« ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ, ՔՐԻՍՏՈՍԸ ՎՃԱՐԵՑ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ, ՔՐԻՍՏՈՍԸ ՎՃԱՐԵՑ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ »

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). « 48֊րդ սաղմոսի մեկնություն », 14-15 (CSEL 64, 368).

 

[...] Ո՞ր մարդը կարող է փրկագնվել իր սեփական արյամբ, մինչ Քրիստոսն Իր Արյունը հեղեց բոլորի փրկագինը վճարելու համար։ Կա՞ մեկը, որի արյունը կարող է համեմատվել Քրիստոսի Արյան հետ, [...] Ով – միա՛կը – Աստծո հետ հաշտեցրեց աշխարհն Իր Արյամբ։ Ի՞նչ ավելի մեծ զոհ, ի՞նչ ավելի վավեր զոհընծայում, ի՞նչ առավել ընտիր դատապաշտպան, քան Նա, Ով միջնորդ կանգնեց բոլորի մեղքերի [արձակման] համար և Իր կյանքն ընծայեց մեզ ի փրկություն։

Կարիք չկա, հետևաբար, հետամուտ լինել անձնական հատուցման ու փրկության, քանի որ բոլորի համար որպես փրկագին հեղված Արյունը Քրիստոսինն է։ Այդ Արյան շնորհիվ է, որ Տեր Հիսուսը փրկագնեց մեզ, Նա, որ Միակն է, որ հաշտեցրեց մեզ Հոր հետ և չարչարվեց մինչև ծայր աստիճան, Իր վրա վերցնելով մեր տառապանքը։ Սրա համար է ասում. «Իմ մոտ եկեք դուք բոլորդ, որ հոգնած եք և ուժասպառ, և ես կկազդուրեմ ձեզ» (Մտթ 11, 28)։ [...]

Մարդն, հետևաբար, ոչինչ չի տալու՝ սեփական փրկության փոխարեն հատուցելու համար, որովհետև մեկընդմիշտ մաքրվել է մեղքից Քրիստոսի Արյան միջոցով։ Այդուհանդերձ, սակայն, ազատ արձակված չէ ջանք գործադրելուց՝ պահելու համար կյանքի հրահանգները և չշեղվելու համար Տիրոջ պատվիրաններից։ Քանի դեռ ապրում է, լինելու է ջանքի ու հանձնառության մեջ, և դրանց մեջ հարատևելու է՝ ապրելու համար հավետ, մահվան վախն ունենալով, մահից արդեն փրկագնված լինելով հանդերձ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։