« ՓԱԿԻՐ ԴՈՒՌԸ ԵՎ ԱՂՈԹԻՐ, ՈՐՊԵՍԶԻ ՆԵՐՎԵՆ ՔԵԶ ՔՈ ՄԵՂՔԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՓԱԿԻՐ ԴՈՒՌԸ ԵՎ ԱՂՈԹԻՐ, ՈՐՊԵՍԶԻ ՆԵՐՎԵՆ ՔԵԶ ՔՈ ՄԵՂՔԵՐԸ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 2, 15.20.

 

[...] Ուշադիր եղիր և խուսափիր դարձի վերաբերյալ ունայն անվստահությունից։ Կարո՞ղ ես իմանալ, թե որքա՛ն է դարձի կարողությունը։ Կարո՞ղ ես իմանալ փրկության զենքի զորությունը և ճանաչել, թե որքա՛ն է խոստովանության կարողությունը։ [...]

Եզեկիան իր դարձով ջնջել տվեց աստվածային արդեն կայացված որոշումը։ Հիվանդ էր։ Եսային նրան ասում է. «Հրահանգներ տուր տանդ վերաբերյալ, որովհետև մեռնելու ես և չես բուժվելու» (2Թգ 20, 1; Ես 38, 1)։ [...]

Եզեկիան չխուսափեց ապաշխարությունից։ Նա մտաբերեց Սուրբ Գրքի խոսքը. «Դարձի ու անդորրի մեջ է կայանում ձեր փրկությունը, վստահասիրտ ինքնահանձնման մեջ է ձեր ուժը» (Ես 30, 15). դեմքը պարսպի կողմը դարձրեց և իր անկողնու միջից իր միտքը դեպի երկինք մղեց (պատերի հաստությունն, արդարև, չի կասեցնում աղոթքները, որ բարձրանում են հրավառ սրտից). «Տե՜ր, – ասաց, – հիշի՜ր ինձ» (Ես 38, 3)։ Բավական է իսկապես, իմ բժշկվելու համար, որ Դու հիշես ինձ։ [...]

Եվ մարդը, որից մարգարեի դատավճիռը խլել էր վերապրելու որևէ հույս, ստանում է ևս տասնհինգ տարվա կյանքի հավելում, մինչ արևը, ի հաստատումն այդ բանի, ետ էր վերադառնում։

Այսպես, ուստի, արևը ետքայլ կատարեց Եզեկիայի համար, իսկ Քրիստոսի համար արևը խավարեց. ետքայլ չկատարեց, այլ՝ խավարեց, ցույց տալով տարբերությունը երկուսի՝ Եզեկիայի ու Քրիստոսի միջև։ Առաջինը կարողացավ ջնջել Աստծո դատավճիռը. ի՞նչ է, Հիսուսը չի՞ շնորհի մեղքերի ներումը։

Շրջվի՛ր և լացի՛ր ինքդ քո վրա, դուռը փակի՛ր ու աղոթի՛ր, որպեսզի մեղքերդ ներվեն, որպեսզի Աստված քեզնից հեռացնի հրաշեկ բոցերը. որովհետև խոստովանությունն ունի այդ նույն կրակը հանգցնելու զորությունը, ինչպես որ ուժն ունի հեզ դարձնելու առյուծներին։ [...]

Դուք նույնպես, ուրեմն, ողջ սրտով խոստովանեցեք Տիրոջը ձեր մեղքերը, ստանալու համար՝ մի կողմից անցյալ մեղքերի ներումը, ինչպես նաև՝ ստանալու համար երկնային պարգևը, և ի վերջո՝ բոլոր Սրբերի հետ ժառանգելու համար Երկնքի Արքայությունը Քրիստոս Հիսուսի մեջ, Ում է պատկանում փառքը հավիտյանս հավիտենից։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։