« ԱՄԵՆ ՈՔ, ՈՐ ԹՈՂԱԾ ԿԼԻՆԻ ՏՆԵՐ, ... ԿԱՄ ՀԱՅՐ, ԿԱՄ ՄԱՅՐ, ... ԻՄ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ, ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿԸ ԿՍՏԱՆԱ » (Մտթ 19, 29) – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆ ՈՔ, ՈՐ ԹՈՂԱԾ ԿԼԻՆԻ ՏՆԵՐ, ... ԿԱՄ ՀԱՅՐ, ԿԱՄ ՄԱՅՐ, ... ԻՄ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ, ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿԸ ԿՍՏԱՆԱ » (Մտթ 19, 29)

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). « Ղուկասի Ավետարանի մեկնություն », 7, 134.

 

«Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ՝ մի սուր։ Արդարև, եկել եմ բաժանելու որդուն հորից, դստերը՝ մորից, հարսին՝ կեսուրից ... »։ Ավետարանի գրեթե բոլոր տողերում հոգևոր իմաստը կարևոր դեր է խաղում, բայց հատկապես այս տողում հարկավոր է իմաստի հյուսվածքի մեջ փնտրել հոգևոր խորությունը, կանգ չառնելու համար մի պարզամիտ բացատրության կոպտության վրա։ [...]

Ինչպե՞ս է հնարավոր, որ Նա Ինքն ասի. «Ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս, ձեզ իմ խաղաղությունն եմ թողնում» (Հվհ 14, 27), եթե եկել է բաժանելու հորը որդիներից, որդիներին՝ հորից, խզելով նրանց կապը։ Ինչպե՞ս կարող է մարդ «անիծված» չկոչվել, եթե չի պատվում իր հորը (2Օր 27, 16), և լավ ու հավատարիմ, եթե լքում է նրան։

Եթե հասկանում ենք, որ կրոնը առաջին տեղում է գտնվում, իսկ որդիական սերը՝ երկրորդ, կհասկանանք, որ խնդիրը հստակվում է. արդարև, հարկավոր է մարդկայինը դնել աստվածայինից հետո։ Քանի որ, եթե որոշակի բաներ ենք պարտավոր ծնողներին, որքա՜ն ևս առավել՝ ծնողների Հորը, որին պետք է շնորհակալ լինենք մեր ծնողների համար։ [...] Չի ասում, հետևաբար, թե հարկավոր է հրաժարվել նրանցից, ում սիրում ենք, այլ՝ բոլորից ավելի նախընտրել Աստծուն։

Ի նկատի առնենք նաև, որ գրքերից մեկ ուրիշում գտնում ենք. «Ով իր հորը և իր մորը սիրում է ինձնից ավելի, արժանի չէ ինձ» (Մտթ 10, 37)։ Քեզ արգելված է ո՛չ թե սիրել ծնողներին, այլ՝ Աստծուց ավելի նախընտրել նրանց։ Քանի որ բնական հարաբերությունները Տիրոջ պարգևներն են, և ոչ ոք չպետք է ստացած պարգևներն ավելի սիրի, քան Աստծուն, Ով պահպանում է բարիքները, որ Ինքն իսկ պարգևում է։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։