« ՍԵՐԱՓԹԱՑԻ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՀԱՎԱՏՔԸ, ՈՐ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՍՏԾՈՒՑ ՈՒՂԱՐԿՎԱԾԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԵՐԱՓԹԱՑԻ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՀԱՎԱՏՔԸ, ՈՐ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՍՏԾՈՒՑ ՈՒՂԱՐԿՎԱԾԻՆ »

Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). « Այրիների մասին » (PL 16, 247-276).

 

[...] Ինչո՞ւ Եղիան ուղարկվեց մի այրի կնոջ մոտ, այն ժամանակ, երբ երաշտն ու սովը տիրում էին ողջ աշխարհի վրա։ Մի հատուկ շնորհ է կապված երկու կանանց. մի կույսի մոտ՝ մի հրեշտակ, մի այրի կնոջ մոտ՝ մի մարգարե։ Այնտեղ՝ Գաբրիելը, այստեղ՝ Եղիան։ Ամենակարևորներն են հրեշտակների ու մարգարեների միջից։ Բայց այրիությունն ինքնըստինքյան արժանի չէ գովասանքի, եթե նրան առաքինություններ չեն ավելանում։ Պատմության մեջ քիչ չեն այրիները. և սակայն, նրանցից մեկը զատորոշվում է մյուս բոլորի մեջ և նրանց բոլորին քաջալերում է իր օրինակով։ [...]

Աստված յուրահատուկ կերպով զգայուն է հյուրընկալությանը. Ավետարանի մեջ հավիտենական հատուցումներ է խոստանում մի բաժակ ջրի փոխարեն (Մտթ 10, 42). այստեղ, մի քիչ ալյուրի ու մի չափ ձեթի համար՝ անսահմանափակ հեղումը Իր հարստությունների։ [...]

Ինչո՞ւ ենք ինքներս մեզ երկրի պտուղների տերը կարծում, մինչ երկիրը մի շարունակական պարգև է։ [...] Մենք մեզ ի շահ փոխում ենք համընդհանուր պատվիրանի իմաստը. «Ահա՛, ես ձեզ տալիս եմ ամեն պտղատու ծառ, որ սերմ է տալիս. թող ձեր կերակուրը լինի։ Բոլոր վայրի գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին ես որպես կերակուր տալիս եմ բոլոր կանաչ խոտերը» (Ծնդ 1, 29-30)։

Կուտակելու մեջ ա՛յլ բան չենք գտնում, եթե ո՛չ միայն՝ դատարկությունն ու կարիքը։ Ինչպե՞ս կարող ենք հուսալ խոստմանը, եթե չենք կատարում Աստծո կամքը։ Հնազանդվել հյուրընկալության պատվիրանին և պատվել մեր հյուրերին՝ նշանակում է ողջմտությամբ վարվել. մի՞թե մենք էլ հյուր չենք այստեղ՝ ներքևում։

Որքա՜ն հիացմունքի է արժանի այս այրի կինը։ Համատարած սովից ճնշված լինելով հանդերձ, շարունակում է պատվել Աստծուն։ Միայն իր համար չէր պահում իր պաշարները, քանի որ դրանք կիսում էր իր որդու հետ։ Քնքշանքի գեղեցիկ օրինակ է իր օրինակը, բայց է՛լ ավելի՝ հավատքի։ Վստահաբար, ոչ ոքի իր որդուց ավելի չէր նախընտրում. և սակայն, ահա՛ տեսնում ենք, որ մարգարեին դասում է իր սեփական կյանքից ավելի վեր։ Կարող եք տեսնել, որ ո՛չ միայն մի քիչ ուտելիք տվեց, այլ՝ իր բոլոր ունեցածները. ոչինչ չպահեց իր համար. իր հյուրընկալությունը հասցրեց իրեն ամբողջական նվիրման, և այսպես իր հավատքն իրեն հասցրեց ամբողջական վստահության։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։