« ԿԳԱՆ ՍԱԿԱՅՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՓԵՍԱՆ ԿՀԵՌԱՑՎԻ ՆՐԱՆՑԻՑ, ԵՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀՔ ԿՊԱՀԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԳԱՆ ՍԱԿԱՅՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՓԵՍԱՆ ԿՀԵՌԱՑՎԻ ՆՐԱՆՑԻՑ, ԵՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀՔ ԿՊԱՀԵՆ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 3, 1.16.

 

[...] «Ցնծացե՜ք, երկինքներ. ուրախացի՜ր, երկիր» (Ես 49, 13) նրանց համար(1), ովքեր զոպայով ցողված լինելու համար մերձենալով՝ մոտ են այս միստիկ բույսի միջոցով մաքրագործմանը, զորությամբ Նրա, Ում Իր չարչարանքների մեջ ըմպելիք տրվեց զոպայով՝ մի եղեգի միջոցով (հմմտ. Հվհ 19, 29)։ Թող որ ուրախանան երկնային զորությունները(2), և թող որ պատրաստ լինեն միստիկ Փեսայի հետ միությանը մոտիկ հոգիները, այն խոսքի համաձայն, որ գրված է. «Մի ձայն աղաղակում է անապատում. "Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը"» (Ես 40, 3)։ [...]

«Վստահ եղիր, Երուսաղեմ, Տերը կջնջի քո անօրենությունները» (Սփն 3, 14֊15)։ «Տերը կլվա ձեր գեշությունները [...] արդարության հոգիով [...]. ձեր վրա մաքուր ջուր կցողի և դուք կմաքրվեք ձեր բոլոր մեղքերից» (հմմտ. Եզկ 36, 25)։ Հրեշտակներն արդեն շուրջպար են բռնում(3) ձեր շուրջը և շուտով երգելու են. «Ո՞վ է սա, որ վեր է բարձրանում անբիծ, իր սիրելիին կռթնած» (հմմտ. Երգ 8, 5)։ Սա, արդարև, նախկինում ստրուկ եղած հոգին է, որն այժմ ազատ է – որդեգրության շնորհիվ – իրեն եղբայր անվանելու իր Տիրոջը, Ով ընդունելով իր անկեղծ նպատակն՝ ասում է. «Ահա՛, այժմ գեղեցիկ ես, շա՜տ գեղեցիկ ես։ Ատամներդ նույն հմայքն ունեն, ինչ նոր խուզված ոչխարների հոտերը» (Երգ 4, 1֊2)։ Այս խոսքերն է Նա բացականչում, ակնարկելով բարեխղճությամբ կատարված խոստովանության պտուղներին, և հավելում է. «Բոլորն էլ առաջ են գնում զույգ զույգ» (Երգ 4, 1-2), որովհետև մի կրկնակի շնորհ ունեն. ջրի և Հոգու, Հին ու Նոր Կտակարանների, որ ավետում են։

Տա՜ Աստված, որ բոլորդ, պահքը մինչև վերջ հասցնելով, կենդանի պահեք այս խոսքերի հիշատակը և դրանցից պտուղ քաղեք՝ վերածելով դրանք սուրբ գործերի, որպեսզի կարողանաք անհանդիմանելի վարքով ներկայանալ միստիկ Փեսային, և մեղքերի ներում ստանալ Հորից, որին, Որդու և Սուրբ Հոգու հետ, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

(1) Ի նկատի ունի Մկրտության պատրաստվող նորադարձներին։
(2) Այսինքն՝ հրեշտակները։
(3) Բառացի՝ պսակ են կազմում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։