« ՉԱՄԱՉԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԻ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՉԱՄԱՉԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԻ ՀԱՄԱՐ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 4, 10.14.

 

[...] Նա մեր մեղքերի համար խաչվեց։ Իսկապե՛ս։ Եթե ուզում ես սա ժխտել, այս գերազանց վայրը կշփոթեցնի քեզ, այս երանավետ Գողգոթան, ուր ահա՛ արդարացիորեն հավաքվել ենք Նրա Անունով, Ով այստեղ խաչվել է։ Հավելենք նաև, որ բեկորների բաժանված խաչափայտով երկիրն ամբողջ այլևս լի է։

Արդ, Նա խաչվեց ո՛չ թե Իր անձնական հանցանքների համար, այլ՝ որպեսզի մենք ազատագրվեինք, մենք՝ մեր հանցանքներից։ Եվ այդ ժամանակ Նա արհամարհվեց մարդկանցից և, իբրև մարդ, ապտակներ ստացավ. բայց, իբրև Աստված, ճանաչվեց արարչության կողմից. և իրոք, արևն անպատված տեսնելով իր Տիրոջը, խավարեց, անկարող՝ հանդուրժելու այդ տեսարանը։ [...]

Չամաչենք Քրիստոսի խաչի համար. նույնիսկ եթե մեկն այն թաքցնում է, դու բացահայտ կերպով խաչակնքիր դեմքդ, որպեսզի դևերը սարսափահար հեռու փախչեն՝ ի տես այս Արքայական Նշանի։ Խաչի նշանն արա՛ ուտելու և խմելու պահին, երբ նստելու ես, երբ ոտքի ես կանգնելու, երբ խոսելու ես, քայլելու, մի խոսքով՝ որևէ գործ կատարելիս։ Որովհետև Նա, Ով խաչվել է, երկնային բարձունքներում է։

Եթե, արդարև, խաչելությունից ու թաղումից հետո Նա մնացած լիներ գերեզմանի մեջ, մենք ամաչելու պատճառ կունենայինք. բայց ընդհակառակը՝ մեր Գողգոթայի վրա խաչված լինելուց հետո, Արևելքի լեռան՝ Ձիթենյաց լեռան բարձունքից բարձրացավ մինչև Երկինք։ Դժոխք իջած և ապա մեր մոտ կրկին վեր բարձրացած, մեր մոտից նորից Երկինք բարձրացած, մինչ Հայրը փառավորում էր Նրան այս խոսքերով. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ կդնեմ թշնամիներիդ որպես պատվանդան ոտքերիդ ներքո» (Սղմ 110, 1)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։