« ԵՐԳԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, Ի ՊԱՏԻՎ ԱՅՍՔԱ՜Ն ՄԵԾ ԽՈՐՀՐԴԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԳԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, Ի ՊԱՏԻՎ ԱՅՍՔԱ՜Ն ՄԵԾ ԽՈՐՀՐԴԻ »

Հռոմեական Ծես, Շարական « ԵՐԳԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, Ի ՊԱՏԻՎ ԱՅՍՔԱ՜Ն ՄԵԾ ԽՈՐՀՐԴԻ »
 
Երգի՜ր, լեզու իմ,
խորհուրդը փառավոր Մարմնի
ու թանկագին Արյան,
որն ազգերի Արքան,
օրհնյալ պտուղը շնորհալի ծոցի,
հեղեց ի փրկություն աշխարհի։
 
Ընծայվեց մեզ, ծնվելով մեր համար
մաքրափայլ Կույսից,
ապրեց աշխարհում՝ ցանելով
սերմն Իր խոսքի
և զմայլելի կերպով եզրափակեց
ժամանակն Իր բնակության 
այստեղ՝ ներքևում։
 
Վերջին Ընթրիքի երեկոյան
Իր եղբայրների հետ սեղան նստելով,
Օրենքի պատվիրանները լիովին
պահած լինելուց հետո,
իբրև կերակուր Առաքյալներին տրվեց
Իր իսկ ձեռքերով։
 
Բանը(*) մարմնացած
փոխում է Իր խոսքով
Իր Մարմնին՝ հացը ճշմարիտ,
և գինին՝ Իր Արյանը,
և եթե զգայարաններն ի զորու չեն,
հավատքը բավական է՝ վստահեցնելու
անկեղծ սրտերին։
 
Պաշտենք, ուրեմն, երկրպագելով,
Խորհուրդն այսքա՜ն մեծ.
թող որ զիջի իր տեղը
Հին Ուխտը Նորին,
և հավատքը թող որ լրացնի
պակասը մեր զգայարանների։
 
Փա՜ռք և գո՜վք,
պատի՜վ և օրհնությո՜ւն,
երկրպագությո՜ւն
Հորը և Որդուն,
միության մեջ Սուրբ Հոգու,
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։