... ՄԻՆՉ ԴԻՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԿՅԱՆՔԸ ... – Գրադարան – Mashtoz.org

... ՄԻՆՉ ԴԻՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԿՅԱՆՔԸ ...

Ո՜վ Տեր,
մինչ դիտում եմ իմ կյանքը,
նկատում եմ, թե որքա՜ն փակ եմ ինքս իմ մեջ.
թե որքա՜ն բացակա եմ եղբայրներիս ու քույրերիս կյանքում.
թե որքա՜ն հեռու եմ սիրո Քո ծրագրից։
 
Պարգևիր ինձ սեփական եսիցս դուրս գալու ուժը,
զորացրու ինձ մերձավորներիս դեմքը վայելելու կարողությամբ,
արծարծիր ինձնում հաղորդություն ստեղծելու բաղձանքը,
հաղորդություն յուրաքանչյուր մարդու հետ, որին հանդիպում եմ։
 
Մարդիկ կարող են ճանաչել Քեզ,
եթե ողջ ուշադրությունս կենտրոնացած չլինի միայն ինքս իմ վրա.
եղբայրներս ու քույրերս կվերագտնեն կյանքի հանդեպ հույսը,
եթե ես դեպի իրենց պարզեմ Քո ձեռքը.
ընկերներս կբացահայտեն Քո դէմքը,
եթե ես թափանցիկ լինեմ Քո լույսի դիմաց։
 
Ո՜վ Տեր,
թող որ իմ կյանքը լինի այն հացը, որ կազդուրում է,
իմ ժեստերը թող լինեն այն ըմպելին, որ զովացնում է,
իմ խոսքը թող լինի այն լույսը, որ փայլում է։
 
Հայնժամ, եղբայրներիս ու քույրերիս հետ
աճման ու ինքնանվիրման հաղորդության մեջ,
Մարիամի հետ միությամբ,
մի «Մեծացուսցէ» կլինեմ, Անվանդ ձոնված,
և Ավետարան, աշխարհի համար։
 
Ամեն։
 
Դոն Ջաքոմո Լուցիեթթի (1931-1994), քահանա, սոցիալական ընկերությունների հիմնադիր
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։