով, որոնք Ավետարանն ապրել էին լավագույն կերպով: Սրանով է բացատրվում գովասանքների այն շարքը, որոնցով Իգնատիոսը սկսում է իր այս նամակը: