« ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵԻ ՆՇԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵԻ ՆՇԱՆԸ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 14,16-21.

 

[...] Դուք պետք է ապացույց տաք մեզ առ այն, որ հնարավոր է երեք օրից ի վեր թաղված մարդու հարությունը։ Փնտրենք, ուրեմն, այսպիսի մի վկայություն։ Այն գտնում ենք Ավետարանում, ուր Տեր Հիսուսն Ինքը ասում է. «Ինչպես որ Հովնանը երեք օր և երեք գիշեր մնաց կետ ձկան փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր և երեք գիշեր կմնա երկրի սրտի մեջ» (Մտթ 12, 40; Հվն 2, 1)։

Փորձելով ներթափանցել Հովնանի պատմության տիպաբանության մեջ, քողի ներքո կարող ենք բազմաթիվ նմանաբանություններ գտնել, որոնք Հիսուսի կենդանի ճշմարտությանն են ակնարկում։

Հիսուսը, Հովնանի նման, ուղարկվեց դարձի գալ քարոզելու, բայց, մինչ Հովնանը անգիտանալով, թե ի՛նչ կարող էր իրեն պատահել, փախավ, Հիսուսն, ընդհակառակը, հոժարությամբ ու պատրաստակամությամբ լծվեց դարձի ու փրկության գործին։ Հովնանը նավի վրա քուն մտած՝ խռմփացնում էր, մինչ փոթորիկը մոլեգնում էր ծովի վրա. Հիսուսն էլ, Հովնանի նման, քուն մտավ, մինչ ծովի վրա սանձազերծվել էր փոթորիկը։ Աստված Ինքը կամեցավ սանձազերծել այն, որպեսզի ճանաչվեր զորությունը Նրա, Ով քնած էր։ [...]

Հովնանին ծովը նետեցին և կետ ձկան փորի մեջ հայտնվեց. Հիսուսը, մինչդեռ, կամովին ուզեց իջնել այնտեղ, ուր բնակվում էր մահվան հրեշը. այնտեղ ինքնակամ իջավ, որպեսզի մահը դուրս փսխեր մարդկանց, որոնց կուլ էր տվել։ Գրվածքն ասում է դա. «Նրանց խլելու եմ դժոխքի ձեռքից, նրանց ազատագրելու եմ մահից» (Ովս 13, 14)։ [...]

Կարծում եմ, որ Հովնանը վերապահվեց մահվանից, քանի որ «ամեն ինչ հնարավոր է Աստծուն» (Մտթ 19, 26)։ Եվ հավատում եմ նաև, որ Քրիստոսը հարություն առավ մեռելներից, ինչպես որ փաստում են Սուրբ Գրությունների բազմաթիվ վկայությունները և Հարուցյալի հզոր գործերը, որոնց ականատես ենք լինում նաև այսօր, սկսած դժոխքից Իր դուրս գալուց, այնտեղ իջած լինելուց հետո։ Իջավ, արդարև, մահվան թագավորություն, և այնտեղից վեր բարձրացավ ո՛չ այլևս մենակ, այ՝ սրբերի մի հոծ բազմությամբ, որոնց մարմիններն արթնացրեց մահվան քնից։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։