« ԵԹԵ ՆՐԱՆՑ ՔԱՂՑԱԾ ՈՒՂԱՐԿԵՄ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՈՒԺԱՍՊԱՌ ԿԼԻՆԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ՆՐԱՆՑ ՔԱՂՑԱԾ ՈՒՂԱՐԿԵՄ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՈՒԺԱՍՊԱՌ ԿԼԻՆԵՆ »

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). « Ղուկասի Ավետարանի մեկնություն », VI, 73-88.

 

[...] Տե՜ր Հիսուս, լավ գիտեմ, որ չես ուզում քաղցած թողնել այս ժողովրդին, այլ՝ սնուցել նրանց այն կերակուրով, որ բաշխում ես. այդ կերպ, Քո տված կերակուրով կազդուրված, ապահով կլինեն, որ չեն մեռնի սոված։ Լավ գիտեմ, որ մեզ էլ չես ուզում ետ ուղարկել քաղցած։ [...]

Դու ես դա ասել. չես ուզում, որ նվաղեն ճանապարհին, այսինքն՝ որ մոլորվեն այս կյանքի ճանապարհին, նախքան նպատակակետին հասնելը, նախքան Հորը հասնելը և հասկանալը, որ Դու գալիս ես Հորից։ [...]

Տերն, ուրեմն, բարեգութ է, որպեսզի ոչ ոք չկորչի ճանապարհին։ [...] Ինչպես որ անձրևել է տալիս արդարների ու անարդարների վրա (Մտթ 5, 45), այդպես նաև կերակրում է արդարներին ու անարդարներին։

[Ստացած] կերակրի ուժի շնորհիվ չէ՞ միթե, որ սուրբ մարգարե Եղիան, երբ զգաց, որ նվաղում էր ճանապարհին, կարողացավ քառասուն օր քայլել (1Թգ 19, 8)։ Մի հրեշտակ էր, որ տվեց նրան այդ կերակուրը. ձեզ՝ Քրիստոսն Ինքն է, որ սնում է։ Եթե պահպանեք այսպես ստացված կերակուրը, կքայլեք ո՛չ թե քառասուն օր ու քառասուն գիշեր, [...] այլ՝ քառասուն տարի, Եգիպտոսի սահմաններից դուրս գալուց մինչև ժամանումը առատության երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում (Ել 3, 8)։ [...]

Քրիստոսը բաշխում է ուտելիքները և ուզում է, անկասկած, տալ դրանք բոլորին։ Չի մերժում ոչ ոքի, որովհետև նախախնամությամբ հոգում է բոլորին։ Եվ սակայն, երբ բեկում է հացը և այն տալիս է աշակերտներին, եթե [ձեր] ձեռքը չպարզեք՝ կերակուրը վերցնելու համար, ուժասպառ կլինեք ճանապարհին։ [...]

Հացը, որ Հիսուսը բեկում է, Աստծո խոսքի խորհուրդն է. երբ բաշխվում է, աճում է։ Սակավաթիվ խոսքերից միայն՝ Հիսուսը բոլոր ժողովուրդներին տվեց մի գերառատ սնունդ։ Տվեց մեզ Իր ճառերը որպես հացեր, և մինչ ճաշակում ենք դրանք՝ բազմապատկվում են մեր բերանի մեջ։ [...] Մինչ բազմություններն ուտում են, կտորները տակավին աճում են, բազմապատկվում, այնքա՜ն, որ վերջում մնացածը ևս է՛լ ավելի առատ է, քան բաժանված սակավաթիվ հացերը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։