Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ (1936-2013-). « ԱՂՈԹՔ ԸՆԾԱՅՄԱՆ ՄԱՐԻԱՄԻ ԱՆԱՐԱՏ ՍՐՏԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ (1936-2013-). « ԱՂՈԹՔ ԸՆԾԱՅՄԱՆ ՄԱՐԻԱՄԻ ԱՆԱՐԱՏ ՍՐՏԻՆ »

Ո՜վ Մարիամ, Մայր Աստծո՛ և Մայր մե՛ր, ցավի ու վշտահարության այս պահին դիմում ենք քեզ: Դու Մայր ես, սիրում և ճանաչում ես մեզ. ոչինչ անհայտ չէ Քեզ այն բաներից, որ թանկարժեք են մեր սրտին: Մա՜յր ողորմության, բազմաթիվ անգամներ փորձառությունն ենք ունեցել քո նախախնամ քնքշանքի, քո ներկայության, որ վերադարձնում է խաղաղությունը, որովհետև դու միշտ առաջնորդում ես մեզ Հիսուսի՝ խաղաղության Իշխանի մոտ։
 
Բայց մենք շեղվել ենք խաղաղության ճանապարհից։ Մոռացել ենք անցյալ դարի ողբերգությունների դասը, համաշխարհային պատերազմների ընթացքում միլիոնավոր ընկածների զոհաբերումը։ Չկատարեցինք պարտավորությունները, որ ստանձնել էինք որպես Ազգերի Միացյալ Համայնք, և արդ դավաճանում ենք ժողովուրդների խաղաղության երազանքներին և երիտասարդների հույսերին: Հիվանդացանք ագահությամբ, փակվեցինք ազգայնամոլական շահերի մեջ, կամովին ցամաքեցինք անտարբերությամբ ու անդամալույծ դարձանք եսասիրությամբ։ Նախընտրեցինք անտեսել Աստծուն, կենակցել մեր կեղծիքների հետ, սնուցել հարձակողականությունը, խլել կյանքեր և կուտակել զենքեր՝ մոռանալով, որ պահապաններն ենք մեր մերձավորի և բոլորիս համընդհանուր տան։ Պատերազմով հոշոտեցինք Երկրի դրախտը, մեղքով վիրավորեցինք մեր Հոր սիրտը, Ով կամենում է տեսնել մեզ իբրև եղբայրներ և քույրեր։ Դարձանք անտարբեր բոլորի ու ամեն ինչի նկատմամբ, մեզնից բացի: Եվ ամոթով ասում ենք. «Ների՜ր մեզ, ո՜վ Տեր»։
 
Մեղքի թշվառության մեջ, մեր հոգնությունների և դյուրաբեկությունների մեջ, չարիքի ու պատերազմի ամբարշտության խորհրդի մեջ, դո՜ւ, ո՜վ Մայր Սուրբ, մեզ հիշեցնում ես, որ Աստված մեզ չի լքում, այլ՝ շարունակում է նայել մեզ սիրով, մեզ ներելու և վերստին ոտքի կանգնեցնելու ցանկությամբ լի։ Նա Ինքն է, որ քեզ պարգևել է մեզ և քո Անարատ Սրտի մեջ մի ապաստարան է պատրաստել Եկեղեցու և մարդկության համար։ Աստվածային բարությամբ՝ դու մեր հետ ես, և պատմության ամենաանձուկ շրջադարձների մեջ անգամ դու մեզ առաջնորդում ես քնքշանքով։
 
Քեզ ենք դիմում, ուստի, բախում ենք քո Սրտի դուռը, մենք՝ քո թանկագին զավակները, որոնց որևէ ժամանակ չես հոգնում այցելել և դարձի գալու հրավիրել: Այս խավար պահին ե՜կ օգնելու մեզ և մխիթարելու։ Մեզնից յուրաքանչյուրին կրկնիր. «Մի՞թե ես այստեղ չեմ. ես, որ քո Մայրն եմ»։ Դու գիտես ինչպե՛ս արձակել մեր սրտի և մեր ժամանակվա խճճված հանգույցները։ Քո վրա ենք հաստատում մեր վստահությունը: Անտարակույս ենք, որ դու, հատկապես փորձության պահին, չես արհամարհում մեր աղաչանքները և շտապում ես մեզ օգնության։
 
Այդպես արեցիր Գալիլեայի Կանայում, երբ արագացրեցիր Հիսուսի միջամտության ժամը և Նրա առաջին նշանը ներածեցիր աշխարհի մեջ։ Երբ տոնախմբությունը փոխվել էր տխրության, Նրան ասացիր. «Գինի չունեն» (Հվհ 2, 3)։ Դարձյալ կրկնի՜ր այս խոսքը Աստծուն, ո՜վ Մայր, որովհետև այսօր սպառել ենք հույսի գինին, անհետ կորել է ուրախությունը, նոսրացել է եղբայրությունը։ Կորցրել ենք մարդկայնությունը, վատնել ենք խաղաղությունը։ Ընդունակ ենք դարձել ամեն տեսակ բռնության ու կործանումի։ Անհապաղ կարիքն ունենք քո մայրական միջամտության:
 
Ընդունի՜ր, ուրեմն, ո՜վ Մայր, մեր այս աղերսանքը։
Դո՜ւ, Աստղ Ծովի, մի՛ թող, որ նավաբեկվենք պատերազմի փոթորիկի մեջ։
Դո՜ւ, Տապանակ Նոր Ուխտի, ներշնչի՜ր վերստին հաշտության ծրագրեր ու ճանապարհներ։
Դո՜ւ, «Երկնքի երկիր», Աստծո համերաշխությունը վերադարձրո՜ւ աշխարհի մեջ։
Հանգցրո՜ւ ատելությունը, ողոքի՜ր վրեժխնդրությունը, սովորեցրո՜ւ մեզ ներումը։
Ազատի՜ր մեզ պատերազմից, պահպանի՜ր աշխարհը միջուկային զենքի սպառնալիքից։
Թագուհի՜ Վարդարանի, մեր մեջ վերարթնացրո՜ւ աղոթելու և սիրելու կարիքը։
Մարդկային ընտանիքի Թագուհի՜, ժողովուրդներին ցո՜ւյց տուր եղբայրության ճանապարհը։
Թագուհի՜ Խաղաղության, աշխարհի համար ստացի՜ր Աստծուց խաղաղության պարգևը:
 
Քո լացը, ո՜վ Մայր, թող որ շարժի մեր քարացած սրտերը։ Արցունքները, որ մեր համար թափեցիր, թող որ վերստին ծաղկեցնեն այս հովիտը, որն անապատ է դարձել մեր ատելության պատճառով: Եվ մինչ զենքերի աղմուկը չի լռում, թող որ քո աղոթքը տրամադրի մեզ խաղաղության։ Քո մայրական ձեռքերը թող որ շոյեն բոլոր նրանց, ովքեր տառապում ու փախչում են ռումբերի ծանրության տակ։ Քո մայրական գրկախառնությունը թող որ մխիթարի բոլոր նրանց, ովքեր հարկադրված են թողնելու իրենց տներն ու իրենց Երկիրը։ Քո Վշտահար Սիրտը թող որ մեզ կարեկցանքի մղի և մեզ դրդի բացելու դռները և խնամելու վիրավոր ու մերժված մարդկությանը։
 
Սրբուհի Մայր Աստծո, մինչ կանգնած էիր Խաչի ստորոտին, Հիսուսը, տեսնելով քո մոտ կանգնած աշակերտին, քեզ ասաց. «Ահա՛ քո որդին» (Հվհ 19, 26). այդպես անելով՝ քեզ հանձնեց մեզնից յուրաքանչյուրին։ Ապա աշակերտին – մեզնից յուրաքանչյուրին – ասաց. «Ահա՛ քո Մայրը» (Հվհ 19, 27)։ Ո՜վ Մայր, մենք այժմ կամենում ենք ընդունել քեզ մեր կյանքի ու մեր պատմության մեջ։ Այս պահին մարդկությունը, հյուծված ու տակնուվրա եղած, գտնվում է Խաչի ստորոտին՝ քո հետ։ Եվ կարիքն ունի հանձնվելու քեզ, կարիքն ունի ընծայվելու Քրիստոսին՝ քո միջոցով։ Ուկրաինացի ժողովուրդը և Ռուս ժողովուրդը, որ մեծարում են քեզ սիրով, դիմում են քեզ, մինչ քո Սիրտն ուժգին բաբախում է նրանց համար և բոլոր ժողովուրդների համար, որ կոտորվում են պատերազմի, սովի, անարդարության ու հետին աղքատության սրով:
 
Մենք, հետևաբար, ո՜վ Մայր Աստծո՛ և մե՛ր, քո Անարատ Սրտին ենք հանդիսավոր կերպով հանձնում ու ընծայում ինքներս մեզ, Եկեղեցին և համայն մարդկությունը, հատկապես՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ընդունի՜ր մեր այս արարքը, որ կատարում ենք վստահությամբ և սիրով. այնպես արա՜, որ դադարի պատերազմը, աշխարհն ապահովի՜ր խաղաղությամբ։ Քո Սրտից բխած այոն պատմության դռները բացեց Խաղաղության Իշխանի առաջ: Վստահ ենք, որ տակավին, քո Սրտի միջոցով, խաղաղությունը կգա։ Ուստի, քեզ ենք նվիրաբերում մարդկային ողջ ընտանիքի ապագան, ժողովուրդների կարիքներն ու ակնկալիքները, աշխարհի տագնապներն ու հույսերը:
 
Քո միջոցով թող որ Երկրի վրա հեղվի Աստվածային Ողորմությունը և խաղաղության քաղցր բաբախյունը կրկին կենդանացնի մեր օրերը: Աստծո համագործակից Կին, որի վրա իջավ Սուրբ Հոգին, մեր միջև վերահաստատի՜ր Աստծո ներդաշնակությունը։ Ջո՜ւր տուր մեր սրտի պապակին, դու, որ «ցայտուն աղբյուրն ես հույսի»։ Դու հյուսեցիր Հիսուսի մարդկային բնությունը. դարձրո՜ւ մեզ հաղորդության վարպետներ։ Դու քայլեցիր մեր ճանապարհների վրա. առաջնորդի՜ր մեզ խաղաղության արահետների վրա:
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։